Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՅՔԱՐԻ ՁԵՎԻ ՄԵՋ Է

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Արամ Սաֆարյանը պնդում է, որ «Բարգավաճ»-ը ունի առաջարկներ եւ կխոսի այդ մասին լսումների ժամանակ

Թուրքիայում նախորդ շաբաթվանից արդեն սկսվել են հայ-թուրքական հայտնի արձանագրությունների շուրջ քաղաքական լուրջ քննարկումները. այդ մասին հայտարարել էր նրանց ԱԳ նախարարը։ Մինչդեռ Հայաստանում, ըստ ՀՅԴ-ի, լուրջ քննարկումներ չկան, եւ տարբեր հարցազրույցները եւ փորձագետների կարծիքները դժվար է քննարկում անվանել: Դաշնակցությունը նաեւ հայտարարել էր, թե լուրջ քննարկումներ է սպասում կառավարությունում, խորհրդարանում, նաեւ՝ լսումներ: Մինչդեռ կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը միաձայն պարզապես գովերգում են այս արձանագրությունները, եւ տիրում է համընդհանուր «ադաբրյամս»-ը: Այս բոլոր դիտարկումներին եւ մեր այն հարցին, թե արդյոք Թուրքիան ավելի ակտիվ չէ՞ արձանագրությունների քննարկման հարցում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը համաձայն չէր: Նա իր հերթին վստահ է, որ այս իրավիճակում եւ Հայաստանը, եւ Թուրքիան լուծում են իրենց քաղաքական խնդիրները. «Իսկ Հայաստանում լրջագույն քաղաքական քննարկումները դեռ առջեւում են: Այս կապակցությամբ ուզում եմ ասել, որ դեռ անցյալ շաբաթ մենք մեր համաձայնությունն ենք տվել, որ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովն իրականացնի հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին վերաբերող լսումներ կամ քաղաքական քննարկում, եւ ինձ էլ հանձնարարված է այդտեղ հանդես գալ մեր կուսակցության դիրքորոշումներն արտահայտող տեսակետով: Այնպես որ, կարծում եմ, Ազգային ժողովում այդ քննարկումները լինելու են: Մյուս կողմից՝ ինձ հայտնի է, որ լուրջ քննարկումներ են սպասվում եւ հանրային խորհրդում, եւ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ բուհական մտավորականության մասնակցությամբ: Ես հատկապես կարեւորում եմ ԱԺ-ում սպասվող քննարկումները, որովհետեւ դրանք իսկապես լինելու են քաղաքական: Առիթն օգտագործելով՝ հիշեցնեմ, որ դեռ անցյալ տարվա սեպտեմբերից իմ բոլոր ասուլիսներում ես կոչ եմ արել հրավիրել քաղաքական քննարկումներ հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ հավաքական գնահատական տալու մեր դիրքորոշմանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»:

Մեր հարցին՝ համամիտ չէ՞, որ իշխող կոալիցիայի անդամ բոլոր քաղաքական ուժերը առավոտից իրիկուն նույնն են ասում այս արձանագրությունների մասին՝ ամեն ինչ լավ է, իրենք երկու ձեռքով կողմ են, սատարում են եւ այլն: Չի արվում որեւէ կոնկրետ առաջարկ, որեւէ քննադատական խոսք՝ այդ թղթերում ինչ-որ բան փոփոխելու ակնկալիքով: Արամ Սաֆարյանը որպես հակառակն ապացուցող օրինակ՝ ներկայացրեց օրերս իր ելույթը հեռուստաընկերություններից մեկով. «Դուք մասնավորապես իմ ելույթը չեք լսել, որտեղ ես տվել եմ մեր կուսակցության սկզբունքային մոտեցումները, որոնք իրենց մեջ պարունակում են նաեւ լուրջ գիտական մշակումներ, եւ դրանք միայն օգտակար են իշխանություններին, եթե նրանք կազմակերպելու լինեն այդ կարգավորման գործընթացը՝ իր բոլոր մանրամասներով: Ինչ վերաբերում է ընդհանուր քննարկումներին, ապա, կարծում եմ, դրանից վնաս չկա: Ցանկացած մակարդակում այդ քննարկումները կարելի է իրականացնել: Միայն մեկ ցանկություն եմ ուզում արտահայտել, այն է՝ որ ավելի բարձր հնչի մասնագետների ձայնը, թուրքագետների, Թուրքիայի խնդիրներով զբաղվող քաղաքագետների ձայնը, որովհետեւ նրանք են ի վերջո, որ պիտի կանխորոշեն, գծեն այն ճանապարհը, որով պիտի անցնի մեր պետությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու բանակցային գործընթացում»:

Ի տարբերություն Դաշնակցության, կոալիցիայի անդամ որեւէ կուսակցություն չի պատրաստվում հացադուլների, նստացույցի կամ մեկ այլ սուր ակցիայի, իսկ Դաշնակցության այս կարգի գործողությունների մասին ԲՀԿ-ական պատգամավորը հետեւյալ կարծիքին է. «Ասեմ միանգամից՝ ՀՅԴ-ն ունի իր դիրքորոշումը եւ շատ ակտիվ արտահայտում է իր դիրքորոշումը, որը ոչ թե էապես է տարբերվում մեր դիրքորոշումից, այլ մանրամասների եւ պայքարի ձեւի մեջ է տարբերվում: Դա նրանց խնդիրն է, եւ ես չէի ուզենա մեկնաբանել»: Իսկ Դաշնակցության կազմակերպած ակցիաներից պարոն Սաֆարյանը հատուկ սպասելիքներ կարծես չունի, քանի որ ուղղակի առաջարկեց առայժմ սպասել եւ տեսնել, թե «մեր հանրության ո՞ր մասն է իրականում սատարում Դաշնակցության այս կարծր դիրքորոշմանը. ինձ դա շատ հետաքրքիր է»: Խնդրեցինք ասել նաեւ՝ վերոհիշյալ արձանագրությունների վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանը» արդյոք ունի՞ այնպիսի սկզբունքային առաջարկ, որը չընդունվելու դեպքում կուսակցությունը չի ստորագրի հօգուտ այդ արձանագրությունների: Արամ Սաֆարյանը ասաց, որ իրենք ունեն կոնկրետ առաջարկություններ, որոնք իբր արտահայտել են իրենց հրապարակային ելույթներում. «Ամենակարեւոր մեր դիտարկումն այն է, որ երբ կսկսեն աշխատել միջկառավարական հանձնաժողովները եւ ենթահանձնաժողովները, որոնք պետք է կարգավորեն երկու երկրների միջեւ կուտակված հարցերը, մենք համոզված ենք, որ հայկական կողմն ունի գիտական, մասնագիտական եւ քաղաքական բոլոր հնարավորությունները՝ բարձրացնելու Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ընդունելու հարցը: Մենք դա պետք է անենք»: Փաստորեն, հարցի պատասխանը հնչեց մասամբ:

Հայտնի է, որ «առանց նախապայմանների» արտահայտությունը Դաշնակցությունն առաջարկում է անպայման ներառել արձանագրությունների մեջ: Ուզեցինք ճշտել այս հարցում նաեւ ԲՀԿ-ի տեսակետը՝ եթե իրականում հայ-թուրքական հարաբերությունների սկսման գործընթացում չկան նախապայմաններ, որի մասին բազմիցս խոսել էր նաեւ երկրի նախագահը, ուրեմն ինչո՞ւ արձանագրություններում չգրել այդ մասին: Արամ Սաֆարյանն այս կապակցությամբ դիտարկում չուներ. «Որովհետեւ մենք կանգնած ենք առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու դիրքերում»: Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ չի գրվում այդ արտահայտությունը արձանագրություններում. «Հարցը ինձ չի ուղղված, այն պետք է ուղղել արտաքին գործերի նախարարությանը»,- եղավ մեր վերջին հարցի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել