Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կարող է ԵԽԽՎ-ում զրկվել ձայնի իրավունքից

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը, քննարկվելու է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը՝ կապված այդ երկրի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի խնդիրների վերաբերյալ ԵԽԽՎ պահանջները չկատարելու հետ: Երեկ այս մասին տեղեկացրել է «Newsru»-ն:

Հիշեցնենք, որ անցած կիրակի օրը ԵԽ անդամ երկրների 72 պատգամավորներ առաջարկել են ԽՎ օրակարգ մտցնել «Ռուսաստանի պատվիրակության հաստատված լիազորությունները էական հիմնավորումների հիման վրա վերանայելու» հարցը: Այդ փաստաթղթում նշվում է, որ «Ռուսաստանը ոչ միայն չի կատարել ԵԽԽՎ թիվ 1633 եւ 1647 բանաձեւերի առանցքային պահանջները, այլեւ քայլեր է ձեռնարկել այդ պահանջների կատարումը հեռացնելու համար»: Փաստաթղթում նշված է նաեւ, որ «Ռուսաստանը ոչ միայն հրաժարվել է ետ կանչել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելու իր որոշումը, այլեւ փաստացի այդ ռեժիմների հետ հաստատել է ռազմական, իրավական եւ դիվանագիտական հարաբերություններ: Ռուսաստանը շարունակում է կոպտորեն խախտել Եվրոպական Միության միջնորդությամբ հաստատված հրադադարի համաձայնությունը, քանի որ իր զորքերը դուրս չի բերել այն դիրքերից, որտեղ գտնվում էր մինչեւ Հարավային Օսեթիայի պատերազմը»:

Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ այդ փաստաթղթի տակ ստորագրած 72 պատգամավորների թվում Վրաստանի ներկայացուցիչներ չկան: Փոխարենը այն ստորագրել են Լեհաստանը, մերձբալթյան պետությունները, Դանիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, նաեւ Ուկրաինան եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել