Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպասվածը եւ անսպասելին

Սեպտեմբեր 15,2009 00:00

Պարզվում է՝ հայկական արտադրության գրենական պիտույքները կարող են այնքան ուշանալ, որ դառնան երկար սպասված անակնկալ:

Աշակերտական տարիներին իմ եւ շատ ուրիշ աշակերտների ցանկությունն էր՝ օտարազգի համաշխարհային աստղերի եւ օտար մշակութային ժառանգությունը պատկերող տետրերի փոխարեն տեսնել հայկական արտադրության, համաշխարհային մեծության մեր գիտնականների ու մարզիկների, մեր մշակույթի հանրաճանաչ գործիչների լուսանկարներով տետրեր:

Ամռան վերջին դպրոցահասակ եղբորս համար գրենական պիտույքներ գնելիս ուրախությամբ տեսա, որ շուկան ողողված է հայկական արտադրության տետրերով ու օրագրերով: Եղբորս համար գնեցի միայն հայկական արտադրության տետրեր, օրագիր, որոնց վրա Մհեր Մկրտչյանի, Արմեն Ջիգարխանյանի, Սոս Սարգսյանի, Երվանդ Մանարյանի լուսանկարներն էին, օրագրի վրա՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Ուրախ էի, որ գոնե եղբայրս ստիպված չի լինի հիանալ օտարների մշակութային ժառանգությամբ եւ օտար աստղերով՝ մերոնց մասին լսելով միայն մի քանի տարին մեկ կազմակերպվող հոբելյանների ժամանակ: Սակայն ուրախությունս կատարյալ չեղավ: Պարզվեց՝ տարիների սպասման գնով մեզ տրված հայկականը, ցավոք, զերծ չէ թերություններից: Մատաղ սերնդի հայեցի դաստիարակության միտում ունեցող այս գովելի նախաձեռնությունը կարող է նաեւ խոչընդոտել մեր մանուկների հայեցի դաստիարակությանը, եթե դրանցում տեղ գտած վրիպակ-թերությունները ժամանակին չշտկվեն: Դերասանների կենսագրության մեջ հանդիպում են ոչ միօրինակ գրության բազում դեպքեր, նույնիսկ ուղղագրական սխալի տպավորություն թողնող վրիպակ կա: Իհարկե, ոգեւորությունն այնքան մեծ է, որ թվում է թերությունների մասին խոսելը պատեհ չէ: Բայց հենց սկզբից ասենք, որ մեր նպատակը չէ փոխել դրական տպավորությունը: Նախ խոսենք շարադրվածի ոճի մասին: Մհեր Մկրտչյանի կենսագրության մեջ հանդիպում է այսպիսի մի նախադասություն. «1959թ-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար»: Հայկական շոու բիզնեսում ազգանունից «հրաժարվելու» տխուր սովորություն է ձեւավորվում՝ Արամո, Հայկո, Շպռոտ, Արամե… Չէի ուզի մտածել, որ Մհեր Մկրտչյանի դեպքում գործում է նույն սկզբունքը: Ուզում եմ հավատալ, որ պատահածն ընդամենը բացթողում է, եւ որ առաջին իսկ հնարավորության դեպքում կշտկվի: Մհեր Մկրտչյանին անունով դիմելու համարձակություն պիտի ունենան մտերիմ-բարեկամները, հուշագիրները, նրանց նման մի քանի մարդ, բայց ոչ երբեք՝ աշակերտը, որի համար նախատեսված են այդ տողերը:

Դառնանք ոչ միօրինակ կետադրությանը: «1953թ-ին նա տեղափոխվեց Սունդուկյանի անվան թատրոն»: Այս նախադասության մեջ, ինչպես տեսնում եք, «թ» տառից հետո կետը բացակայում է, որի առկայությունը բառի կրճատ գրության դեպքում պահանջում է կանոնը: Շարադրվածի մեջ էլի այդպիսի օրինակներ կան: Մինչդեռ վերջին նախադասության մեջ՝ «Մհեր Մկրտչյանը մահացել է 1994թ.-ին», կետը առկա է: Գրելաձեւի երկվությունը մտահոգիչ է: Առաջին դասարանում, երբ երեխան չունի լեզվաճանաչողության եւ լեզվաիմացության բավարար մակարդակ, հեշտությամբ կշփոթվի:

Մնում է հուսալ, որ այդ տետրերը նոր տպաքանակով շուկա բաց թողնելուց առաջ արտադրողները հաշվի կառնեն հնչեցված մտահոգությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել