Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱԿՏԻՎԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 15,2009 00:00

\"\"Այս հայտարարությանը դեմ չի եղել ոչ ոք, եւ ձեռնպահ են մնացել միայն 2 կառույցների ղեկավարներ

ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը սեպտեմբերի 12-ի ասուլիսում հայտնել է, որ որոշել են դադարեցնել կուսակցության արտահերթ համագումարի պահանջով ստորագրահավաքը: Այդ եւ վարչության անդամների հրաժարականի պահանջին, ըստ նրա ավելի վաղ հայտնած տվյալների՝ միացել էին շուրջ 80 կուսակցականներ, եւ դեռ 700 ստորագրություն էլ պիտի հավաքեին. «Գործընթացը սկսված է: Երեւի մի շաբաթում կավարտենք»: Զոյա Թադեւոսյանն այժմ հայտնել է, թե սկսելու են զանգվածաբար լքել «Ժառանգությունը», քանի որ այդ կուսակցությունն արդեն պատկանում է Արմեն Մարտիրոսյանին, մինչդեռ ավելի վաղ ասոցացվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել՝ տիկին Զոյան պատասխանել է. «Մի բան կմտածենք էլի, մի տեղ կվարձենք մի տարածք, մեզ մի անուն կդնենք, որ ամեն օր կարողանանք հավաքվել, իրար հետ կիսվել՝ որպես համախոհների ակումբ»:

Սակայն դատելով «Ժառանգության» ակտիվի հայտարարությունից, որը տարածվեց երեկ՝ կուսակցությունից չի լինի զանգվածային արտահոսք: Ըստ «Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդագրության՝ սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել կուսակցության ակտիվի նիստ, որին մասնակցել են վարչության անդամները, «Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորները, կուսակցության ստորաբաժանումների ղեկավարները (բացի հեռավոր շրջանները ներկայացնող 2 ստորաբաժանման ղեկավարներից, որոնք բացակայում էին հարգելի պատճառներով), ինչպես նաեւ կուսակցության խորհրդի ու Երեւանի ակտիվի անդամները:

Ակտիվի նիստի ընթացքում ընդունվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Քաջ գիտակցում ենք, որ վերջին օրերին «Ժառանգություն» կուսակցության եւ նրա առաջնորդի հեղինակությունը սասանելու անհաջող փորձերը միտված էին Հայաստանի ազգային-պետական շահերից բխող այս կարեւոր ու համարձակ քայլերից հասարակության ուշադրությունը շեղելուն: Դատապարտում ենք տարբեր ուժերի կողմից ձեռնարկվող բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են մեր կուսակցության ուրույն դիմագիծը, հետագիծը նսեմացնելուն:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավատարիմ մնալով «Ժառանգություն» կուսակցության գաղափարախոսությանն ու առաջնորդին, վստահություն ենք հայտնում կուսակցության վարչությանը եւ նրա որոշումներին, «Ժառանգություն» խմբակցության գործելակերպին, ձեռնարկած քայլերին, այդ թվում՝ ուղղված ներկուսակցական մթնոլորտի առողջացմանը եւ կարգապահության ուժեղացմանը, եւ աներեր հայտարարում ենք նրանց հետ մեր միակամության մասին՝ մեր երկրում օրինականություն, ժողովրդավարություն եւ իրավական պետություն հաստատելու գործում»:

Ըստ հաղորդագրության՝ այս հայտարարությանը միացել են վարչության բոլոր անդամները, «Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորները, կուսակցության ստորաբաժանումների 32 ղեկավարները, խորհրդի 26 անդամները եւ Երեւանի ակտիվի ներկայացուցիչները՝ ընդամենը 62 հոգի:

Դատելով հաղորդագրությունից՝ ստացվում է, որ տարածքային կառույցների գրեթե բոլոր ղեկավարները կողմ են այս դիրքորոշմանը: Մինչդեռ Զոյա Թադեւոսյանի, Մովսես Արիստակեսյանի մասնակցությամբ հավաքներին ներկա էին լինում նաեւ տարածքային կառույցների որոշ ներկայացուցիչներ: Մեր խնդրանքով պարզաբանելով այս հակասությունը՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նախ հիշեցրեց, որ ոչ բոլորն են ներկա եղել նիստին. «Բայց ովքեր ներկա չեն եղել՝ մարզերից չեն կարողացել գալ, հեռախոսով բանավոր հաստատել են իրենց միանալն այս հայտարարությանը»: Նիստին ներկաներից, ըստ նրա՝ միայն 2 ստորաբաժանման ղեկավարներ են ձեռնպահ մնացել՝ Դավիթաշենի եւ Էրեբունու: Իսկ մնացածի կապակցությամբ Հովսեփ Խուրշուդյանը դարձյալ հիշեցրեց. «Այս պահին Աջափնյակում ու Կենտրոնում չունենք կառույցի ղեկավարներ՝ նրանք հեռացված են կուսակցությունից»: Խոսքն Ասյա Համբարձումյանի եւ Արթուր Սարդարյանի մասին է, որոնք հեռացվել են «Ժառանգության» 5-րդ համագումարում կեղծիքներին մասնակցելու համար, եւ այժմ Զոյա Թադեւոսյանի եւ վարչությունից հեռացված այլ անդամների կողքին են:

Ակտիվի այս հայտարարության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ վարչությունից հեռացված, բայց դեռեւս (համենայնդեպս՝ մինչեւ վաղը) «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր մնացող Վարդան Խաչատրյանից, որն ավելի վաղ ասել էր. «Սպասում եմ կուսակցության շարքային անդամների ռեակցիային, որից հետո նոր կարող եմ մեկնաբանություններ տալ»: Սակայն պրն Խաչատրյանն էլի ձեռնպահ մնաց մեկնաբանություններից՝ պնդելով. «Արձագանքը դեռեւս ինձ համար միանշանակ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել