Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ՍԴՀԿ-ն, որպես ավանդական կուսակցություն, միանա մյուս ավանդական կուսակցության՝ ՀՅԴ-ի հայտարարած հացադուլին, քանի որ իրենց դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների հարցում մոտ են, ասել է. «Մենք նման մանր-մունր հարցերով չենք նստում հացադուլի: Եթե նստենք, կնստենք մինչեւ վերջ եւ ուղիղ Սերժ Սարգսյանի հրաժարականը կպահանջենք»: ՍԴՀԿ ատենապետի ասելով, տրամաբանական չէ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի դեմ ակցիաներ անելը, մանավանդ, երբ «ակնհայտ է, որ Նալբանդյանի մեղքի բաժինը շատ փոքր է»: «Նա անում է այն, ինչ հրահանգվում է վերեւից: Հետեւաբար՝ եթե դժգոհ են, թո՛ղ պահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը»: Լ. Սարգսյանն ասել է նաեւ, որ ՀՅԴ-ի առաջարկած Ազգային ճակատի ստեղծումը «ֆարս» է, եւ այնտեղ ՍԴՀԿ-ն անելիք չունի: