Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՆԳԻՍՏԸ՝ ՍՈՍԿ ԵՐԱԶՈՒՄ»

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Սահմանադրական դատարանի դատավոր Ռաֆայել Պապայանը՝ առանց փողկապի

– Ե՞րբ եւ ինչպե՞ս եք ծանոթացել Ձեր կնոջ հետ:

– Կնոջս՝ Արփինեի հետ ծանոթացել եմ 1967 թվականին։ Այդ ժամանակ ես Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտն արդեն ավարտել էի եւ այնտեղի ռուս գրականության ամբիոնում աշխատում էի որպես լաբորանտ: 25 տարեկան էի: Այդ տարիներին այնտեղ կազմակերպվում էր պոեզիայի թատրոն։ Բավականին բարդ բանաստեղծներ էին ընտրվել թատրոնի համար, իսկ դրանց մասնագետը ես էի ինստիտուտում, բեմադրությունների ժամանակ ես ներածական մի քանի խոսք էի ասում։ Տիկինս էլ այդ ժամանակ 17 տարեկան էր եւ ներգրավված էր պոեզիայի թատրոնում։ Հենց այդտեղ էլ հանդիպեցի իրեն, հեռվից հեռու նրան նայելով, ինքս ինձ ասացի, որ հենց նա է լինելու կինս։ Շատ թիթիզ-միթիզ աղջիկ էր։ Ծանոթացանք, մտերմացանք, չնայած մտերմանալը որն է, շատ դժվար էր նրա հետ մտերմանալը։ Քանի որ նա ռոմանտիկ էր, ես որոշեցի խաղս կառուցել դրա վրա: Ես ռուսերեն բանաստեղծություններ էի գրում (չնայած հայերեն էլ մի 2-3 հատ ունեի), այդ բանաստեղծություններից մի քանիսը նրա համար կարդացի։ Տեսա, որ ոգեւորվեց։ Մի խոսքով, հավնեցավ ու իմ խաղը ստացվեց: Մի 2 տարի հանդիպում էինք, բայց նա բավական դժվար անձնավորություն էր, ինձ անընդհատ իր հայրիկով եւ եղբորով էր վախեցնում։ Ասում էր, եթե հայրիկը մեզ իրար հետ տեսնի՝ պատառ-պատառ կանի ինձ։ Սակայն հաշտվեցինք հայրիկի եւ եղբոր հետ, 1970 թվականի \"\"հունվարին էլ ամուսնացանք: Ընդամենը մի քանի ամիս առաջ ես ընդունվել էի Դորպատի համալսարանի ասպիրանտուրա եւ դեկտեմբերին արդեն պետք է մեկնեի, սակայն մի քիչ հետաձգեցի մեկնելս, եւ ամուսնանալուց հետո տիկնոջս հետ մեկնեցինք։ Նա այնտեղ ընդունվեց բանասիրական ֆակուլտետ։ Ես այնտեղ պետք է անցկացնեի 3 տարի եւ այդքան էլ մնացի, սակայն կինս առաջին կուրսն ավարտելուց հետո եկավ Երեւան, քանի որ արդեն փոքրիկի ծնվելու խնդիրն էր առաջացել։ Երեխան ծնվեց այստեղ, նա հիմա բավական մեծ է եւ Հայաստանի ռոք-աստղերից մեկն է՝ Ջեֆ անունով, իսկական անուն-ազգանունն է՝ Վահագն Պապայան։ Դուստր էլ ունեմ, որը հիմա ղեկավարում է Սուրբ Գեղարդ վանքի երգչախումբը։ Նա խմբի ե՛ւ դիրիժորն է, ե՛ւ սոլիստը։ Աղջկաս ամուսինն էլ արվեստի գիտությունների թեկնածու, Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնի ղեկավար Մհեր Նավոյանն է։ Հիմա արդեն ունեմ 3 թոռնիկ: Տղայիս որդին՝ Գեւորգը, արդեն 4-րդ դասարանում է: Աղջիկս ունի մեկ որդի՝ Ավետիքը, որն այս տարի առաջին դասարան գնաց, եւ 6 ամսական աղջիկը՝ Լուսինեն։ Գիտե՞ք, չէ, այն անեկդոտը, որ ապարանցին ասում է, որ եթե ես իմանայի, որ թոռնիկ ունենալն այդքան լավ բան է, միանգամից թոռ կունենայի:

– Իսկ ինչպե՞ս պատահեց, որ Դ ուք գրականագետից դարձաք Սահմանադրական դատարանի դատավոր:

– Իմ ծառայողական կարիերան շատ հետաքրքիր է։ Ասեմ, որ ես կարիերա անելու համար երբեք մատս մատիս չեմ տվել։ Սկսեմ ամենասկզբից: Ի տարբերություն մյուս քաղբանտարկյալների, ես ավելի ուշ ազատ արձակվեցի՝ 1987 թվականին, բոլորն արդեն փետրվար-մարտ ամիսներին վերադարձել էին, իսկ ինձ մայիսին նոր արձակեցին։ Հինգ ու կես տարի եմ եղել քաղբանտարկյալ, քանի որ շատ երկար ժամանակ չէի ստորագրում նրանց պահանջած թուղթը։ Ի վերջո՝ ստորագրեցի իմ ձեռքով գրածի տակ, որտեղ գրել էի, որ ես, ինչպես նախկինում, այսուհետեւ էլ ապրելու եւ գործելու եմ համաձայն իմ խղճի եւ իմ ժողովրդի բարօրության համար։ Ինձ ձերբակալեցին այն պատճառով, որ ես հայկական Հելսինկյան խմբի ստեղծողներից էի եւ հիմնական գործող անձը։ Բացի այդ, ես այն մարդկանցից էի, որ Հայաստան էր բերում, այսպես կոչված, արգելված գրականությունը։ Բացի գրականությունից, բերում էի նաեւ «Ընթացիկ իրադարձությունների ժամանակագրություն» («ղՐՏվՌՍՈ ՑպՍցքՌւ րՏոօՑՌռ»), որտեղ տպագրվում էր, թե ինչ է կատարվում քաղաքական գաղութներում, ում են տարել հոգեբուժարան եւ այլն։ Մի խոսքով, ինձ երկու ընկերներիս հետ ձերբակալեցին՝ հակասովետական ագիտացիայի մեղադրանքով։ Դրա համար նախատեսվում էր 7 տարի ազատազրկում եւ 4 տարի աքսոր։ Իմ պատիժը մի քիչ մեղմ էր՝ 4 տարի ազատազրկում եւ 2 տարի աքսոր։ 4 տարի Մորդովիայի քաղաքական ճամբարում անցկացրի եւ կես տարի էլ՝ Ռոստովի շրջանի ամենահյուսիսային մասում՝ Միլեռովոյում։ Քանի որ արդեն գորբաչովյան «պերեստրոյկան» սկսվել էր, ինձ չտարան հեռուները, որ մեծ ծախսեր չանեն։ Այնտեղ ես մեկ ձմեռ եմ անցկացրել։ Վերադառնալուց հետո, բնականաբար, դարձա 88-ի շարժման մասնակից, սակայն ես երբեք չէի ցանկանում հարթակում երեւալ եւ աշխատում էի տան հեռախոսով, ի դեպ նշեմ, որ այդ մեթոդն ամենավտանգավորն էր։ Իմ ինֆորմացիան համարվում էր ամենահավաստին։ Ես շատ վտանգավոր առաքելություն էի վերցրել ինձ վրա. նոր վերադարձած քաղբանտարկյալ եւ միանգամից՝ շարժման ակտիվիստ։ Ես առաջինն էի, որ 1990 թ. Ժնեւում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովում խոսեցի ղարբաղյան հարցի մասին։ Երբ վերադարձա Ժնեւից, այստեղ պառլամենտական ընտրությունները սկսվել էին արդեն, ես «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության անդամ էի ու իմ թեկնածությունը դրվել էր: Չնայած ես իմ համաձայնությունը երկար ժամանակ չէի տալիս, սակայն ինձ ասացին, որ դա դավաճանություն է, եւ ես համաձայնեցի։ Եվ այսպես ընտրվեցի ու դարձա Գերագույն խորհրդի պատգամավոր եւ խորհրդարանում գլխավորում էի Մարդու իրավունքների հանձնաժողովը: 1995 թ. ընտրությունների ժամանակ էլ ընտրվեցի արդեն Ազգային ժողովի պատգամավոր։ Այդ ժամանակ էլ նշանակվեցի Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ։ 2-3 տարի այդ հանձնաժողովի նախագահ էի, եւ ինձ հրավիրեցին Սահմանադրական դատարանում աշխատելու։ Առաջարկն ընդունեցի, քանի որ, եթե ԱԺ-ում 65 հոգու պետք է համոզեի իմ տեսակետը, ՍԴ-ում 4-ի հետ պետք է գործ ունենայի: Ելնելով նրանից, որ որոշում կայացնելու համար հարկավոր է դատավորների գոնե կեսի համաձայնությունը, գործս հեշտանում էր: 1997 թվականի սեպտեմբերից եկա ՍԴ աշխատելու։

– Իսկ ի՞նչ եք սիրում անել, ո՞րն է Ձեր սիրելի զբաղմունքը:

– Երաժշտություն եմ սիրում: Ինքնուրույն սովորել եմ դաշնամուր նվագել: Դաշնամուրը մեր տանը հայտնվեց, երբ ես 9-րդ դասարանում էի։ Իսկ մինչ այդ՝ ես ինքնուրույն սովորել էի ե՛ւ նոտաները, ե՛ւ ստեղնաշարը։ Նկարում էի ստեղնաշարը, փայտի վրա լարեր էի անցկացնում եւ զբաղվում էի։ Երբ դաշնամուրը բերեցին, առաջին գործը, որ սովորեցի նվագել՝ Բեթհովենի «Լուսնի սոնատն» էր։ Նվագելս հասցրի բավական բարձր մակարդակի։ Իմիջիայլոց, Սահմանադրական դատարանն ունի իր օրհներգը, որը ես եմ գրել։ Դա մեկուկես րոպեանոց գործ է: Բացի այդ, զբաղվել եմ ռադիոտեխնիկայով։ Տանը շատ բաներ եմ հավաքել: Դե, գրականագիտությունն արդեն իմ հիմնական եւ սիրելի զբաղմունքն է: Խորացել եմ նաեւ աստվածաբանության մեջ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ եմ։ Իմ աշխատանքին դա շատ է օգնում: Մի շարք թարգմանություններ եմ անում: Մի խոսքով, արվեստը սիրող մարդ եմ։ Սիրում եմ թոռնիկներիս հետ զբաղվել: Շատ ուրախ եմ անցկացնում նրանց հետ ժամանակս, եթե, իհարկե, ես կպած չեմ լինում համակարգչին եւ գործ չեմ անում։

– Ձեր հանգիստը ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել:

– Ինչպես Ալեքսանդր Բլոկն էր ասում. «Հանգիստը՝ սոսկ երազում» («Покой нам только снится»), հենց այդպես էլ հանգստանում եմ։

– Իսկ մինչեւ ե՞րբ եք աշխատելու այդպես ծանրաբեռնված:

– Մեր ժամկետները մենք չենք որոշում, 70 տարեկանից գնալու եմ թոշակի, իսկ իմ սիրելի գործերով զբաղվելու եմ այնքան, ինչքան ուժերս կներեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել