Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն գործարար պատգամավորների

Սեպտեմբեր 15,2009 00:00

Մեկ նախադասությամբ՝ այսպիսի բնորոշում կարելի է տալ լրամշակված «Հարկային փաթեթին»

ԱԺ նախորդ նստաշրջանում հատկապես գործարար պատգամավորների կողմից խիստ քննադատությունների արժանացած «Հարկային փաթեթն» արդեն վերափոխված տարբերակով նորից վերադարձել է ԱԺ: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին փաթեթը վերադարձվել էր հեղինակին, այսինքն՝ ՀՀ կառավարությանը` այն լրամշակելու նպատակով, ինչը ենթադրում էր, որ փաթեթից պետք է ջնջվեին կամ էլ առնվազն խիստ մեղմացվեին բոլոր այն կետերը, որոնք առնչվում են խոշոր գործարարներին, հետեւապես նաեւ՝ որոշ պատգամավորների:

ԱԺ վերջին քառօրյայում պատգամավորներից գրեթե ոչ ոք ոչ մի բառ չխոսեց փաթեթում ներառված մյուս, ասենք, «Ակցիզային հարկի մասին», «Շահութահարկի մասին» կամ՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքների փոփոխություններից, մեծամասնությանը զայրացրել էր հատկապես խոշոր գործարարների ձեռնարկություններում հարկային տեսուչ նշանակելու հարցը: Տեսուչի իրավասությունների մեջ մտնում էր այն, որ նա, առանց տվյալ տնտեսվարողին նախապես տեղեկացնելու, սրտի ուզած ժամանակ կարող էր մտնել նրան պատկանող ձեռնարկություն, խուզարկել բոլոր անկյունները, հետեւել ելումուտին, տնտղել բոլոր փաստաթղթերն ու անգամ մասնակցել նրանց գործարար հարաբերություններին: Եթե կառավարությունն այս ձեռնարկը համարեց «ստվերի դեմ պայքար», ապա խորհրդարանականներն այն որակեցին որպես հարկային տեռոր, որի նպատակը «որոշներին սնանկացնելն ու նրանց գործարանները էժան գնով խլելն է»:

Նախքան ԱԺ նիստում փաթեթի քննարկումը վերսկսելը, նախորդ շաբաթ այն քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, որից հետո հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ «Հարկային փաթեթն» այնքան լավ են լրամշակել, որ նա պարզապես չի կարող հասկանալ այն գործարարին, որը կխուսափի հարկային ներկայացուցիչ ունենալուց:

Տեղի տալով պատգամավորների պահանջներին, կառավարությունը փաթեթի փոփոխված տարբերակում նվազագույնի է հասցրել հարկային տեսուչի պարտականությունները: Այժմ նա իրավունք ունի միայն հսկել, թե տվյալ ձեռնարկությունից ինչ քանակի ապրանք է բաց թողնվում, ինչ գնով եւ ում է առաքվում: Պակասեցվել է նաեւ ձեռնարկությունների թիվը, որտեղ հարկային տեսուչ է նշանակվելու. նախկին 116-ի փոխարեն նրանք այժմ 76-ն են: Իսկ ամենակարեւորն այն է, որ թերեւս գործարար պատգամավորներին հաճոյանալու եւ քննադատության 2-րդ ալիքից խուսափելու համար որոշվել է, որ հարկային տեսուչները իրավունք չունեն ոտք դնել կոնյակ եւ գինի արտադրողների մոտ, քանի որ «դրանք մեր երկրի ավանդական ճյուղերն են»: Նկատի ունենալով այն, որ ավանդական այս ոլորտի խոշոր ձեռնարկությունները՝ «Վեդի Ալկոն», «Երեւանի գինու, օղու եւ կոնյակի գործարանը», «ՄԱՊ»-ը, «Շամպայն գինիների գործարանը» եւ այլն, ավանդաբար տնօրինում են պատգամավորները, որոնք արդեն իսկ ազատված են իրենց բիզնեսում կողմնակի մարդու, այսինքն՝ հարկային տեսուչի միջամտությունից, կարելի է ենթադրել, որ «Հարկային փաթեթի» լրամշակված տարբերակն առանց երկար-բարակ քննարկումների կընդունվի:

Նշենք, որ աղմկահարույց Հարկային փաթեթը կքննարկվի սեպտեմբերի 15-ից մեկնարկող քառօրյայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել