Ազատամարտիկ Ժորա Աթոյանի կարծիքով` եթե 2 երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները կանոնակարգող օրենք չընդունվի՝ մեր երկրի տնտեսությունը կկործանվի, երկիրն էլ հետը:
«Հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքով կկործանվի Հայաստանի առանց այդ էլ չեղած տնտեսությունը, մեր երկիրը ոչ միայն կհեղեղվի թուրքական ամենաէժանագին ապրանքներով, այլեւ՝ «ձեռքից կգնան» հայտնի կոշկակարներն ու դերձակները»,- այս կարծիքին է ազատամարտիկ Ժորա Աթոյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ եթե այսօր մեր որակյալ կոշկակարները ոչ լեգալ ձեւով աշխատում են Թուրքիայում, վաղը՝ սահմանի բացման դեպքում, առանց արգելքի կտեղափոխվեն Թուրքիա, որից կշահի միայն թուրք գործարարը: «Հայի ձեռքով կարած էդ նույն կոշիկը վաղը բերելու են ու ինձ վրա երկու անգամ թանկ վաճառելու են: Ցավն էն է, որ Հայաստանը իր համար նույնիսկ փակ տնտեսություն չունի, եւ եթե մենք մեր ներքին շուկան մինչեւ օրս չենք կարողացել ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքներով, էլ ինչի՞ց ենք խոսում: Եթե մեզ կոստյում է անհրաժեշտ, գնում ենք թուրքական արտադրության մատչելի գնով կոստյումները, ի՞նչ է՝ մենք դերձակներ չունե՞նք, ի՞նչ եղան էդ մարդիկ, գոնե էդ ձեւով Հայաստանը զարգացնեն, մեր ապրանքի համար մեր երկրում պահանջարկ ստեղծեն, նոր խոսեն Թուրքիա ապրանք արտահանելու մասին»,- ասում է ազատամարտիկը՝ համոզված լինելով, որ հայկական արտադրանքը որակապես պատրաստ չէ մրցել թուրքականի հետ: «Ո՞ր մի արտադրանքն է մրցելու թուրքականի հետ, տեքստիլ արդյունաբերությո՞ւնը, գուլպա-նասկեղե՞նը, ո՞ր մեկը, մենք էդտեղ կուլ կգնանք, խերը կլինի այն, որ տնտեսական հարաբերությունները կհանգեցնեն դեմոգրաֆիկ շարժումի, տեղի կունենա Շիրակի մարզի ազգաբնակչության արտահոսք դեպի Թուրքիա, նրանք կդառնան էժան աշխատուժ, կգրանցվի նաեւ թուրքական ապրանքների հզոր ներհոսք»,- համոզված է Ժ. Աթոյանը:
Ի պատասխան մեր այն դիտարկմանը, թե հայկական շուկան արդեն իսկ հեղեղված է թուրքական ապրանքով, ազատամարտիկը պատասխանեց. «Էսօրվա եղածը դեռ ինչ-որ տեղ որակյալ ապրանք է, վաղը մեր շուկան կհեղեղվի այն ապրանքով, որը Ստամբուլում, Ղարսում կիլոյով են վաճառում, մեր տեղական արտադրողն էլ գործազուրկ կդառնա: Գոնե կանոնակարգվի, տնտեսական հարաբերությունների մասին օրենք ընդունվի, այնպիսի օրենք, որը կապահովագրի հայ գործարարին, որ, ասենք, թուրքական ապրանքը մեր ապրանքից շատ ավելի էժան չլինի, նոր կկարողանանք խոսել տնտեսական հարաբերությունների մասին: Այլապես մենք կկորցնենք ամեն ինչ, շահավետ պայման մեզ համար չկա: Այսօր Հայաստանը Թուրքիայի հետ սահմանների այդ տեսակ բացմանը պատրաստ չէ առանց լուրջ պայմանագրերի, առանց լուրջ տնտեսական ծրագրերի, առանց հավասարը հավասարի հետ հարաբերությունների մշակման, հանպատրաստից անել ամեն ինչ, ցույց տալ, որ, տեսեք, մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք, այդ դեպքում՝ երկիրը կկորցնենք, դրանից ոչ մի գործարար չի շահելու, Հայաստանի տնտեսությունը կործանվելու է, Հայաստանն էլ հետը: Չեղած տնտեսությունով ի՞նչ ենք ուզում անել, եթե տնտեսություն ունենք, ինչո՞ւ տնտեսական աճ չունենք, դուք գյումրեցի եք, ասեք՝ արդյունաբերական Գյումրիից ի՞նչ է մնացել, մի երկու գործարար իրենց արտադրանքը տանում էստեղ-էնտեղ մի կերպ վաճառում են: Էս քաղաքը Ղարսի հետ կարո՞ղ է մրցել, ինչո՞վ»: Իսկ այն, որ սահմանի բացման դեպքում Հայաստանում վերջ կդրվի տնտեսության կլանային համակարգին, ըստ Ժ. Աթոյանի. «Այդ կարծիքները միամիտների համար են, նորից օլիգարխներն են օգտվելու, մնացածին էլ էժան աշխատուժ են դարձնելու թուրքերի համար, իրենք պայմանագրերը կնքելու են թուրք գործարարների հետ, իրենք էլ ապահովելու են աշխատուժը: Էն երկիրը, որը թաղված է կաշառակերության մեջ՝ խուժանապետություն է, որը երբեք չի կարող թույլ տալ, որ մենք տնտեսապես դառնանք ինչ-որ մեկի մրցակիցը: Մեր էդ ո՞ր ոլորտն է մրցելու Թուրքիայի հետ՝ մեքենասարքավորումնե՞րը, տրիկոտա՞ժը, տեսքստիլ արդյունաբերությո՞ւնը, մի տեքստիլ կոմբինատ ունեինք՝ բաժան-բաժան արեցին, լեշի նման ծվատեցին, լեշակերները տարան-կերան»: