Հուլիսի 30-ից մեկնարկած բազմաժանրությամբ առանձնացած «Բաց երաժշտություն» փառատոնը կավարտվի սեպտեմբերի 22-ին: Երեկ փառատոնի հանրային կապերի ղեկավար Ռիտա Շառոյանը «Ուրբաթ» ակումբում հայտնեց, որ փառատոնը եզրափակվելու է սեպտեմբերի 22-ին՝ եզրափակիչ մեծ համերգով: Նույն օրը փառատոնի շրջանակում հայ ունկնդրին «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում ներկայացան Լորեյն Քեյզերը, Ջեսիկա Քենին, Էյվենդ Քեյնը, Շիրզանա Իսմայլին եւ այլ երաժիշտներ: Վերջիններս նշեցին, որ իրենց համար մեծ պատիվ է մասնակցել «Բաց երաժշտություն» փառատոնին: Բացի համերգից, ներկայացվեցին վավերագրական կադրեր, որոնք պատմում են Հայաստանում նկարահանված «Այստեղ» ֆիլմի մասին: Ռեժիսորն է ամերիկյան «Բաքսհեդ» համույթի պրոդյուսեր Բրեյդն Քինգը: Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ից ժամանած, արբանյակային քարտեզագրությամբ զբաղվող ինժեների եւ հայ լուսանկարչուհու մասին: Որոշ ժամանակ արտասահմանում բնակվող հայ լուսանկարչուհին կրկին Հայաստան գալով՝ փորձում է հասկանալ իր եւ հայրենիքի միջեւ եղած կապը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի եւ ԼՂՀ-ի տարածքում, նկարահանող խումբը եղել է Երեւանում, Եղեգնաձորում, Կապանում, Գորիսում, Աշտարակում, Տաթեւի վանքում, Շուշիում, Գանձասարում, Դադիվանքում: