Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը՝ արձանագրությունների եւ մատնոց ֆռռացնող հայկական դիվանագիտության մասին:

Մոտ երկու շաբաթ հետեւելով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների շուրջ երկու երկրներում ընթացող հասարակական քննարկումներին՝ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը մի հետեւության է հանգել. «Եթե մի պահ պատկերացնենք, որ կողմերի միջեւ թեկուզ մի նախապայմանագիր է ստորագրվում, բնական է, որ յուրաքանչյուրը պետք է ցանկանա տվյալ փաստաթղթում առավելագույնս ամրագրել իր ուզածը: Բայց յուրաքանչյուրն այդ պայմանագրով կկարողանա ապահովագրել այնքան շահեր, ինչքան որ իր կարողություններն են թույլ տալիս: Ոչ թե իր խորամանկությունը, այլ խելքը, ջոկելու կարողությունը: Ասենք, հայ դիվանագետները շատ խելոք են, թուրքերն էլ՝ հիմար, իրար հետ նստում են, ու մատնոց ֆռռացնողների պես՝ հայերը ֆռռացնում են թուրքերին ու այնպիսի մի կետ են գրում, որից հետո մենք շահում ենք: Ոչ: Ցանկացած կողմը կշահի միայն մի դեպքում, եթե որեւէ կետ կարող է մեկնաբանել ըստ իր շահերի եւ ընդունվի այդ կետի նման մեկնաբանությունն, ու գործեն ըստ դրա»: Այս տեսանկյունից վերլուծելով նախաստորագրված արձանագրությունները՝ մեր զրուցակիցը հավասարապես ընդունելի է համարում Հայաստանում առկա երկու մոտեցումները՝ մերժողական եւ գովերգող. «Ճիշտ է, արձանագրություններում Ղարաբաղի մասին իրականում ոչինչ չկա, մյուս կողմից էլ՝ ցանկացած պահի Թուրքիան կարող է այնպիսի մեկնաբանություններ անել, որ տեսանելի դառնա Ղարաբաղի հարցը»: Ու այս ամենից նա նման հետեւություն է անում. «Կարեւոր չէ, որ պայմանագրում այսպես է գրված, թե՝ այնպես: Կարեւորն այն է, թե դու քեզանից ինչպիսի երկիր ես ներկայացնում եւ այդ պայմանագրի ռեալիզացիայի ժամանակ ինչպես կարող ես մեկնաբանել այդ կետերը՝ քո օգտի՞ն, թե՞ ոչ»: Մեր զրուցակիցը միանգամայն բնական է համարում, որ սահմանը բացելու նախահամաձայնությամբ Թուրքիան ոչ թե գնում է հայերի հետ բարիդրացիության հաստատման, այլ բացառապես իր շահն է հետապնդում Եվրամիությանն անդամակցելու առումով, եւ «եթե այդ շահը թելադրի, որ Հայաստանը դառնա իր պրոտեկտորատը՝ հենց դրան էլ կգնա»: Թուրքիայի համար սեփական շահի առավելագույն ապահովման համատեքստում մեր զրուցակիցը փաստում է, որ Ղարաբաղն այդ երկրի համար անդրկովկասյան քաղաքականության մասնիկ է, ու հայտարարում է. «Եթե որեւէ հայ կարծում է, որ 21-րդ դարում ազգերն այնպիսի վիճակում են, որ այլեւս հող գրավելը ոչ մեկին հետաքրքիր չէ, թող հիշեն Չեչնիան, Հյուսիսային Օսեթիան, Աբխազիան, Աֆղանստանը, Իրաքը ու հասկանան, որ աշխարհում միայն իրացման ձեւերն են փոխվել: Ավելի մարդասիրական ձեւ են ընդունել, որ ուղեկցվի ոչ թե հազարավոր սպանություններով, այլ, եթե հնարավոր է, տնտեսական էքսպանսիայի միջոցով: Ասենք, որեւէ պետություն հանուն Եվրամիության չի գործել, այլ այդ կառույցում փորձել են գտնել իրենց շահերի համախումբը»:

Իր վերլուծություններում Ալբերտ Բաղդասարյանը հանգում է նրան, որ չի կարող լինել մի փաստաթուղթ, որտեղ գրված լիներ, որ թուրքերը ճանաչում են ցեղասպանությունը, երկմտում են՝ Արեւմտյան Հայաստանի հողերը վերահանձնե՞լ, թե՞ պահել, Վիլսոնի որոշումը իրավարա՞ր ակտ էր, թե՞ ոչ: Ինչպես նաեւ՝ հայերը չէին կարող գրել, որ Ղարաբաղը ճանաչում են Ադրբեջանի կազմում, ազատագրված տարածքները վերադարձնում են: Ու այն մարդկանց, ովքեր առավոտից երեկո մեզ համոզում են, որ այս արձանագրություններով ամբողջովին ապահովված է Հայաստանի շահը, ասում է՝ «Ճտերն աշնանն են հաշվում»: «Մինչեւ դու Հայաստանում չստեղծես այն պոտենցիալը, որն օբյեկտիվորեն կարողանա որեւէ պայմանագիր հօգուտ իրեն աշխատեցնել, գործողության մեջ դնելուց առավել օգուտներ քաղել՝ նմանվում ես դատարկախոս գործչի, որի բան ու գործը ժողովրդին խաբելն է: Սա լավ դաշտ է. մարդիկ հնարավորություն են ստացել իրենց գիտելիքները ցուցադրելու, պատմելու, թե քանի փաստաթուղթ են կարդացել, բայց Հայաստանը բանակցությունների օբյեկտ է, ոչ թե սուբյեկտ: Ֆուտբոլային դիվանագիտությունը սկսվել է Մոսկվայից՝ Սերժ Սարգսյանի բերանով: Համաձայնությունների որոշ մասի «դաբրոն» ՌԴ-ն տվել է, որոշներն իր դաշտում չեն, եւ հարցական է, թե իրագործման ճանապարհին ՌԴ-ն իր շահերն ապահովելուց ինչքանո՞վ կվաճառի հայկական շահը»,- նկատում է Ալբերտ Բաղդասարյանը: Այս ամենում ամենակարեւոր հարցը մեր զրուցակիցը համարում է հետեւյալը. «Իր ֆորպոստ կարգավիճակով Հայաստանը որքանո՞վ կկարողանա ի շահ իրեն օգտագործել արձանագրությունները»: Այս համատեքստում նրա համար միանգամայն հասկանալի է այն ազնիվ մարդկանց տարակուսանքը պայմանագրի որոշ կետերի վերաբերյալ, ովքեր ինտուիցիայով զգում են, որ Հայաստանը թույլ է եւ չի կարող ի շահ իրեն օգտագործել: «Բայց Հայաստանը չի կարող՝ այդ պատճառով են տվյալ կետերը վտանգավոր, ոչ թե ինքնին վտանգավոր են: Եթե ուժեղ ես՝ պայմանագրի ցանկացած կետ կարող ես ի շահ քեզ օգտագործել, անգամ շարունակել ցեղասպանության ճանաչման շղթան ու մի հատ էլ հանձնաժողովով այդ իրողությունն ապացուցել՝ օգտագործելով Թուրքիայի ժողովրդին էլ: Քաղաքականության մեջ օգտագործելու ձեւերը կան, բայց դրա համար ուժ է պետք ունենալ, ոչ թե խորամանկություն: Ոչ մի երկիր իր շահերը ֆռռացնելով չի ապահովում: Մենք թույլ ենք, մեզ վրա վստահ չենք ու ուզում ենք, որ Թուրքիան գրի, որ ինքն ագրեսոր է, որ հողերը եթե ոչ ամբողջությամբ, գոնե Մասիսն իր ստորոտով կվերադարձնի եւ այլն: Եթե այնքան հիմար ենք, որ նման ակնկալիքներ ունենք՝ ավելի լավ է՝ որպես պետություն վերանանք: Մեր քաղաքական իշխանությունն իրականում ամբողջությամբ հանձնենք Ռուսաստանին, նրանց պատասխանատվությունն էլ կմեծանա, որ դա իրենց հողատարածքն է, եւ գուցե ռուս հանրությունը թույլ չտա, որ այդ հողատարածքը էժան առք ու վաճառքի առարկա դառնա, ինչպես հիմա է»,- ասում է Ալբերտ Բաղդասարյանը: Ու քանի դեռ Հայաստանում պետական կառավարման այս համակարգն է, որտեղ իշխանությունը օտարացած է ժողովրդից, իսկ քաղաքական միտքը հանգում է նրան, թե նախագահի ո՞ր թեկնածուին ես սիրում, ըստ մեր զրուցակցի, դա նշանակում է, որ մեր քաղաքական ճակատագրի իրացման պատասխանատվությունը մեզ վրա չէ. «Չունենք ինքնուրույն քաղաքական միտք, որն իր մտածելակերպով փորձի Հայաստանը դարձնել ինքնուրույն քաղաքական սուբյեկտ եւ ցանկացած թելադրանքից առավել շահած դուրս գալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել