Լուսանկարիչների ազգային ասոցիացիան պետական աջակցության կարիք ունի
«Հարությունյան», «Մակարյան», «Հակոբյան», «Անտոնյան», «Դայան», … թվարկվածներն այն լուսանկարչատներից մի քանիսն են, որտեղ մինչեւ վերջին երկու տասնամյակը պարտադիր ու սիրով լուսանկարվում էին հայկական ընտանիքները: Եթե թերթենք յուրաքանչյուր հայի լուսանկարների ալբոմ, այնտեղ հաստատ կգտնենք այս լուսանկարչատների դրոշմով բազմաթիվ սեւ ու սպիտակ եւ գունավոր լուսանկարներ՝ հարսանեկան զգեստով, ընտանիքներով, գերդաստանով: Տարիներ առաջ լուսանկարչատներ Երեւանում շատ կային, իսկ այժմ դրանք կարծես թե վերացել են: Մատերի վրա կարելի է հաշվել այսօր գործող լուսանկարչա- տները:
Ինչո՞ւ վերացան լուսանկարչատները, ինչպե՞ս վերականգնել այդ մշակույթը, եւ նախկինի պես կգոյատեւեի՞ն, արդյոք, դրանք ժամանակակից տեխնիկայի ու հնարավորությունների առատության պայմաններում: Այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ, լուսանկարիչ Սերգեյ Հակոբյանի հետ:
Նրա խոսքով, լուսանկարչատների մշակույթը վերացավ Հայաստանի անկախանալուց հետո. «Անկախության ձեռքբերման հետ մի շարք սովորույթներ կորցրինք, ինչը առաջ բերեց իր դրական եւ բացասական կողմերը: Այսինքն, մշակույթի գործիչները՝ նկարիչը, քանդակագործը, երգիչը, պարողը, այդ թվում նաեւ լուսանկարիչները, հայտնվեցին ապակողմնորոշված վիճակում: Նրանք չգիտեին ինչպես կարելի է փող վաստակել, երբ Նկարիչների միությունը արվեստանոց չի տրամադրում, ինչպես կարելի է նկարել, եթե պետական պատվերներ չկան: Խորհրդային ժամանակների ֆոտոտաղավարների դերն ու նշանակությունը ո՞րն էր: Դրանք սոցիալ-մշակութային ոլորտում ազգաբնակչությանը ծառայություն էին մատուցում՝ անձնագրի համար, խմբակային, ընտանեկան, դիմանկարային լուսանկարներ, որոնք տրամադրվում էին հատուկ դրոշմներով, ինչն էլ խորհրդանշում էր այն, թե որ լուսանկարչատանն արված նկար է»:
Ս. Հակոբյանը գտնում է, որ լուսանկարչատների պահանջն այսօր էլ ազգաբնակչությունն ունի. «Այսօր, երբ մի միջոցառում է լինում, օրինակ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, շատերն այդ արարողությունը նկարելու համար հրավիրում են այնպիսի մեկին, ով ուղղակի զբաղվում է նկարելով, կամ ավելի վատ՝ պարզապես ֆոտոխցիկ ունի: Իսկ տարիներ առաջ հարսն ու փեսան էին գնում լուսանկարչի մոտ, որ նա իրենց նկարեր: Նախկինում չկար մի լուսանկարչատուն, որի պատին հարս ու փեսայի նկար փակցված չլիներ: Այսինքն՝ պարտադիր ամեն հարսանիքի ընթացքում, որպես կանոն, հարսն ու փեսան մտնում էին լուսանկարչատուն: Մեր ծնողների, տատերի ու պապերի ընտանեկան լուսանկարները նայելիս հասկանում ու համոզվում ես, որ լուսանկարչատուն ասվածը՝ մարդկանց հետ միշտ եղած մշակույթի մի ձեւ է եղել: Իսկ ինչ է այդ մշակույթը: Ասեմ, այն կշտանալիք չէ, բայց առանց դրա էլ հնարավոր չէ: Հայերիս համար լուսանկարչությունը ժամանակին համարվում էր արհեստագործություն, որից աստիճանաբար վերափոխվեց արվեստի»:
Լուսանկարիչ Սերգեյի համար լուսանկարչությունը արվեստ է եւ բավական լուրջ: Նրա ձեւակերպմամբ, ոչ բոլոր խցիկ ունեցողներն են օժտված ճաշակով կամ գեղեցիկն ընկալելու յուրահատկությամբ, ինչի համար էլ, ըստ նրա, նախ պետք է դաստիարակվել, դպրոց անցնել՝ իմանալու համար, թե ինչպես տարբերել լավը վատից եւ ասելիք ունենալ տվյալ ստեղծագործությամբ: «Եթե այս ամենի մասին անտեղյակ է խցիկ բռնող անձը, ուրեմն նրա լուսանկարը չի տարբերվի 3 տարեկան երեխայի արած լուսանկարից. չնայած հնարավոր է՝ 3 տարեկանի արած նկարն ավելի հետաքրքիր լինի: Ինչպես մշակույթի մյուս ձեւերը, այնպես էլ լուսանկարչությունը մեզ համար կարծես թե դարձել է շատ աներեւույթ, բայց բոլորի ձեռքի տակով անցնող մի բան: Ըստ իմ դիտարկումների արդյունքների՝ բոլորն էլ սիրում են նկարվել եւ բոլորն էլ ունեն դրա կարիքը»,- հավելեց Ս. Հակոբյանը:
Իսկ ինչ վերաբերում է լուսանկարիչներին, ապա, մեր զրուցակցի կարծիքով, այսօր իսկապես լուսանկարիչների կարիք կա, ինչի վառ ապացույցը քաղաքում փակցված աֆիշաներն ու օրեցօր ավելացող եւ միեւնույն ժամանակ պակասող ամսագրերն են. «Կա շատ լուրջ խնդիր. Հայաստանում հաջողված լուսանկարիչներ շատ կան, բայց դրանց կողքին շատ են նաեւ վատերը: Ունենք հանճարեղ լուսանկարիչներ, որոնք արդեն հայտնի են ամբողջ աշխարհի մասշտաբով: Բայց Հայաստանում, չգիտես ինչու, այս մշակույթի ձեւը չի գնահատվում: Եվ չի գնահատվում ոչ թե ժողովրդի կամ պատվիրատուի կողմից, այլ պետական մասշտաբով: Այսօր չկան նաեւ պավիլիոն կոչվածները, դրանք վաղուց վերածվել են կոմիսիոն խանութների»:
Ս. Հակոբյանը դժգոհեց, որ արդեն 4 տարի Հայաստանում գործող Լուսանկարիչների ազգային ասոցիացիան չի կարողանում հասնել նույնիսկ թեթեւ աջակցություն ստանալուն. «Սա անձնականացված խնդիր չէ, այլ փաստ, որ 4 տարի շարունակ 120 հոգուց բաղկացած լուսանկարիչների ոչ կառավարական կազմակերպությունը կարողանում է կազմակերպել լուսանկարիչների համահայկական առաջին փառատոն եւ ընդհանրապես նախաձեռնել նման կազմակերպություն Հայաստանում: Արդյոք չի՞ կարելի շատ չնչին գումարներ հատկացնել այս ընկերությանը, կամ գոնե գրասենյակային պայմաններ տրամադրել: Այսինքն՝ պարտադիր պետք է թողնվի այդ հոգսը ասոցիացիայի անդամ լուսանկարիչների ուսերի՞ն»:
Հարցին՝ ասոցիացիայի խնդիրների հետ կապված եղե՞լ են դիմումներ բարձր ատյաններ, մեր զրուցակիցը նշեց. «Դիմումներ բազմիցս եղել են եւ վարչապետի աշխատակազմ, եւ հանդիպում հանրապետության նախագահի հետ, բայց պաշտոնյաներից որեւէ մեկը չի մերժել, սակայն միայն սին խոսքեր են եղել, ոչ մի գործնական շարժ չի նկատվել: Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում լուսանկարչությունը չի գնահատվում: Դրսում մի լուսանկարի համար ֆոտոգրաֆը ստանում է 50 եվրո, իսկ այստեղ՝ 300 դրամ. նման բան ոչ մի տեղ չես տեսնի…»:
Ս. Հակոբյանն այժմ սովորում է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լուսանկարչության բաժնում ու, իր ձեւակերպմամբ. «Սովորում եմ զուտ դիպլոմ ստանալու համար»:
Մեր հաջորդ հարցին, ըստ ձեզ՝ կվերականգնվե՞ն, արդյոք, լուսանկարչատները, Ս. Հակոբյանը պատասխանեց. «Ամեն ինչ արվում է դրա համար, դա մի մշակույթ է, որը պետք է անպայման վերականգնել ու պահպանել: Օրինակ, անցյալ տարի անդամների ջանքերով բացվեց ինը լուսանկարչական տաղավար: Սակայն այսօր այդ տաղավարներից մնացել է միայն մեկը, ութը փակվեց: Եվ պատճառը գիտե՞ք որն է կամ, ավելի ճիշտ, ովքեր են՝ ասեմ, հարուստ պապաների փողերով բախտի բերմամբ պրոֆեսիոնալ տեխնիկա ձեռք բերած 20 տարեկան երեխաները: Մինչդեռ շատ պրոֆեսիոնալ լուսանկարիչներին նման տեխնիկա ունենալու մասին երազելն անգամ արգելված է: Դաշտը գրավել են ոչ պրոֆեսիոնալ, ուղղակի չխկացնել իմացողները, բայց լուսանկարչությունը միայն չխկացնելը չէ: Դրա համար էլ դաշտ չենք ունենա…»: