Նախորդ ամիս Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների նախաստորագրած արձանագրությունները խնդիրներ կառաջացնեն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Նրա կարծիքով, սփյուռքահայերը միատարր չեն եւ արձանագրությունը տարբեր համայնքներում տարբեր կերպ կընկալեն. «Եվրոպայում ապրող հայերը, ենթադրում եմ, պիտի ավելի գիտակցեն այդ փաստաթղթի հետ կապված հարաբերությունների լավացման անխուսափելիությունը, անհրաժեշտությունը եւ նույնիսկ օգտակարությունը… Կա մի իրողություն. բնական չէ՝ երբ մի հարեւանի հետ ես ապրում ու նրա հետ չունես հարաբերություն, անգամ, եթե այդ հարեւանը, մեր խորին համոզմամբ, ոճրագործ է»:
Ա. Թոփչյանի համոզմամբ, արձանագրությունների՝ առանց նախապայմանների հարաբերությունների վերականգնման հանգամանքն արդեն առաջընթաց է, իսկ Սփյուռքի բացասական ընկալումը վերացնելու համար նրանց պետք է բացատրել փաստաթղթի կարեւորությունը: Բանախոսի խոսքով, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում արդեն կան լուրջ խնդիրներ. «Մեկը ուղղագրությունն է՝ դա մշակութային աղետ է դարձել սփյուռքահայերի համար: Այնտեղ հիմա բառացիորեն բոյկոտում են Հայաստանում տպագրված բոլոր գրքերը, ինչը լուրջ պառակտում է մտցրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, որը կարող է նաեւ իր քաղաքական հետեւանքներն ունենալ»: Թոփչյանի համոզմամբ, վերջին տարիներին խնդիրներ են առաջացել նաեւ Հայաստանում «առեղծվածային» տուրիզմի ոլորտում. «Ես Փարիզում տեսել եմ մեկշաբաթյա ուղեւորություն դեպի Իզմիր՝ 170 եվրոյով, իսկ 10 օր հայրենիքում անցկացնելու համար նվազագույնը պետք է 1400 եվրո: Եթե կարողանայինք էժան տուրիզմի միջոցով զանգվածներ բերել, այլ ոչ թե գրպանը լիքը սփյուռքահայեր, կամուրջն ավելի կընդլայնվեր»: