Ինձ թվում էր, թե կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի նման մտավորականը կտրականապես դեմ պիտի արտահայտվեր հայկական հեռուստասերիալների ժարգոնային, ավելի ճիշտ՝ «գողական» լեզվին, քանի որ կինոն արվեստ է, իսկ արվեստի լեզուն մաքուր հայերենը պետք է լինի: Սակայն մեծ եղավ զարմանքս, երբ մամուլում, այդ թվում նաեւ «Առավոտում», տեղեկացա ասուլիսում դրսեւորված նրա երկդիմի վերաբերմունքին: Մի դեպքում ասում է. «Պրեզիդենտը, վարչապետը հավաքվեցին, ասացին՝ հանեք էդ ժարգոնը… թող հանեն: Ախր օրենք պետք է լինի»: Մյուս կողմից էլ փորձում է հիմնավորել ժարգոնի կիրառումը՝ ասելով. «Չեմ կարծում, որ ժարգոնը այդքան մեծ վտանգ է ներկայացնում: Ղարաբաղի պատերազմին, որին ես էլ մասնակցում էի, կռվողների 90 տոկոսն այն տղաներն են եղել, որոնք ժարգոնով խոսողներ էին՝ Չարբախից, 3-րդ մասից ու գյուղերից, բայց անձնազոհ կռվել, պաշտպանել են իրենց հայրենիքը, իսկ այն երիտասարդները, ովքեր լավ հայերենով խոսում էին, կռվի դաշտում չէին»: Հետաքրքիր է՝ ժարգոնն ի՞նչ կապ ունի այն հայրենասեր տղաների վարքի ու հոգեբանության հետ: Չխոսեին ժարգոնով՝ անձնազոհ չէի՞ն կռվելու: Եթե նրանք անձնազոհ կռվել եւ պաշտպանել են հայրենիքը, ինչը, ըստ Ռ. Գեւորգյանցի, չեն արել «լավ հայերենով խոսող երիտասարդները», ուրեմն ժարգոնն ընդունելի ու պաշտելի՞ է դարձել: Մի՞թե զենքի փոխարեն նրանք ժարգոնով էին խփում թշնամուն: Կամ՝ մի՞թե այսօրվա սերիալների հերոսները նույնպես ռազմի դաշտում են, որ իրավունք ունեն գործի դնել այդ «հրաշք զենքը»: Ավելին, հեռուստասերիալների բոլո՞ր սցենարիստներն են, արդյոք, մասնակցել Ղարաբաղի պատերազմին, որ իրենց իրավունք են վերապահում սերիալների հերոսներին խոսեցնել ժարգոնով: Ինչ-որ աբսուրդի նման մի բան է ստացվում: Այսպիսի վերաբերմունքով մեր հեռուստաեթերում մաքուր հայերեն խոսքը դժվար թե հաղթի խոտանելի հայերենին: Իսկապես օրենք է պետք…