Վայոց ձորի մարզի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ մարզկենտրոն Եղեգնաձորում կազմակերպվել է «Ոչ՝ կոռուպցիային» թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցել են ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ պետական կառույցների ներկայացուցիչներ եւ խոսել մարզում առկա կոռուպցիոն խնդիրների մասին:
Հավաքի ժամանակ Վայոց ձորի մարզի դատախազ Հովհաննես Պալյանը հայտարարել է, որ մարզում տարածված է առանձին համայնքապետերի կողմից քաղաքացիներին սեփականաշնորհված հողատարածքների չափերի եւ անասնագլխաքանակի վերաբերյալ կեղծ տեղեկանքների տրամադրումը: Կամ մարզի համայնքապետերը շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով ու իրենց վերապահված լիազորությունների շրջանակում միջոցներ չեն ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու եւ կանխարգելելու ուղղությամբ:
Ըստ սեմինարի կազմակերպիչների, նման հավաքները նպաստում են հասարակության եւ իրավապահ մարմինների միջեւ համագործակցություն հաստատելուն, առկա խնդիրները վեր հանելուն եւ լուծումներ գտնելուն: Իսկ բնակչության իրազեկվածությունը բարձրացնելու համար կազմակերպվել է երթ՝ կոռուպցիայի դեմ պայքարին մասնակցելու կոչով:
Այսօր շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոններ կան Հայաստանի հինգ մարզերում՝ Վայոց ձոր, Կոտայք, Արարատ, Տավուշ, Արագածոտն: