Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՐԲԵՐԴԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Մանկատան «կասկածյալ» տնօրենը ոչինչ չունի թաքցնելու

\"\"
Տնօրենը պաշտպան չունի եւ համոզված է, որ քրգործը լուրջ չէ:

\"\"
Ամենայն հայոց կաթողիկոսի նվիրած ճաշի կաթսան:

\"\"
Երեխային վախենում են վիրահատել:

\"\"
Սայլակավոր երեխաները միայն զգում են:

«Առավոտում» տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Բադալյանը, քննարկելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում կատարված ստուգման արդյունքներով նախապատրաստված նյութերը, քրեական գործ է հարուցել մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի նկատմամբ: Քրեական գործի վարույթը ներկայումս գտնվում է ոստիկանության Մասիսի բաժանմունքում:

Դատախազությունը պաշտոնապես հայտարարեց, որ Խարբերդի մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «այլ անձնական շահագրգռվածությունից ելնելով», «պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին»: Նա իր եղբորը՝ մանկատան փոխտնօրեն Գարեգին Բալասանյանին 0,5 դրույքաչափով հրամանագրել է որպես վարորդ եւ 2005-2009թթ. ընթացքում ՊՈԱԿ-ի միջոցներից անհիմն հատկացրել է 1.592,7 հազար դրամ գումար վերջինիս ամրացված, ՊՈԱԿ-ի գործունեությամբ չպատճառաբանված, 88.984 կմ չհիմնավորված վազք կատարած «Գազել» 146 ՍԼ 27 պետհամարանիշի ավտոմեքենայի համար վառելիք ձեռք բերելու համար, իսկ իր ազգական, կենսաթոշակառու, ՊՈԱԿ-ի տնտեսվար Ռաֆիկ Հովհաննիսյանին հրամանագրել է նաեւ 0,5 դրույքաչափով մշտական հնոցապան եւ վերջինիս կողմից այդ աշխատանքն ընդհանրապես չկատարելու պայմաններում 2005-2009թթ. ընթացքում նրան վճարել է 598,0 հազար դրամ աշխատավարձ, որով էական՝ 2.190,7 հազար դրամի վնաս է պատճառել պետական կազմակերպությանը:

Քրեական գործ հարուցելու որոշման մասին հայտնվել էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

Ի՞նչ է ձեռնարկել սոցապը

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում մանկատների՝ մասնավոր, պետական, գիշերօթիկների, ժամանակավոր կացարան-օթեւանների հարցերը համակարգում է փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Վերջինս «Առավոտի» հետ հեռախոսային զրույցի ժամանակ տեղեկացնում է, որ նախարարությունում ստացվել է դատախազության որոշումը, սակայն որեւէ մեկը տույժ չի ստացել, որեւէ քայլ իրենք չեն ձեռնարկել, քանի որ նախաքննությունը շարունակվում է: Ինչ վերաբերում է մանկատան տնօրեն Հ. Բալասանյանին, փոխնախարարն ասում է. «Ես լավ կարծիք ունեմ նրա մասին: Նրա նկատմամբ քանի դեռ չկա դատարանի վճիռ, չեմ ուզում գործի հետ կապված մեկնաբանություններ անել»: Փոխնախարարը հիշեցնում է, որ գոյություն ունի անձի անմեղության կանխավարկած, ակնարկելով, որ ըստ էության խախտվել է գործող տնօրենի անմեղության կանխավարկածը:

«Առավոտի» ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկացմամբ

Այս տարվա դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամների օրը կլրանա Խարբերդի մանկատան հիմնադրման 59-ամյակը: Այս մանկատան մասին սկսեցին խոսել, երբ նախկին նախարար Աշոտ Եսայանի օրոք տնօրեն նշանակվեց Աստղիկ Մինասյանը: Վերջինս ներկայումս համակարգում է նախարարության սոցիալական հարցերի վարչության աշխատանքները:

Նրան փոխարինեց Սեդրակ Հովհաննիսյանը, որն իր քրոջ՝ Սուսաննայի հետ ստեղծել էր «ռեժիմային համակարգ»: Նրանց անվան սկզբնատառերով «ՍՍ»-ական էին անվանում: Ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, այս տնօրենի օրոք այրվեց 12 երեխա, հարուցվեց քրեական գործ:

Հաջորդ տնօրենը «Պեպսի Ստյոպն» էր՝ Ստեփան Թադեւոսյանը, որը Հարություն Քուշկյանի սանիկն էր: Այս տնօրենի «անունը» հայտնի դարձավ, երբ շրջանառության մեջ դրվեց երեխաների օրգանների վաճառքի հարցը: Տնօրենով սկսեց զբաղվել անգամ ԱԱԾ-ն: Նա դատապարտվեց ազատազրկման, չնայած մեկ տարի «նայում էր զոնը»՝ մանկատունը, եւ տնօրեն չէր նշանակվում: 2001թ.-ից նշանակվեց Հարություն Բալասանյանը:

Ըստ մեր աղբյուրների, նրա նկատմամբ քրեական գործ հարուցվելուց հետո էլ նա իր հարազատներին նշանակել է աշխատանքի: Մասնավորապես հորաքրոջ աղջկան՝ Գոհար Հովհաննիսյանին՝ դաստիարակ, քավոր Դավիթ Հարությունյանին՝ մթերքի պահեստապետ, հորաքրոջ տղայի կնոջը՝ Հայկանուշ Ավետիսյանին՝ ավագ խոհարար, որը միաժամանակ Մասիսի հիվանդանոցում մանկաբարձուհի է:

Մեր աղբյուրները տեղեկացնում էին, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի լույս 4-ի գիշերը տնօրենի եղբայրը «հարբած դեբոշներ» է սարքել մանկատանը, ինչին միջամտել են ոստիկանները: Մանկատան մատակարարը նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանի եղբայրն է՝ Հովիկ Վարդանյանը: Այս քրգործի շրջանակներում, նրա հետ կապված էլ շրջանառվում է այն, որ կարտոֆիլի 1կգ-ն վաճառել է մանկատանը 200 դրամով:

«Կասկածյալը» պատասխանում է «Առավոտի» ահազանգերին

– Մենք անցյալ տարվա նոյեմբերի 17-ին ՀՀ գլխավոր դատախազությանն ենք ներկայացրել փաստաթղթեր, պայմանագրեր: Անցկացվել են փորձաքննություններ, մասնավորապես՝ 2007- 2008-ին ձեռք բերած ապրանքների:

Ի դեպ, մանկատան մատակարարի համար մենք մրցույթ ենք հայտարարել, նախապես տալով հայտարարություններ: Կարտոֆիլի եւ այլ մթերքների գները համեմատվել են միջին շուկայական գների հետ, թեեւ ինձ ասում են, թե ես պետք է այն համեմատեի «նվազագույն շուկայական» գների հետ: Կրկնակի փորձաքննություն նշանակվեց այն դեպքում, երբ մենք ունեինք ֆինանսների նախարարության եւ Վերահսկիչ պալատի ակտերը:

Գլխավոր դատախազությունը մանկատուն ներկայացել է 12-13 ստուգողներով: Այս տարվա հուլիսին ինձ կանչել են սոցապնախարարություն, որտեղ էլ իմացել եմ քրեական գործ հարուցելու որոշման մասին (այդ որոշման պատճենը «Առավոտը» փոխանցեց տնօրենին, քանի որ վերջինս այն չուներ-Ռ. Մ.)»,- ասաց Հ. Բալասանյանը:

Որոշման 0,5 դրույքաչափերի հետ կապված տնօրենը հավելեց.«Սրսուռ» ճշմարտությունն» այն է, որ Գարեգինն իմ եղբայրն է: Նա ընդհանրապես չի խմում, մասնագիտությամբ իրավաբան է: Նա 0,25 դրույքաչափով է աշխատում, որպես վարորդ, ինչպես հնոցապան իմ համերկրացին՝ Ռ. Հովհաննիսյանը (նրա հայրն ու իմ հայրը Նախիջեւանից են), որի հետ ազգակցական կապ չունեմ: Եղբորս կցված մեքենան առանձին ժամային գոտիով է: Ձեզ եմ ներկայացնում մանկատան 2005-ից մինչ օրս «Ավտոմեքենաների վազքի մասին», մանկատան կողմից 2005-ից մինչ օրս տրամադրած լիազորագրերի, մանկատան տարբեր բուժհիմնարկներ ուղեգրված որդեգրված երեխաների մասին տեղեկանքները, որոնք ներկայացրել եմ ոստիկանությանը: Պետական հիմնարկներում մեկ ամսվա ընթացքում են լրացվում ավտոմեքենայի վազքն ու ծախսերը, մեզ ասում են՝ սխալ եք արել, պետք է ամեն օր լրացնել, քանի որ ուղերթը համարվում է սկզբնական հաշվապահական հաշվառման թերթ: Ինչ վերաբերում է Ռ. Հովհաննիսյանին, նա 52 տարեկան է, երեխա չունի, ապրում է մանկատան կողքին, մինչեւ 2007թ. նրան վճարել եմ 7500 դրամ, իսկ 2007-ի նոյեմբերից՝ 21 000 դրամ: Եթե համարեմ, որ 10000 դրամ իզուր եմ ավելի տվել հնոցապանին, ուրեմն ճիշտ չեմ աշխատել: Ընդհակառակը, ինչ էլ տալիս ենք, քիչ է: «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի 19 հոդվածով (ուժի մեջ է 2006թ. հունվարից) ասվում է. «Սահմանել տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ մշտական հսկողություն կամ նշանակել պատասխանատու անձ»: Ես մանկատան անվտանգության հարցն եմ լուծել: Դավիթ Հարությունյանը իմ բարեկամը չի, ինչպես նաեւ Հովհաննիսյան Ռաֆիկի քույրը՝ Գոհարը, որի մասին տեղեկացրել են ձեզ: Նա աշխատել է մանկատանը մինչ իմ տնօրեն նշանակվելը: Ժաննա Պողոսյանը մանկատան մանկաբույժն է որը Մասիսի հիվանդանոցում, ամիսը 2 անգամ հերթապահություն է անում: Նա Բաքվից փախստական է: Ավագ բուժքույր Քնարիկը եւ Հայկանուշ Ավետիսյանը նույնպես ամիսը 2 օր հերթապահում են հիվանդանոցում, ինչն օրենքով արգելված չէ:

«Առավոտի» հարցին, թե մանկատան «տանիքը» ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյա՞նն է, որի երեխաների բժիշկն է եղել պարոն Բալասանյանը, վերջինս տեղեկացրեց, որ Հ. Աբրահամյանին վերջին անգամ տեսել է 15 տարի առաջ:

Կողմերը պատասխանատու են այս երեխաների առաջ

Մանկատունը նաեւ հոգեբուժական, մանկաբուժական, վերականգնողական, սոցիալական հիմնարկ է: Երեկվա դրությամբ այստեղ պահվում է 277 երեխա:

16-ը կույր, խորը թույլ տեսնող երեխաներ են: 3 երեխայի ակնագնդերը բացակայում են: Մանկատան ամենափոքր երեխան 6,5 տարեկան է, մեծը՝ 26: 112-ը սայլակավոր են: Ցնցումային սինդրոմով տառապում են 74-ը: Պասիվ կերակրվողներ են 97-ը: Նրանք ոչ միայն չեն կարողանում ինքնուրույն կերակրվել, այլեւ ինքնուրույն լողանալ, հոգալ բնական կարիքները: Նրանցից յուրաքանչյուրին կցված է մեկ հիվանդապահ:

Մանկատանը շրջելիս նկատելի է, որ հաշմանդամ երեխաների գերակշիռ մեծամասնությունը արական սեռի է:

Կողմերը իրենց փաստարկներով ու հակափաստարկներով հաշվետու են նախ եւ առաջ այս երեխաներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել