Ձուկը շատ օգտակար եւ սննդարար է. առաջին հերթին այն պատճառով, որ մարդու օրգանիզմը հեշտությամբ է ընդունում այդ կերակրատեսակը։ Ձկան սպիտակուցը ոչնչով չի զիջում եւ պակաս արժեքավոր չէ, քան մսինը. հայտնի է, որ 200 գ ձկան միսը բավարար է չափահաս մարդու օրգանիզմի ամենօրյա կենդանական սպիտակուցի պահանջարկը բավարարելու համար։ Եվ քանի որ ձուկը «թեթեւ» սննդամթերք է, այն օգտակար է ստամոքսի, մարսողական, աղեստամոքսային համակարգերի հետ խնդիրներ ունեցող մարդկանց։ Ձուկը խորհուրդ է տրվում նաեւ վիրահատված մարդուն. քանի որ նա քիչ է շարժվում, բնականաբար՝ խնդիրներ ունի մարսողության հետ։
– Ոչ միայն ձուկը, այլեւ ծովային բոլոր բարիքները, որոնք օգտագործվում են սննդի մեջ, չափազանց անհրաժեշտ են մարդկային օրգանիզմի նորմալ գործունեության համար. դրանք հիմնականում հարուստ են կալցիումով։ Իսկ թե ինչպիսի՞ դեր ունի կալցիումը կենդանի օրգանիզմի դիմադրողականության բարձրացման եւ նորմալ կենսագործունեության համար, հայտնի է բոլորին։ Համեմատելով բուսական ու կենդանական յուղերի հետ, ձկան յուղը դրսեւորում է ավելի բարձր ակտիվություն՝ իջեցնելով արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կանխելով աթերոսկլերոզը: 1-2 շաբաթյա ձկնային սննդակարգի դեպքում ակնհայտորեն նկատելի են դրական փոփոխությունները։
Ձուկը խորհուրդ է տրվում պատրաստել բուսական, նախընտրելի է՝ ձիթապտղի յուղով։ Ցանկալի է սեղանին միշտ ունենալ թարմ, այլ ոչ սառեցրած ձուկ, սակայն դա չի նշանակում, թե վերջինս չունի ցանկալի սպիտակուցները, պարզապես՝ սառնարանում պահված ձուկը պետք է պատրաստել համապատասխան կանոնների պահպանմամբ:
Առողջ մարդիկ կարող են իրենց թույլ տալ ուտել թե՛ խաշած, թե՛ տապակած, թե՛ խորոված ձուկ, իսկ նրանք, ովքեր ունեն որոշ հիվանդություններ, ավելի լավ կլինի, որ սնվեն խաշած կամ շոգեխաշած եւ, ցանկալի է, յուղոտ ձկներով։ Խորհուրդ է տրվում ձկնային կերակրատեսակներն օգտագործել ճաշի եւ ընթրիքի ժամանակ, քանզի կալցիում պարունակող այդ սննդատեսակն օրգանիզմի կողմից ավելի լավ է յուրացվում օրվա հատկապես այդ ժամանակահատվածում: Կա թյուր կարծիք, թե ձկան յուղը փոխարինում է մսին եւ կարելի է բավարարվել այն խմելով, սակայն դա այդպես չէ. յուրաքանչյուրն ունի իր առավելություններն ու օգտակարությունը, ուստի պետք է կիրառել երկուսն էլ, եւ, ինչպես ամեն բան, չափավոր: