Անհատ անձինք շարունակում են սուտ մատնության համար դատապարտված Սարգիս Հացպանյանի առնչությամբ վկայել, թե նա արցախյան պատերազմի ազատամարտիկ է, ինչը հաստատող փաստաթղթեր այդպես էլ չեն գտնվում արխիվներում, եւ Հացպանյանի վրա չի տարածվում համաներումը:
«Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն այս կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Նայելով նրա նկարահանած վավերագրական կադրերը՝ կարող եմ մի եզրակացություն անել, որ Սարգիս Հացպանյանը բարեխղճորեն եւ պրոֆեսիոնալ կերպով կատարել է իր հայրենասիրական պարտքը Ղարաբաղում՝ ե՛ւ որպես ազատամարտիկ, ե՛ւ որպես լրագրող, օպերատոր: Եվ անհեթեթ եմ համարում այն մեղադրանքը, թե նա ընդհանրապես կապ չի ունեցել Ղարաբաղի ազատամարտի հետ: Անհեթեթություն է կասկածի առարկա դարձնել իրականությունը: Բայց սա երեւի մեր իշխանության աշխատաոճն է»: