Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանձնաժողովն «աշխատել» է լայն փակված աչքերով

Սեպտեմբեր 15,2009 00:00

Բայց եթե Նիկոյանի հանձնաժողովում ցանկություն լիներ, «նոր» ի հայտ եկած լուսանկարին եւ փաստերին կանդրադառնային դեռ ամիսներ առաջ:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ եւ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Հանրային հանձնախմբի անդամ Վլադիմիր Կարապետյանը երեկ անդրադարձավ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանի՝ մամուլում տեղ գտած որոշ հայտարարություններին: Պատգամավորը խոսելով մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող նախկին Փորձագետների փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների 4-րդ զեկույցի եւ դրան կից ներկայացված փաստաթղթի մասին՝ կարծիք էր հայտնել, թե՝ «արմատական ընդդիմությունը չի խորշում նաեւ խոչընդոտել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը։ Հիմա, պարզվում է՝ արմատականները նոր լուսանկարներ ու «փաստեր» են գտել։ Ինչո՞ւ դա չէին անում անցած մեկուկես տարվա ընթացքում։ Ինչո՞ւ են դա անում հենց այն ժամանակ, երբ ժամանակավոր հանձնաժողովը պատրաստվում է իր վերջնական, արդյունքային հաշվետվությունը ներկայացնել ԱԺ քննարկմանը»: Ա. Սաֆարյանը հավելել էր, որ ընդդիմության «նման գործելաձեւին» գնահատական տալը նախեւառաջ հասարակության անելիքն է, եւ «համոզված եմ, որ հասարակությունը իր գնահատականը կտա»։

Ի պատասխան պատգամավորի այս դիտարկումներին՝ Վլ. Կարապետյանն ասաց, թե Հանրային հանձնախումբը դեռ այս տարվա փետրվարի 18-ին հրավիրած իր ասուլիսում էր անդրադարձել մարտիմեկյան իրադարձություններին բանակի ներգրավմանը եւ դա ապացուցող բազմաթիվ փաստեր էր ներկայացրել: «Հենց ասուլիսի ժամանակ հրապարակվել էր նաեւ այն լուսանկարը, որը օրեր առաջ Փորձագետների փաստահավաք խմբի երկու անդամներ պաշտոնապես ուղարկեցին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Ի դեպ, այդ ասուլիսը հայաստանյան մամուլում լայնորեն լուսաբանվել էր, ավելին՝ որոշ ԶԼՄ-ներ տեղադրել էին նաեւ մեր ձեռքի տակ եղած այդ լուսանկարը»,- Ա. Սաֆարյանի «միամիտ» հայտարարության առնչությամբ ասաց Վլ. Կարապետյանը: Նա նաեւ ասաց, թե այդ լուսանկարում պատկերվածի բացահայտումը լրացուցիչ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Ոստիկանությունը եւ այլ ուժայիններ պաշտոնապես Փաստահավաք խմբին տեղեկացրել են, որ լուսանկարում պատկերված ստորաբաժանումները, զինված անձինք չեն պատկանում իրենց որեւէ ստորաբաժանման: «Խոսքը կարող է գնալ Հայաստանում ապօրինի ստորաբաժանումների առկայության մասին, ինչի կապակցությամբ Հանձնախումբը, իսկ վերջերս նաեւ Փաստահավաքը բարձրաձայնեցին»,- ասաց Հանրային հանձնախմբի ներկայացուցիչը: Իսկ այն, որ խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ա. Սաֆարյանը իր հարցազրույցում նախկին «փաստահավաքի» անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի կողմից Նիկոյանի հանձնաժողովին ուղարկված նամակը ներկայացնում է որպես վերջին պահին արված քայլ՝ ուղղված վերջնական հաշվետվության հրապարակումը խոչընդոտելուն, ապա Վլ. Կարապետյանի դիտարկմամբ, դա արվում է «Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի կողմից ակնհայտ փաստի՝ լուսանկարի դիտավորյալ անտեսումն ու անգործությունը քողարկելու համար»: «Ժողովուրդը, ում վրա հղում է կատարում ԲՀԿ անդամը, իսկապես համարժեք կգնահատի Ա. Սաֆարյանի կեղծիքն ու հանրությանը մոլորեցնելու փորձը: Հիշեցնեմ, որ պատասխանատվությունից խոսող Ա. Սաֆարյանը որեւէ անգամ չի բարձրացրել նախաքննական մարմնի՝ Երեւանի կենտրոնում տասը սպանությունների բացահայտման մասով արած կեղծիքների ու բացթողումների հարցը, չի խոսել մեկուկես տարի տեւող ռեպրեսիաների մասին, իսկ հիմա անցել է ստի տիրաժավորմանը»,- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել