Արդեն 4 տարի մեր երկրում գործում է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդ օրենքի, խանութների վաճառողներն իրավունք չունեն 18 տարեկանից ցածր անչափահաս գնորդներին ծխախոտ վաճառել: Սակայն բոլորս էլ գիտենք, որ ոչ մի վաճառող, անգամ նիկոտինի մեծ քանակությամբ սիգարներ ցանկացող անչափասին չի մերժում եւ նրանից չի պահանջում տարիքի մասին հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Խնդիրն այն է, որ այս 4 տարիների ընթացքում մեր կառավարությունը չի կարողանում գտնել մի լիազոր մարմին, որը կտուգաներ օրենքը խախտող վաճառողներին:
Այս առնչությամբ, օրերս ծխախոտ արտադրող «Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ» ընկերության Հայաստանյան ներկայացուցչությունը «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում սեմինար էր կազմակերպել՝ ծխախոտ ներկրող «Վիդիս Դիստրիբյուշն» ընկերության ներկայացուցիչների եւ լրագրողների մասնակցությամբ, որի նպատակը ուշադրություն հրավիրելն էր անչափահասներին ծխելուց զերծ պահելու խնդրի վրա: «Վիդիս Դիստրիբյուշնը» այսօր Հայաստանում կազմակերպում է «Ֆիլիպ Մորիսի» սիգարետների վաճառքը: Ընկերությունը բոլոր վաճառակետերում ինֆորմացիոն թերթիկներ է բաժանել, որպեսզի վաճառողները ծխախոտ գնողներին տեղեկացնեն ծխելու վնասների մասին, որ ծխախոտը առաջացնում է թոքերի քաղցկեղ, էմֆիզեմա, սրտանոթային հիվանդություններ եւ որ անվնաս սիգարետ գոյություն չունի՝ անկախ նրանից, թե որքան է նրա մեջ խեժի եւ նիկոտինի պարունակությունը:
Թե ինչո՞ւ է ծխախոտ արտադրողը շահագրգռված, որ երեխաները չծխեն, մանավանդ որ այդ դեպքում կկորցնեն պոտենցիալ սպառողներին, ըստ ընկերության ներկայացուցիչների՝ «Մենք երեխաներին չենք շուկայավորում»: «Ֆիլիպ Մորիս Մ.Ս.Բ.Վ.» հայաստանյան ներկայացուցչության կորպորատիվ կապերի գործադիր Ահարոն Թադեւոսյանի խոսքերով՝ «Մենք չենք ուզում, որ մանրածախ առեւտրով զբաղվողները մեր ծխախոտային արտադրանքը վաճառեն երեխաներին, բայց, այնուամենայնիվ, նրանք վաճառում են: Մենք լիովին կողմ ենք չհնազանդվող առեւտրականների համար սահմանված տուգանքներին, որովհետեւ անչափահասներին մեզ ապագա սպառողներ չենք համարում»:
Ա. Թադեւոսյանը ներկայացրեց Ծխախոտի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը:
Ներկայումս կան երկրներ՝ Արգենտինան, Ինդոնեզիան, Հարավային Աֆրիկան, որտեղ չկան անչափահասներին ծխախոտի վաճառքի սահմանափակումներ: Ըստ «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցիչների, իրենց ընկերությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ երկրներում էլ պատժամիջոցներ կիրառեն՝ երեխաներին ծխախոտ վաճառողների նկատմամբ:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց դերերով խաղ: «Վիդիս Դիստրիբյուշնի» աշխատակիցներից ոմանք հանդես եկան վաճառողի դերում, իսկ նրանք, որոնք ծխախոտ առաքողներն էին, փորձում էին վաճառողին համոզել, որ նա խանութում փակցնի անչափահասին ծխախոտի վաճառքն արգելող ցուցանակ, ինչին վաճառակետերում դեմ էին: Աշխատակիցները վստահեցնում էին, որ անչափահասին ծխախոտ չվաճառելը օրենքի պահանջն է, եւ եթե նրանք վաճառեն, ապա՝ կտուգանվեն, իսկ հաջորդ անգամ նույնիսկ կզրկվեն ծխախոտ վաճառելու լիցենզիայից: