Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկնարկեց դասական երաժշտության փառատոնը

Սեպտեմբեր 15,2009 00:00

Այս անգամ էլ հայտնի երաժիշտների պակաս չի զգացվի

Սեպտեմբերի 11-ից եւ մեկ ամիս շարունակ Երեւանում դասական երաժշտության տոն է լինելու: Մեկնարկել է դասական երաժշտության միջազգային 3-րդ փառատոնը: Նախօրեին փառատոնի մեկնարկին հնչեցին Տ. Մանսուրյանի ստեղծագործությունները՝ «Պարտիտա» եւ «Կոնցերտ N 2»՝ 85 -ամյա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Փառատոնի բացման համերգը նվիրված էր նաեւ Տ. Մանսուրյանի 70- ամյակին: «Առավոտի» հետ զրույցում Տ. Մանսուրյանը, կարեւորելով փառատոնի նշանակությունը, ասաց. «Փառատոնը փառավոր է նրանով, որ իսկապես երաժշտական տոն է դարձնում մեր երաժշտական կյանքը, պետք է ասել, որ այն իրապես համաշխարհային անուններով հագեցած մի ժամանակահատված է մեր կյանքում, որ երաժշտական բարձրակետերից է եւ նորից ու նորից մեզ է վերադարձնում դասականի բարձր չափանիշներն ու արժեքները»:

Պարոն Մանսուրյանը, անդրադառնալով համերգին հնչած իր ստեղծագործություններին, ասաց, որ պատահաբար չի ընտրել, թե Ֆիլհարմոնիկ նվագախումբը իր հատկապես որ ստեղծագործությունները կկատարի: Առաջին ստեղծագործությունը՝ «Պարտիտան», Մանսուրյանը գրել է 26 տարեկանում՝ իբրեւ ավարտական աշխատանք, մյուսն էլ՝ «Կոնցերտ N 2»-ը, անցած տարի Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի առաջարկությամբ. «Այս կերպ ես ցանկացա, որ իմ նոր գործը իր թիկունքում ունենա իմ անցյալ հեռավոր տարիների երիտասարդական ոգին, որ այնտեղից գամ դեպի նոր կոնցերտը»: Կոմպոզիտորը վստահեցրեց, որ այդ ստեղծագործությունում հայի կարոտն է՝ կորցրած հայրենիքի նկատմամբ: Ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ «Առավոտին» հայտնեց, որ ամենամյա փառատոնի մասնակիցները առաջատար երկրների առաջատար երաժիշտներն են: Այս տարվա փառատոնը դիրիժորի համար առանձնահատուկ էր հատկապես երկու հանգամանքով. նախ, որ բացման համերգը նվիրված էր Տ. Մանսուրյանի 70-ամյակին, մյուսն էլ պայմանավորված էր Ջուզեպե Ջակոմինիի՝ Հայաստան այցելելու հանգամանքով, ինչը, պարոն Թոփչյանի բնորոշմամբ, ֆանտաստիկ իրադարձություն է: «Ես կարծում եմ, որ այս տարի առանց կոմպրոմիսների, բոլոր արտիստները շատ բացառիկ են. նախորդ տարիներին մեկ կամ երկու մարդ ունենում էինք՝ բացը լրացնելու համար, այս տարի իրոք փառահեղ երաժիշտներ են ժամանել եւ ժամանելու»,- նշեց մեր զրուցակիցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել