Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎՐԱՑԻՆԵՐԻ «ԱՄԱՌԱՅԻՆ ԳԻՇԵՐՎԱ ԵՐԱԶԸ»

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Կոտե Մարջանաշվիլիի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ Երեւանում

Կիրակի օրը Հ. Պարոնյանի անվան թատրոնում Թբիլիսիի Կոտե Մարջանաշվիլիի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրեց «Ամառային գիշերվա երազը» բեմադրությունը՝ ըստ Շեքսպիրի: Ռեժիսորը Լեւան Ցուլաձեն էր: Ներկայացումը վրացերեն էր, սակայն դերասանների խաղն ու շարժուձեւը այնքան արտահայտիչ էր ու խոսուն, որ լեզվին չտիրապետող հանդիսատեսը ծիծաղի պոռթկումներ էր ունենում, չնայած դահլիճում կային մարդիկ, այդ թվում արվեստի ոլորտի, որոնց աչքը «կպել» էր: Հատուկենտ «վրացագետներն» էլ կողքիններին թարգմանում էին զվարճալի արտահայտությունները: Երկրորդ գործողության ժամանակ դահլիճը կիսադատարկ էր, բայց դերասանները նույն եռանդով էին խաղում:

\"\"«Ամառային գիշերվա երազը» նուրբ ներկայացում էր, աչքի համար գեղեցիկ, ինքնատիպ էին բոլոր հերոսները: Մասնագետների կարծիքով, Մարջանաշվիլիի անվան պետական դրամատիկական թատրոնը շեքսպիրյան պիեսին հաղորդել է եվրոպական ոճ եւ նուրբ ելեւէջներ:

Ինչ վերաբերում է ռեժիսոր Լ. Ցուլաձեին, նա թատրոնի ոլորտում մեծ փորձ ունի. աշխատել է Ռուսթավելու անվան պետական դրամատիկական, Ախալցխայի, Ռուսթավիի պետական եւ այլ թատրոններում: 2005-ին ռեժիսորը պարգեւատրվել է նախագահի շքանշանով, 2003-ին «Ֆաուստի» համար ստացել է Սանդրո Ախմետելիի անվան ազգային մրցանակ, 2005-ին «Խանումա» ներկայացման համար՝ Վրաստանի թատերական գործիչների միության մրցանակ, իսկ 2007-ին Կ. Մարջանաշվիլիի մրցանակ՝ լավագույն բեմադրության համար:

Կ. Մարջանաշվիլիի անվան թատրոնում բեմադրվել է շուրջ 400 ներկայացում, դրանց մեծամասնությունը, մասնագետների գնահատմամբ, առանձնանում է վառ արտահայտչականությամբ եւ բեմադրական պրոֆեսիոնալիզմով:

Երեւանում խաղացված ներկայացման մասին վրացիներն ասում են, թե գործողությունները կատարվում են մեր օրերում՝ փոքրիկ քաղաքում, չի բացառվում՝ վրացական: Մարդիկ սովորականի պես սիրահարվում են, ամուսնանում, աշխատում, դերասանները ներկայացումներում են խաղում, այնուհետեւ հայտնվում են աստվածներն ու փորձում օգնել «մարդուկներին», բայց այդ օգնությունը ոչ միշտ է դրական արդյունքի բերում… Չնայած խառնաշփոթին, որն ակամա առաջացրել էին աստվածները, ինչպես ամեն հեքիաթ, այս պատմությունն էլ դրական ավարտ է ունենում. համընդհանուր ուրախություն եւ անգամ՝ հարսանիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել