Լրահոս
Օրվա լրահոսը

Լավագույն համայնք-2009

Սեպտեմբեր 15,2009 00:00

1996 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանում առաջին անգամ 924 համայնքում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքապետի եւ ավագանու ընտրություններ: Այդ օրվանից, ամեն տարի նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օրը: Պետական տոնացույցում տոնը չկա:

Տեղական ինքնակառավարման օրը նշելը ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՀՀ համայնքների ասոցիացիայի նախաձեռնությունն է: Հայաստանում Տեղական ինքնակառավարման օր նշելու նախաձեռնողները հավաստիացնում են, որ այդ օրը նշելու մեր նախաձեռնությունը գրավել է եվրոպական կառույցներին եւ արդեն երկրորդ տարին է, ինչ Եվրամիությունն ու Եվրախորհուրդը հոկտեմբերի սկզբին, միասին, համաեվրոպական միջոցառումներով նշում են Տեղական ինքնակառավարման շաբաթը՝ դրան տալով «Տեղական ժողովրդավարության շաբաթ» անունը:

«Առավոտը» տեղեկացրել է, որ այս տարի Հայաստանում Տեղական ինքնակառավարման օրվա փոխարեն նոյեմբերի 1-10-ը նշվելու է Տեղական ինքնակառավարման տասնօրյակ: Ինչպես տեղեկացանք ՀՀ համայնքների ասոցիացիայից, այս տարի արդեն չորրորդ անգամ ոչ պետական տոնակատարության ծրագրում ներառված է «Լավագույն համայնք» մրցույթը: Նաեւ Հայաստանի այսօրվա եւ պատմական համայնքների զինանշանների ցուցահանդես, դպրոցականների «Իմ համայնքը» շարադրություն, տեղական ինքնակառավարման թեմաներով գիտական հոդվածների մրցույթ, տեղերում երիտասարդական կառավարման օրեր, լրագրողական աշխատանքների մրցույթ եւ այլն:

2006 թվականին լավագույն են ճանաչվել Նոր Նորքը, Գյումրին, Շիրակի մարզի Փանիկ գյուղը: 2007-ին՝ Ավանը, Արմավիրը եւ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղը, անցած տարի՝ կրկին Ավանը, Վանաձորը եւ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղը: Ի դեպ, բանակից «փսիխոպատ» ախտորոշմամբ ազատված, քրեական աղմկոտ պատմություններից անբաժան Վարդան Ղուկասյանը 2005-ին տեղական ժողովրդավարության զարգացման գործում նշանակալի ավանդի համար ոսկյա անվանական հուշամեդալ է ստացել: Իսկ դրանից հետո Վարդան Ղուկասյանը դարձավ Հանրապետական կուսակցության անդամ եւ սկսվեցին նրա եւ որդու՝ Սպարտակի մասնակցությամբ զինված, աղմկոտ քրեական պատմությունները, որոնցից Ղուկասյանները միշտ չոր են դուրս գալիս:

Ըստ «Լավագույն համայնք» մրցույթի կազմակերպիչների, ամեն տարի մրցույթին մասնակցում է մոտ 100 համայնք: Թեկնածություն կարող է առաջադրել ինչպես համայնքն ինքը, այնպես էլ՝ պետական եւ հասարակական կառույցները, պաշտոնյաները: Լավագույն համայնքի ընտրությունը կատարվում է ըստ վերջին մեկ տարում այդ համայնքում արձանագրված հաջողությունների՝ բոլոր բնագավառներում. բյուջետային ծախսերի արդյունավետություն, ենթակառուցվածքների զարգացում, մատուցվող ծառայությունների որակի աճ, տեղական ժողովրդավարության մակարդակի բարձրացում, արտաքին կապերի զարգացում եւ այլն: Օրինակ, 2008-ի «Լավագույն համայնք» Վանաձորը մրցույթի հայտում գրել է, որ նշված տարվա ընթացքում երեք աղբատար մեքենա է գնել, նորոգել 7 մանկապարտեզ, քաղաքապետարանը պետական բուհերում գերազանց սովորողներին ամեն ամիս 10 հազար դրամ նպաստ է տվել, 7,5 միլիոն դրամով կառուցել խաղահրապարակներ եւ այլն:

Լավագույն ճանաչված համայնքը ստանում է անվանական հուշամեդալ եւ պատվոգիր: Դրամական պարգեւ ստանում են տեղական ինքնակառավարման թեմաներով գիտական հոդվածների մրցույթի հաղթողները: Այդ դեպքում ո՞րն է «Լավագույն համայնք» մրցույթին մասնակցելու՝ համայնքի շահագրգռությունը: Ըստ կազմակերպիչների, մրցույթը առողջ մրցակցություն է եւ համայնքի գործունեությունը գնահատելու հարմար առիթ: Համայնքն էլ իր ձեռքբերումները ներկայացնելու հնարավորություն ունի: Մրցույթի կազմակերպիչները պնդում են, որ լավագույն ճանաչված համայնքում մրցույթի ավարտից հետո համայնքապետարանի աշխատակազմում երկար ժամանակ ոգեւորություն եւ տոնական տրամադրություն է տիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել