Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՀԱՋՈՂ ԱՎԱՐՏՎԵՑ

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը:

Երեւանյան մրցաշարին մասնակցելու նախնական հայտ ներկայացրած 40 երկրներից մրցավայր ժամանել էին 38 ազգային հավաքականների 294 մարզիկներ (163 տղա եւ 131 աղջիկ): Անհայտ պատճառներով չէին եկել Լիտվան եւ Սլովակիան:

Չնայած Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում առաջնության մեկնարկից առաջ լրատվամիջոցներին, մասնավորապես՝ «Առավոտին», տեղեկացրել էին, թե մենք հանդես ենք գալու միայն տղաների մրցաշարում, սակայն տատամի մտան նաեւ մեր աղջիկները, որոնք, ճիշտ է, առանձնապես աչքի չընկան, սակայն նման մակարդակի մեկնարկը նրանց համար, անշուշտ, փորձի կուտակման լավ դպրոց հանդիսացավ:

Երեք օր տեւած պայքարի ընթացքում տատամի մտած հայաստանցի տղաներից Դավիթ Մկրտչյանը (55 կգ քաշային կարգ) եւ Տիգրան Վարոսյանը (60 կգ) արժանացան բրոնզե մեդալների, իսկ Արտյոմ Բաղդասարյանը նվաճեց մինչեւ 73 կգ քաշայինների չեմպիոնի կոչումը: Որքան հիշում ենք, Հայաստանի անկախացումից հետո մեր ձյուդոիստներն այս մակարդակի միեւնույն մրցաշարում այսպիսի արդյունք երբեք չէին ունեցել:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունն այլեւս անցյալ է: Սակայն հարկ է նշել, որ մարզաձեւի եվրոպական միության ղեկավարությունը եւ բոլոր ազգային ֆեդերացիաները լիովին բավարարված մնացին կազմակերպիչների կատարած նախապատրաստական եւ այդ օրերին կատարած աշխատանքից:

Եվրոպայի այս առաջնությունն, անկասկած, «նշանավորվեց» նրանով, որ Ադրբեջանի մարզական պատվիրակությունը, ի դեմս երիտասարդ ձյուդոիստների, առաջին անգամ ոտք դրեց Անկախ Հայաստան՝ հակառակ անցած 20 տարիներին Ադրբեջանի վարած հակահայկական քարոզչության: Ճիշտ է, առանձնապես դժվար չէր ենթադրել, որ նրանք առաջնորդվել էին ոչ այնքան օլիմպիական «Կարեւորը մասնակցելն է» գաղափարախոսությամբ, այլ հնարավորին չափ շատ մեդալներ նվաճելու նպատակով (դա սպորտում բնական ու միանգամայն ընդունելի մոտեցում է), եւ դրա համար էլ Երեւան բերել էին իրենց հինգ հոգուց բաղկացած ուժեղագույն կազմը: Անկեղծ ասենք, ադրբեջանցիներին դա հաջողվեց: Նրանք Երեւանից տուն վերադարձան մեկ ոսկե, մեկ արծաթե եւ երեք բրոնզե մեդալով: Բայց նաեւ չմոռանանք, որ սա ընդամենը 2007 թվականին մեր ըմբիշների արածի, երբ Բաքվում երկու անգամ բարձրացվեց Հայոց եռագույնը, բավականին ուշացումով կատարված պատասխան քայլ էր:

Եզի տակ հորթ են փնտրում

Ադրբեջանական լրատվամիջոցները սպորտը ծառայեցնում են քաղաքական նպատակների՝ միջոցների մեջ խտրականություն չդնելով: Օրինակ, արդեն երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել են, որ ի նշան 100 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչում նվաճած Էլմար Գասիմովի հաղթանակի, Ադրբեջանի օրհներգը կիսատ է հնչեցվել: Այդ կիսատ- պռատ ապատեղեկատվության հեղինակն ո՞վ է (հաստատ, դա նրանց պատվիրակության կազմում ընդգրկված լրագրողն է), կարեւոր չէ: Բայց հաստատ դա նրա սրտով է եղել: Ինֆորմատորը, պարզապես, դրա համար սիրտ ու ականջ չի ունեցել: Այլապես նկատած կլիներ, որ, ինչպես տարբեր երկրներում է լինում, Երեւանում էլ բոլոր օրհներգերը մինչեւ վերջ չեն կատարվել:

Այցելել են հարազատների շիրիմներին

Մեր տեղեկություններով, ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի մարզիչները Հայաստանում գտնվելու օրերին աչքից հեռու այցելել են խորհրդային տարիների՝ իրենց հարազատների շիրիմներին:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել