Երեկ «Տեսակետ» ակումբում հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսեցին դերասան Երվանդ Մանարյանը եւ գրող Ռազմիկ Դավոյանը: Վերջինս կարծում է, որ մեր իշխանության կողմից հարցը մեջտեղ բերելն արդեն խիզախում է. «Մենք չենք կարող դարերով ապրել այն բարդույթը շալակած, թե թուրքերը մեզ կխաբեն: Կխաբե՞ն, դուք էլ մի՛ խաբվեք: Եթե մեր միջի թուրքը հիմնավորապես մեզ չխաբի, թուրքերի խաբածը մեր ժողովրդի վրա այնքան էլ մեծ ազդեցություն չի ունենա»,- նշում է գրողը եւ հավելում, որ բոլոր ուժերը պետք է իրենց սեփական նախասիրությունները մի կողմ դրած՝ աշխատեն պնդացնել բանակցությունների գնացողների թիկունքը: Դավոյանը բարեբախտություն է համարում, որ ցեղասպանության եւ ղարաբաղյան հարցի մասին արձանագրությունում խոսք չկա, իսկ «խոսելը ոչ ոք չպետք է արգելի, բայց քննարկման առարկա դարձնել եւ նոր բանաձեւումներ անել՝ չի կարելի»: Սակայն բանախոսին անհանգստացնում են արձանագրության մեջ սահմանների վերաբերյալ բազմակողմանի համաձայնությունները. «Այսօր սահմանների նկատմամբ իրավունք չունենք անտարբեր ձեւանալ: Սահմանը միշտ էլ վերագծվելու հնարավորություն կա, եթե մարդկային բարի կամքը, միջազգային օրենքները եւ նախկինում եղած իրադարձությունների ֆոնը պարզ լինի մարդկությանը»: Իսկ Երվանդ Մանարյանը այս հարցերի մասին խոսելիս ակամա անեկդոտներ, ասացվածքներ է հիշում, որոնցից մեկը հնչեցրեց ասուլիսի ընթացքում. «Ընկույզ առանք, ընկույզ ծախեցինք՝ մեզ մնաց չխկչխկոցը»: Դերասանը վախենում է. «Հանկարծ այդ վիճակին չհանդիպենք: Հիմա թուրքերի հետ հարաբերվելը, գործ անելը կարող է մեզ այս խնդիրների առաջ կանգնեցնել: Ամեն ինչ կախված է նրանից, թե բանակցություն վարողները որքանով իմաստուն կլինեն: Փորձ չունենք, որովհետեւ պատմականորեն մեր իշխանավորները այդ հնարավորությունը չեն ունեցել»:
Լրագրողները հարց հնչեցրին՝ ինչպիսի՞ն է մտավորականության վերաբերմունքը: Ռ. Դավոյանն արձագանքեց. «Մտավորականության կարծիքն ո՞վ է հարցնում: Մենք լոզունգներ չենք կախելու եւ դուրս չենք գալու փողոց, թե մտավորական ենք: Ես իբրեւ անհատ եւ ազգի ներկայացուցիչ, ինձ նվաստացած եմ զգում, որ անընդհատ խոսում ենք խաբվելու մասին: Վախով ու նվաստացած վիճակով չպետք է հանդես գանք: Մեր խոսակցությունների 99 տոկոսը գարշելի մարունքներ են՝ մեկը մեկին ինչ տվեց, որ կուսակցությունը ում ինչ տվեց ու վերցրեց, որ կուսակցությունն է, որ հավատարմորեն է ձգտում իշխանության…»: Իսկ Ե. Մանարյանը զարմացած է. «Մեկուկես տարի է անցել մարտի 1-ից, չեն կարողանում լուծել՝ ով ում է սպանել»: Իսկ «Ժառանգության» պառակտումների մասին դերասանը համոզված էր, որ ամեն ինչ նախօրոք էր պլանավորված: