Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի ծնե» բառը հանել են

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Այս ամենի համար Ռիմա Միրզոյանը մեղադրում է իր շենքի լիազորին

«Ես 1967 թվականից ճանաչվել եմ ի ծնե հաշմանդամ եւ այն ժամանակ ստացել եմ 93 ռուբլի թոշակ: Երբ փողը փոխվեց, ես արդեն ստանում էի 29 դրամ թոշակ, բայց չէի դժգոհում, քանի որ տարիների ընթացքում կամաց-կամաց սկսեց ավելանալ այդ գումարը: Բացի այդ, «Կարմիր խաչից», որպես օգնություն, ծանրոցներ էի ստանում, որով էլ ապրում էի: Ծանրոցի մեջ շորեր էին լինում, ուտելիքներ: Սակայն այդ տարիներին մեր շենքի լիազոր Վանիկ Ակուլյանը ինչ-որ փոփոխություններ արեց իմ փաստաթղթերում եւ իմ հաշմանդամության գրքույկից չգիտեմ ինչ կերպ դուրս մնաց «ի ծնե» բառը եւ ես դարձա պարզապես հաշմանդամ: Հիմա ընդամենը 30 հազար դրամ թոշակ եմ ստանում, իսկ եթե «ի ծնե»-ն լիներ՝ 60 հազարից ավելի կստանայի եւ այդպես չքավոր չէի ապրի: Զրկվել եմ նաեւ «Կարմիր խաչի» ծանրոցներից: Հիմա անգամ հագուստ չունեմ, որ հագնեմ, իմ ջահել ժամանակվա շորերն եմ հագնում: Ծանրոցի միջի շորերը վաճառել եմ, որ ուտելիք գնեմ»,- պատմեց օրերս «Առավոտի» խմբագրություն այցելած Ռիմա Միրզոյանը: Նրան ավելի շատ անհանգստացնում էր այն, որ ծանրոց չի ստանում. «Իմ թոշակը հերիքում է միայն կոմունալ վարձերը վճարելուն, իսկ այդ ծանրոցներն իմ կյանքը բավականին թերեւացնում էին: Օգնող էլ չունեմ, որ ինձ տիրություն անի, միայնակ եմ: Տղա ունեմ, բայց հարսիս հետ թափառական կյանք են վարում, մի քանի տարի այստեղ վարձով ապրեցին, հետո մեկնեցին Ռուսաստան: Ինձ հետ չէին ապրում, քանի որ իմ բնակարանը շատ փոքր է, ընդամենը 18 քառակուսի մետր է: Տղաս ու հարսս իրենց գլուխը հազիվ են պահում, ինձ էլ չեն կարող օգնել: Ինչ անեմ, չգիտեմ: Երիտասարդ էլ չեմ, որ գոնե աշխատեմ: Այնքան եմ սոված մնացել, որ կաշիս ու ոսկորներս են մնացել, միսս մաշվել-գնացել է: Երիտասարդ ժամանակ լավ լիքն էի, կարելի է ասել, չաղ էի, բայց հիմա 40 կիլոգրամ հազիվ մնացած լինեմ»:

Փաստաթղթերում արված փոփոխությունների հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ Ռ. Միրզոյանի բնակության շենքի լիազորից, սակայն այն հեռախոսահամարը, որը նա թողել էր իբրեւ Վանիկ Ակուլյանի բնակարանի հեռախոսահամար, երեկ ամբողջ օրվա ընթացքում չէր պատասխանում: Այս խնդրի առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայության պարզաբանումները կներկայացնենք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել