Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱԶԻՆՈ ԵՆ ԳԱԼԻՍ ԻՆՏԵԼԻԳԵՆՏ, ՄՈՒՐԱՑԿԱՆ ՈՒ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ»

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Ասում է խաղատներից մեկի աշխատակիցը

Մեր զրուցակիցը մայրաքաղաքի մերձակայքում գտնվող խաղատներից մեկի աշխատակից է, որը գրեթե ամեն օր ականատես է լինում, թե ինչպես են խաղատան պատճառով տասնյակ ընտանիքներ կործանվում: Նրա պատմելով, խաղատներում խոշոր գումարներ տարված խաղամոլները վաճառում են իրենց ողջ ունեցվածքը՝ փողոցում թողնելով ծեր ծնողներին եւ մանկահասակ երեխաներին:

«Արդեն քանի տարի է՝ մի մարմնավաճառ կին է հաճախում մեզ մոտ՝ խաղալու: Նա մի շատ դաժան պատմության զոհ է: Տարիներ առաջ նա ամուսնացած է եղել մի մեծահարուստի տղայի հետ, որը կազինոյի մոլի խաղացողներից էր: Խոշոր պարտքերի պատճառով ամուսինը ունեցած-չունեցածը գրավ էր դրել, բանը հասել է նրան, որ գրավ դնելու այլեւս ոչինչ չունենալով՝ սկսել է նույնիսկ կնոջ վրա խաղալ: Այդ ժամանակ ամուսինները 5 տարեկան տղա են ունեցել: Մի օր էլ կնոջը «վաճառել» է միանգամից մի քանի տղամարդու, այդ տղամարդկանց բերել է տուն ու կնոջը ստիպել է, որ նրանց սպասարկի, եւ այդ ամենը տեղի է ունեցել փոքրիկի աչքի առաջ: Կնոջ վաստակած գումարները վերցրել է ու նորից գնացել խաղալու: Որոշ ժամանակ անց բժիշկները երեխայի մոտ մեծ քանակությամբ շաքար են հայտնաբերում, իսկ մեկ տարի հետո նրանց երեխան մահանում է: Մի օր էլ կնոջ ամուսինը տնից դուրս է գալիս ու անհայտ կորչում, մինչ օրս կինը չի կարողանում պարզել՝ նրան սպանե՞լ են, թե՝ երկրից մեկնել է: Կինն այսօր էլ շարունակում է մարմնավաճառությամբ զբաղվել, վաստակած գումարները հավաքում է ու ուղիղ՝ կազինո: Եվ այդպես քանի տարի է, ինչ աշխատում է՝ գալիս-թողնում խաղատանն ու հեռանում»,- մեզ հետ զրույցում պատմեց խաղատան աշխատակիցը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

Մեր զրուցակցի ներկայացմամբ, հաճախ է պատահում, որ խաղատանը կործանված քաղաքացիների հարազատները գալիս են իրենց օբյեկտի տիրոջը խնդրում-աղաչում, որ իրենց հարազատին ներս չթողնի եւ արգելի խաղալ, սակայն դա օբյեկտի տիրոջ գութը չի շարժում. «Մեզ մոտ այցելում են անգամ անչափահասները, որոնց մուտքն օրենքով արգելված է: 21 տարեկանից ցածր անձինք իրավունք չունեն կազինո մտնել, բայց քանի որ նրանց մեծահարուստ պապաներն այստեղ մեծ գումարներ են ծախսում, ուստի երեխաների խաթրին չեն կպնում եւ ներս են թողնում»:

Խաղատան աշխատակցի պատմելով, իրենք անգամ ինտելիգենտ խաղամոլ հաճախորդներ էլ ունեն. «Մեզ մոտ ամուսիններ են հաճախում, կինը երաժշտության ուսուցիչ է, ամուսինը՝ ֆիզիկոս: Հիմնական խաղացողը կինն է: Նա նյարդերի հետ կապված խնդիրներ ունի եւ լիցքաթափվում է միայն կազինոյում: Ամեն անգամ ամուսինը կնոջը բերում է ու նա մինչեւ լույս խաղում է: Նրանց զավակները Ամերիկայում են բնակվում, գումար են ուղարկում, որ ծնողները խաղան: Մեր հաճախորդներից մեկն էլ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ փող հավաքող մուրացկաններից է: Առավոտից իրիկուն փող է մուրում, երեկոյան վազում կազինո: Իմիջիայլոց, շատ հաջողակ խաղացող է, միշտ բախտը բերում է ու մեծ գումարներ է շահում: Կազինոյի տնօրինությունն արդեն ինչ-որ տեղ տխրում է, որ այդ մարդը գալիս է կազինո: Նա իրեն ամենեւին էլ կործանված մարդ չի համարում»,- պատմեց մեր զրուցակիցը: Նրա պատմելով, իրենց այցելուներից մեկի համար էլ ճակատագրական է եղել ընդամենը մեկ անգամ խաղատուն ոտք դնելը, այդ օրվանից բարձրագույն ուսումնական հաստատության դասախոսին հարազատներն այլեւս «կազինոյից պոկել» չեն կարողանում. «Այժմ այդ մարդն արդեն նախկին դասախոս է: Խաղատունը կործանեց նրան, խլեց աշխատանքը, ընտանիքը, երեխաներին, ունեցվածքը, բայց նա այդքանից հետո էլ չի կարողանում ուշքի գալ ու խաղալուց հրաժարվել: Հենց մի երկու կոպեկ է ձեռքն ընկնում գալիս է խաղատուն: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այդ դասախոսը մի հարուստի երեխայի ստուգարքը չի նշանակել: Երեխայի համար բարեխոսելու է եկել նրա հայրը, որից հետո երեխան ստուգարքը ստացել է: Որպես երախտագիտություն, ծնողը դասախոսին հրավիրել է կազինո: Հենց դա էլ եղել է նրա կործանման սկիզբը: Նրան բուհից հեռացրել են, կինը բաժանվել է, երեխաներն էլ հորը տեսնել չեն ուզում»:

Հ. Գ. Հիշեցնենք, որ կառավարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ 2013 թվականից խաղատները գործելու են որոշ «տուրիստական» մարզերում: Նշենք, որ վարչապետի այս որոշումը հարուցել է մի շարք քաղաքացիների դժգոհությունը: Նրանք գտնում են, որ եթե իրականություն դառնա շահումով խաղատները մարզեր տեղափոխելու կառավարության ծրագիրը, ապա այս անգամ էլ փոքր քաղաքների ապականման ու կործանման սկիզբը կդրվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել