Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 12,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ քսանչորսերորդ

 ԵՐԿԱՐԱՄՅԱ ՈՒ ԱՄՈՒՐ

Եվ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրկու հազար դոլար կրվելը հարստության նշան չի», եւ Դերոն հարցրեց՝ «բա ինչի՞ նշան ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «անխելքության», եւ Գեւորն ասաց՝ «Գագոն ճիշտ ա ասում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճիշտ ա ասում, բայց պիտի Արմոյին ասի», եւ ես հարցրի՝ «Արմոյի՞ն խի պիտի ասի», եւ Սաքոն ասաց՝ «որովհետեւ ես արդեն ստավկա դնելը թարգել եմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ ես ընդամենը մի տարի եմ խաղացել, բայց դու արդեն հինգ տարուց ավել ա՝ խաղում ես», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ընդամենը մի տարի ես խաղացել, բայց ինձնից շատ ես կրվել», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «քո՛ շնորհիվ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին ասաց՝ «մարդ որ քաշվում ա՝ իրա խելքից ա քաշվում. ուրիշներին մեղադրելու իրավունք չունի», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ոչ մեկին չեմ մեղադրում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ էլ առանձնապես փոշմանել եմ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Սաքոյին ասաց՝ «ամեն դեպքում, էրկու հազար դոլարը սեմուշկա չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ ձեր կատեգորիայի մարդկանց համար», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «փաստորեն, ինձ ու Արմոյին աղքատ հանեցիր», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով Սաքոյին հարցրեց՝ «որ ասեմ հարուստ եք՝ կհավատա՞ք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մենք հոգով ենք հարուստ», եւ Գեւորն ինձ ասաց՝ «որ հոգով հարուստ ըլնեիր՝ մեր ընկերության կենացն էսքան չէիր ջանջալացնի», եւ ես ժպտալով ասացի՝ «չեք թողում՝ մարդ կենաց ասի», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ո՞վ չի թողում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «Գագոն», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց չեմ թողում», եւ ես ժպտալով ասացի՝ «ասում ես՝ աղքատ եք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու արհամարհական ասաց՝ «որ աղքատ չըլնեիր՝ ջեբդ մի հատ մաբիլնի կըլներ», եւ Սաքոն Գագոյին ասաց՝ «ես մաբիլնի ունեմ, բայց ինձ էլ ես աղքատ ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ հարուստ ասեմ՝ կարող ա՞ հարստանաք», եւ Գեւորն ասաց՝ «Գագոն մի բան հաստատ շատ ճիշտ ա ասում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Գեւորն ասաց՝ «որ ասում ա՝ հայերը քեֆ անել չգիտեն» եւ մի քիչ մտածեց ու վրդովված ավելացրեց՝ «արդեն մի քանի ժամ ա նստած ենք, բայց մի հատ խելոք բան չենք ասել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «մեջներիս գրողն Արմոն ա. ինքը պիտի խելոք բան ասի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «բա ռուսները ո՞նց են առանց գրողների քեֆ անում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «էդ բոյովն էլ ա, փաստորեն, գրող էղել», եւ Գեւորը հանդիմանանքով Սաքոյին ասաց՝ «նորից չսկսե՛ք. էդ բոյովի թեման արդեն փակել ենք», եւ Դերոն ժպտալով ինձ ասաց՝ «դե մի բան ասա՝ խմենք», եւ Սաքոն ասաց՝ «ամոթ էլ ա», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ամոթ», եւ Սաքոն ասաց՝ «էսքան ծախս ենք անում, բայց չենք կարում մարդավարի ուրախանանք», եւ Գեւորը Սաքոյին հարցրեց՝ «կարող ա՞ էս սեղանի հաշիվը դու ես փակելու», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ես ո՞նց կփակեմ», եւ Գեւորը ժպտալով հարցրեց՝ «բա խի՞ ես հոգնակի խոսում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ուժս պատեր՝ կփակեի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ուժդ պատեր, Գագոն քեզ աղքատ չէր ասի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «հիմի էլ թազա շառ ե՞ք վրես անում», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «քո ասածն ա կրկնում», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «փաստորեն, ճիշտ ա ասել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ աղքատ չըլնեինք՝ էս սեղանի հաշիվը մենք պիտի փակեինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչքան չըլնի՝ էս պահի դրությամբ Գագոն հյուր ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «հաշիվ փակելը հարստության հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ով որ հրավիրում ա՝ էն էլ պարտավոր ա հաշիվը փակի», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «էլի սկսեց ռուսերեն խոսալ», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «ռուսերենից շատ ուժեղ ես էրեւում», եւ Սաքոն ժպտալով Գագոյին ասաց՝ «մեր դասարանում ռուսերենից ամենաթուլը դու էիր», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «զատո՝ հիմի ամենաուժեղն ա», եւ Գեւորն ասաց՝ «ես ինչ եմ ասում՝ դուք էլի ձեր էշն եք քշում», եւ Սաքոն ժպտալով Գեւորին հարցրեց՝ «ի՞նչ ես ասում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասում եմ՝ որ էսքան ծախս ա արվել, գոնե պիտի հետաքրքիր ժամանակ անցկացնենք», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ժպտալով Գեւորին հարցրեց՝ «բա դո՞ւ խի ես հոգնակի խոսում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հաշիվը մեկն ա փակում, բայց քեֆը բոլորով են անում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա՞ էս մարդը համ հաշիվը փակի, համ էլ քեֆը կազմակերպի», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ քանի հազար տարում քեֆ անել չենք սովորել, կարող ա՞ էս մի քանի րոպեում սովորենք», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ էլ քեֆ ենք անում. կարող ա՞ անպայման պիտի երգենք ու պարենք», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ռուսները համ երգում են, համ էլ պարում են» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որովհետեւ իրանք առանց կնանիքի ու աղջկերքի քեֆ չեն անում», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «բոյովի թեման վերջնական փակել ենք» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «տնաշեններ, էդ բոյովին ոչ մի անգամ չեք տեսել՝ որ էդքան խոսում եք. բա որ իմ պես մոտիկից տեսած ըլնեիք՝ ինչքան կխոսայիք», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ամենամոտիկից Արմոն ա տեսել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Պավլիկն ավելի մոտիկից ա տեսել», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «բայց Արմոն Պավլիկից շուտ ա էդ բոյովին մոտիկից տեսել», եւ Գագոն չդիմացավ ու գոռաց՝ «արդեն սավսեմ եք քաքը հանում» եւ մի քիչ մտածեց ու Դերոյին ասաց՝ «որ հիմի խոսամ, էլի նեղանալու ես ու էթաս», եւ Դերոն ժպտալով Գագոյին ասաց՝ «աչքիդ ա էրեւում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «այսինքն, ընենց եք ուզում անեք, որ ես թողեմ էթա՞մ», եւ Սաքոն ծիծաղելով Գագոյին հարցրեց՝ «առանց հաշիվը փակելո՞ւ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես կարամ հաշիվը փակեմ ու նոր սիկտիրս քաշեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «էդ ե՞ք ուզում», եւ Դերոն Գագոյին ասաց՝ «էդ արդեն ասելու բան չի՝ որ ասում ես», եւ Գեւորն ասաց՝ «հազար անգամ ասեցի՝ էդ բոյովի թեման փակում ենք», եւ Սաքոն ծիծաղելով Գեւորին ասաց՝ «էդ բոյովի թեման փակել էինք. դու նորից բացեցիր», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ո՞նց բացեցի», եւ Դերոն ժպտալով Գեւորին ասաց՝ «ասեցիր, որ բոյովին մոտիկից տեսել ես», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու զարմացած ասաց՝ «որ մոտիկից եմ տեսել, ասեմ՝ հեռվից ե՞մ տեսել», եւ Սաքոն ժպտալով Գեւորին ասաց՝ «որ մոտիկից տեսել ես՝ մի էրկու բան ասա», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ ասեմ», եւ Սաքոն ժպտալով հարցրեց՝ «սիրո՞ւն էր», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մատները սիրուն էին», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «մատնե՞րն ինչ կապ ունեն», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ավելի շատ մատներին եմ նայել, քան՝ իրան», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «մատների՞ն խի ես նայել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ մարդատեր կնանիքի էրեսներին նայելու սովորություն չունեմ», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «Գեւորը մենակ մարդատեր կնանիքի մատներին ա նայում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու Դերոյին ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս՝ մատներին էլ չեմ նայում», եւ Սաքոն Գեւորին հարցրեց՝ «բա բոյովի մատներին խի՞ ես նայել», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բոյովի մատներին չէի կարա չնայեի», եւ Դերոն զարմացած հարցրեց՝ «խի՞ չէիր կարա», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «իմ սարքած խորովածի ամեն կտորն ուտելուց հետո մատները ժամերով լպստում էր», եւ Գագոն էլի չդիմացավ ու գոռաց՝ «էս ինձ ե՞ք ձեռ առնում», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «քե՞զ խի ենք ձեռ առնում», եւ Սաքոն փռթկացնելով Գագոյին ասաց՝ «ավելի շուտ՝ Արմոյին ենք ձեռ առնում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «ինքը բոյովին ավելի մոտիկից ա տեսել, քան՝ դու», եւ Գագոն զզվանքով նայեց Սաքոյին ու հոգոց հանելով ասաց՝ «իմ խելքն ասա», եւ Գեւորը Գագոյին հարցրեց՝ «քո խելքի՞ն ինչ ա էղել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտելով ասաց՝ «փոխանակ Արմե՛նն իրա հարուր տարվա ընկերուհուն պաշտպանի, ե՛ս եմ ախմախի պես էդ բոյովի համար դոշ տալի», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «Արմենի ամենամեծ մեղքն էդ չի», եւ ես ժպտալով Գեւորին հարցրի՝ «բա ո՞րն ա», եւ Գեւորն ինձ ասաց՝ «մի հատ հասարակ սոտըվիի էղածն ի՞նչ ա, որ չես պահում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ մի հատ հասարակ սոտըվի ունենայիր, էս սաղ խոսակցությունը չէր առաջանա», եւ Դերոն ժպտալով ինձ ասաց՝ «որ սոտըվի ունենայիր, հիմի մարդավարի քեֆ կանեինք ու կուրախանայինք», եւ ես ծիծաղելով ասացի՝ «էս քանի ժամ ա՝ լավ էլ ուրախանում ենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «նայած թե՝ ով ոնց ա ուրախությունը պատկերացնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես հենց ըսենց եմ պատկերացնում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու արհամարհանքով ասաց՝ «ձեր համար էրկու հազար դոլար կրվելն էլ ա ուրախություն», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ունեցա՛ծ տեղն ենք կրվել, Գագո ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու քամահրանքով ասաց՝ «փաստորեն, ունեւոր խավ եք», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մենք մեր բախտից առանձնապես դժգոհ չենք, Գագո ջան», եւ Գեւորն ինձ ասաց՝ «ա՛յ Արմեն, մենք քո հետ հույսեր ենք կապել, բայց էդ կենացը շատ թթվացրիր», եւ ես հարցրի՝ «ի՞նչ կենաց», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «ունեւորների կենացը», եւ Դերոն ասաց՝ «ես էլ եմ Արմոյի կարծիքին» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես էլ եմ էսօրվա մեր էս հավաքույթից շատ գոհ», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «դո՞ւ խի պիտի դժգոհ ըլնես. ահագին մաքուր օդ շնչեցիր», եւ Դերոն ասաց՝ «ուրախությունը մենակ երգելով ու պարելով չի», եւ Գեւորն ասաց՝ «բայց ռուսները երգելով ու պարելով են ուրախանում», եւ Սաքոն ծիծաղելով Գեւորին ասաց՝ «բոյովի թեման արդեն փակել ենք», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «որ խնդրեք էլ՝ բոյովի թեման բացող չկա», եւ ես ասացի՝ «ես բացելու եմ», եւ Գեւորը հարցրեց՝ «ի՞նչն ես բացելու», եւ ես ասացի՝ «բոյովի թեման», եւ Գեւորը հարցրեց՝ «ո՞նց ես բացելու», եւ ես ասացի՝ «ուզում եմ Տանյայի կենացը խմենք», եւ Գեւորը հարցրեց՝ «բա մեր ընկերության կենա՞ցը», եւ ես ժպտալով ասացի՝ «մեր ընկերության կենացը չի փախնի», եւ Դերոն ասաց՝ «ես էդ բոյովին վաբշե չեմ ճանաչում, բայց որ Արմոն ասում ա՝ իրա կենացը խմենք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «թե լուրջ ես ասում՝ ես էլ դեմ չեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «սաղ հանաքներն արդեն արել՝ պրծել ենք», եւ Սաքոն ասաց՝ «մանավանդ՝ բոյովի թեմայով», եւ Գագոն ինձ ասաց՝ «դե ասա. լսում ենք», եւ ես ոտքի կանգնելով ու բաժակս բարձրացնելով ասացի՝ «Տանյայի կենացը» եւ որոշ ժամանակ լռեցի ու չգիտեի՝ ուրիշ ինչ ասեմ, եւ Գագոն ինձ հարցրեց՝ «էդքան բա՞ն», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «որ ասում եմ՝ էսօրվա օրն իմ համար ուրախ օր ա, առաջին հերթին հենց Տանյայի իմաստով եմ ասում», եւ Գագոն ինձ թարս նայելով ասաց՝ «այսինքն, որ իրան ձեռ էին առնում, ուրախացել ես», եւ ես մի քիչ մտածեցի ու հոտնկայս ասացի՝ «որ իմացա՝ Տանյան էսօրվա օրով ապահով վիճակում ա, շատ ուրախացա» եւ մի քիչ էլ մտածեցի ու շարունակեցի՝ «ինքը մորից որբ աղջիկ ա, փոքրուց խորթ մոր ձեռը շատ տանջանքներ ա կրել», եւ Գեւորը հարցրեց՝ «հետո՞», եւ ես մի քիչ մտածեցի ու շարունակեցի՝ «հետո որ հերը մեռել էր, ու խորթ մոր հետ էրկուսով էին մնացել, ամեն ինչ թողել ու Վոլգոգրադից առանց կոպեկի էկել էր Մոսկվա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «Աստված թող իրան մեծ բախտի արժանացնի», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «արդեն արժանացրել ա», եւ ես ասացի՝ «դրա համար էլ էսօր շատ ուրախ եմ», եւ Գագոն գոհունակությամբ ինձ նայեց ու հարցրեց՝ «մի բան ասե՞մ», եւ ես ասացի՝ «ասա», եւ Գագոն գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «արի էդ բոյովի կենացին Պավլիկի կենացն էլ միացնենք», եւ ես ժպտալով ասացի՝ «հաճույքով» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «մի բարձի ծերանան», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «Պավլիկն արդեն լավ էլ ծեր ա» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «բոյովն էլ առանձնապես ջահել չի», եւ Գագոն Գեւորին ասաց՝ «էս կենացը լրիվ լուրջ ենք խմում, Գեւոր» եւ բաժակը բարձրացնելով ասաց՝ «իրանց կենացը» եւ խմեց, եւ ես էլ խմեցի, եւ տղերքն էլ խմեցին, եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «բոյովի թեման վերջնական փակվավ», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մինչեւ Արմոն սոտըվի չառնի՝ բոյովի թեման չի փակվի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էրեւում ա՝ Արմենի մաբիլնիի հարցով անձամբ եմ զբաղվելու», եւ Գեւորը ժպտալով ինձ ասաց՝ «էլ չդիմադրես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «քեզնից ի՞նչ ա էթում, որ էդ սոտըվին ջեբդ պահես» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մարդ ես, մեկ էլ տեսար՝ էդ բոյով ընկերուհիդ էլի Գագոյին էդ նույն բանը խնդրի», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ընկերուհու թեման փակել ենք», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ընկերուհու թեման փակել ենք, բայց սոտըվիի թեման բաց ա մնում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «մի բան որ ասեմ՝ էդ սոտըվիի թեման էլ կփակվի», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «ասա՝ տենանք ի՞նչ ես ասում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ես Գագոյին գրազ եմ կրել, ճի՞շտ ա», եւ Գագոն վրդովված ասաց՝ «կարող ա՞ էդ գրազի պատմությունը տժվժիկի պատմությունը սարքես», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «թող տենանք՝ ի՞նչ ա ասում» եւ Սաքոյին ասաց՝ «ասա», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իմ կրած գրազից հրաժարվում եմ ու առաջարկում եմ, որ էդ գրազի հաշվին Գագոն Արմոյի համար մի հատ շատ բարձր մակարդակի սոտըվի առնի», եւ Գագոն ապշահար նայեց Սաքոյին ու գոռաց՝ «ձեռ ե՞ս առնում, արա՛», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «խի՞ եմ ձեռ առնում», եւ կարմրատակած Գագոն Սաքոյին հարցրեց՝ «կարող ա՞ տեղը չես բերում, տղա ջան», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ իմաստով տեղը չեմ բերում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղ իմաստներով», եւ Սաքոն կմկմալով ասաց՝ «բացատրի՝ հասկանանք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «վախենամ բացատրեմ՝ էլի չհասկանաս», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «բացատրի, Գագ ջան. մեկ էլ տեսար՝ հասկացավ», եւ Սաքոն Գեւորին հարցրեց՝ «էդքան անհասկացող ե՞մ», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «հիմի կերեւա», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «տղա ջան, քո կրած գրազն Արմենի մաբիլնիի հետ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես համ էդ գրազին եմ տեր, համ էլ կարամ մեր ախպոր համար մի հատ բաբաթին մաբիլնի առնեմ» եւ մի քիչ դադար տվեց ու Սաքոյին հարցրեց՝ «հասկացա՞ր, տղա ջան», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «իզուր ես սրում, Գագ ջան. հազիվ եք բարիշել», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ես ե՞մ սրում», եւ Գեւորն ասաց՝ «նորից չսկսեք», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «ի՞նչ պիտի սկսենք. մարդը մարդավարի բացատրեց՝ հասկացա», եւ Գեւորը ժպտալով Սաքոյին հարցրեց՝ «յանի հասկացա՞ր», եւ Սաքոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Գագոն Սաքոյին ասաց՝ «դե լավ ա, որ հասկացար», եւ Գեւորը ծիծաղելով Գագոյին ասաց՝ «ախր էնքան պարզ բացատրեցիր, որ մի տարեկան էրեխեն էլ կհասկանար», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էրեխեք կան, որ մեծերից էլ հասկացող են», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «մեր Սաքոն հենց էդ էրեխեքից ա», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «Գագոն էլ ա ինձ էրեխի տեղ դնում», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞նց եմ էրեխի տեղ դնում», եւ Սաքոն ժպտալով ասաց՝ «էս էլ որերորդ անգամ ինձ «տղա ջան» ես ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ քեզ մեծի պես չես պահում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «Գագոն տասնհինգ տարուց ավել ա Ռուսաստան ա ապրում, բայց հետներս մեր ժարգոնով ա խոսում», եւ Սաքոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ Ռուսաստանում ինքը հիմնականում հայերի հետ ա շփվում», եւ Գագոն արհամարհանքով նայեց Սաքոյին ու ասաց՝ «աչքիդ ա էրեւում, որ հիմնականում հայերի հետ եմ շփվում», եւ Գեւորը Գագոյին հարցրեց՝ «կարող ա՞ հայերի հետ շփվելն ամոթ բան ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ մեկի հետ շփվելն էլ ամոթ չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «դրա համար էլ սաղ ազգերի հետ շփվում եմ», եւ Սաքոն Գագոյին հարցրեց՝ «բայց ավելի շատ հայերի հետ ես շփվում, չէ՞», եւ Գագոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «ռուսների» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սկզբնական շրջանում հայերի հետ ավելի շատ էի շփվում, բայց հետո որ մասշտաբներդ մեծանում են, ռուսների հետ ավելի շատ ես սկսում շփվել», եւ Սաքոն ժպտալով ինձ ասաց՝ «ռուսների կենացն ա հասունանում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «ռուսների կենացն արդեն խմել ենք» եւ ժպտալով ինձ հարցրեց՝ «էդ բոյովը ռուս չի՞», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դժվար ա ասել» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «շատ հնարավոր ա՝ եվրեյ ըլնի», եւ Գագոն ինձ թարս նայելով ասաց՝ «հիմի էլ թազա շառեր ե՞ք անում» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ռուսը պոզովպոչով ա՞ ըլնում», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «ես մի գլուխ բոյովի թեման փակում եմ, բայց դուք էլի բացում եք», եւ Դերոն ժպտալով Գեւորին ասաց՝ «դու ես էդ թեման ամեն անգամ բացում», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ բացել», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «նկարագրում էիր՝ ոնց ա մատները լպստել», եւ Գեւորը ժպտալով ասաց՝ «ինչքան էլ նկարագրեմ՝ չես պատկերացնի» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էդ տեսարանը պիտի սեփական աչքովդ տենայիր», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «թե բոյովի թեման չեք փակում՝ ես էլ մի հատ հարց ունեմ», եւ Գագոն թարս նայեց Սաքոյին եւ ասաց՝ «քեզ խոսք չի հասնում», եւ Սաքոն զարմացած հարցրեց՝ «խի՞ չի հասնում», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ դու էսօր խոսալուդ պլանը գերակատարել ես», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «մենակ Արմենն ա իրա խոսալու պլանը թերակատարում», եւ ես ասացի՝ «Դերոն ինձանից քիչ ա խոսում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «ես որ խոսում եմ՝ կռիվ ա ստացվում», եւ Գեւորը ծիծաղելով ինձ ասաց՝ «Դերոն ինչքան մաքուր օդի դուս էկավ՝ հերիք ա. հիմի քեզ ենք լսում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ ես ուզում ասեմ», եւ Գեւորը զարմացած ասաց՝ «ո՞նց թե՝ ինչ եմ ուզում ասես. մեր ընկերության կենացն ուժի մեջ ա մնում», եւ ես անմիջապես ոտքի կանգնեցի եւ բաժակս բարձրացնելով ասացի՝ «խմում եմ մեր ընկերության կենացը» եւ երբ լռեցի, Գեւորը զարմացած հարցրեց՝ «էդքան բա՞ն», եւ երբ մի քիչ էլ լռեցի, Սաքոն ժպտալով ասաց՝ «ես գրող չեմ, բայց էդքանը ես էլ կարայի ասեի», եւ ես ժպտալով Սաքոյին ասացի՝ «դու քո խոսալու պլանը գերակատարել ես», եւ Գեւորն ինձ ասաց՝ «մի քանի բառ էլ ավելացրու», եւ ես նորից բաժակս բարձրացնելով ասացի՝ «մեր երկարամյա ընկերության կենացը», եւ Գեւորը դժգոհելով ինձ ասաց՝ «ընդամենը մի բառ ավելացրիր, տնաշեն», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «մի բառ ավելացրեց, բայց մի քանի բառ էլ պակասացրեց», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «գրողների ամեն բառը փող արժի», եւ ես ծիծաղելով Սաքոյին ասացի՝ «դու սո՛ւս. դու քո խոսալու պլանը գերակատարել ես», եւ Գեւորն ինձ խնդրեց՝ «մի քանի բառ էլ ավելացրու, Արմեն ջան», եւ ես հոտնկայս ու բաժակս բարձրացրած ասացի՝ «խմենք մեր երկարամյա ու ամուր ընկերության կենացը», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ա՛յ Արմո, գոնե ընենց բան ասա, որ խնդալներս չգա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա խնդալու», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «մեր ընկերության ի՞նչն ա ամուր. էս քառասուն տարվա մեջ առաջին անգամ ենք էս սաստավով իրար գլխի հավաքվել», եւ Դերոն Սաքոյին ասաց՝ «որ քառասունհինգ ասես՝ ավելի ճիշտ կըլնի. մոռանում ես, որ Արմոն մինչեւ չորրորդ դասարանն ա մեր հետ սովորել», եւ Գեւորը Դերոյին ճշտելով ասաց՝ «երրորդ», եւ Դերոն ասաց՝ «ավելի վատ» եւ մի քիչ մտածեց ու քմծիծաղով ավելացրեց՝ «լա՜վ ամուր ընկերություն ենք», եւ Սաքոն ծիծաղելով ավելացրեց՝ «ամուր ու երկարամյա», եւ Գեւորն ասաց՝ «հիմի էլ Արմենին ե՞ք ձեռ առնում», եւ ես Գեւորին ասացի՝ «ինձ ձեռ չեն առնում», եւ Գեւորը զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ են ձեռ առնում», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «մեր ընկերությունն են ձեռ առնում», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ղալաթ են անում», եւ Սաքոն փռթկացնելով ասաց՝ «երկարամյա ու ամուր», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «էս մարդիկ ոչ մի սրբություն չունեն, Գագ ջան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր ընկերությունն իսկական ձեռ առնելու բան ա», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու Գագոյին ասաց՝ «որ ասում ես՝ հայերը քեֆ անել չգիտեն, շատ ճիշտ ես ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ըտենց ա», եւ Սաքոն փռթկացնելով ասաց՝ «բայց հայերն ընկերության կենացն ավելի լավ են խմում», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «ծնողների կենացն էլ են հայերն ավելի լավ խմում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ռուսները ծնողների կենացը քեֆի սկզբում են խմում, հայերը՝ վերջում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «իրանք ծնողների կենացն ամենասկզբում են խմում, որովհետեւ կարող ա հարբեն ու էդ կենացը մոռանան խմեն», եւ Գագոն արհամարհական նայեց Սաքոյին ու հարցրեց՝ «բա հայե՞րը խի են էդ կենացն ամենավերջում խմում», եւ Սաքոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հայերն էլ ուզում են ցույց տան, որ ինչքան էլ հարբած ըլնեն՝ ծնողներին չեն մոռանում», եւ Գագոն քթի տակ փնթփնթաց՝ «ուզում են ցույց տան» եւ մի քիչ մտածեց ու փնթփնթալով ավելացրեց՝ «ցույց տալու համար խելքներս մերը չի», եւ Դերոն ժպտալով ասաց՝ «Արմոն էլ ուզում ա ցույց տա, որ մեր ընկերությունն ամուր ընկերություն ա», եւ Սաքոն փռթկացրեց՝ «ամուր ու երկարամյա», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենն ըտենց ա ասում, որ ըտենց ըլնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը իրա սրտի ցանկությունն ա ասում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել