Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ դժվար է գանձվում հողի հարկը

Սեպտեմբեր 15,2009 00:00

Էլցանցի աշխատողները անբարեխի՞ղճ հարկատուներ են

\"\"Մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 7-ին Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվում էր համայնքների սեփական եկամուտների հավաքագրման վիճակը: Հողի հարկի հավաքման ցածր ցուցանիշ ունեցող Սեւքար համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը նման դրությունը բացատրեց այն հանգամանքով, որ կան մարդիկ, որ ունենալով կայուն աշխատավարձ՝ տարիներ շարունակ չեն վճարում իրենց մշակած հողի դիմաց եւ դրանով համագյուղացիներին վատ օրինակ են ծառայում: Գյուղապետի խոսքերով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեւքարեցի 4 աշխատողները միասին 700 հազար դրամ հողի պարտք ունեն համայնքին: Մարզպետ Արմեն Ղուլարյանը նիստում խոստացավ զբաղվել այդ հարցով եւ զրուցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տավուշի մասնաճյուղի տնօրեն Ալբերտ Ղալթախչյանի հետ: Գյուղապետ Մարգարյանն էլ խոստացավ բարելավել հողի հարկի գանձման ցուցանիշը, եթե մարզպետի միջնորդությամբ գոնե ամենաշատ պարտք ունեցող Գեւորգ Հովսեփյանը սկսի վճարել:

Անցել է մեկ ամիս: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Տավուշի մասնաճյուղի տնօրեն Ալբերտ Ղալթախչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծանոթ է խնդրին, ու թեեւ իր պարտականությունների մեջ չի մտնում հողի հարկի գանձմանն օժանդակելը, սակայն ինքն օգնում է եւ համագործակցում Աչաջուր, Այգեհովիտ, Գետահովիտ գյուղերի ղեկավարության հետ: Բայց, օրինակ, սեւքարեցի Գեւորգ Հովսեփյանը, որը էլցանցի Սեւքարի տեղամասի պետն է, ներկայումս հողի հարկի 232 հազար դրամ պարտք ունի համայնքապետարանին: Ալբերտ Ղալթախչյանը հողի հարկ ունեցող էլեկտրիկներին հանդիմանում է եւ նկատում, որ ուրիշից փող հավաքող էլցանցի աշխատողը պարտավոր է սեփական ֆինանսական պարտավորությունը մարել:

Ճիշտ է, սեւքարեցի մյուս էլեկտրիկները սկսել են վճարել հողի հարկը եւ անցած ամսվա 700 հազարի փոխարեն նրանց պարտքը կազմում է մոտ 520 հազար, բայց գյուղի «գլխավոր» էլեկտրիկը այս ուղղությամբ ոչինչ չի արել:

ՀՀ սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն, «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ»: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Սեւքարի տեղամասի պետ Գեւորգ Հովսեփյանի համար ոչ Սահմանադրության պահանջն է հիմք, ոչ էլ իր եւ մարզի ղեկավարների հորդորները:

Այս տարվա գարնանը հաստատվեցին ՀՀ մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչները, որոնցից մեկը՝ սեփական եկամուտների հավաքագրումն է: Փաստորեն, քիչ հավանական է, որ Տավուշի մարզպետը այս հարցում «գերազանցիկ» լինի: Նրան չի օգնելու անգամ արդարացումը, թե իր «առաջադիմությանը» խոչընդոտում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հարյուրավոր աշխատողներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել