Դուդուկահարը վերջապես մասնակցեց ամերիկյան մրցույթին, քանի որ «գրին քարդ» ուներ
Հոլիվուդում անցկացվող Աշխարհի կատարողական արվեստների ամենամյա առաջնությանը Հայաստանը մասնակցում է 2000 թվականից: Հիշեցնենք, որ առաջին անգամ մասնակցելով 9-րդ առաջնությանը, թոփ մոդել Արտակ Բաղդասարյանը շահեց գրան պրի եւ ոսկե մեդալ (նա 2003-ից հանդիսանում է հիշյալ առաջնության հայկական բաժնի տնօրենը): 2005-06թթ. Հայաստանը չմասնակցեց հիշյալ առաջնությանը, բայց Սփյուռքի մեր հայրենակիցները առատ «հունձք» ունեցան: Սկսած 2000-ից, առաջնության պրեզիդենտ Գրիֆ Օ`Նիլլը քանիցս նամակ-երաշխավորագիր է հղել ՀՀ-ում Ամերիկայի դեսպանատուն՝ հայ արվեստագետների մուտքը ԱՄՆ թույլատրելու նպատակով: Ժամանակին «Առավոտին» նա հայտնեց հետեւյալը. «Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խոչընդոտում է Հայաստանի արվեստագետներին համաշխարհային հանրությանը ներկայանալու համար, չէ՞ որ դեսպանատունը պիտի նպաստի նաեւ երկու երկրների միջեւ մշակութային անցուդարձի խթանմանը»: Ի դեպ, այս տարի նույնպես դեսպանատունը ոչ մի արվեստագետի առաջնությանը մասնակցելու համար մուտքի թույլտվություն չի տվել: Պատճառներն իմանալու համար հարկ չհամարեցինք դիմել դեսպանատուն, քանի որ ունեինք նախորդ տարիների դառը փորձը:
Ճանաչված դուդուկահար Արտավազդ Թադեւոսյանը 2008թ. մասնակցելով հայրենական մի շարք մրցույթների, ցանկություն էր հայտնել մասնակցելու նաեւ հոլիվուդյան առաջնությանը: Նշենք, որ նա հայրենիքում ստացել է երաժշտական բարձրագույն կրթություն՝ ուսանելով Խաչիկ Խաչատրյանի, Գեորգի Մինասովի, Գեւորգ Դաբաղյանի եւ աշխարհահռչակ Ջիվան Գասպարյանի արվեստանոցներում: Ի վերջո, ինչ-ինչ պատճառներով, 2008թ. դուդուկահարին մուտքի թույլտվություն չտրվեց: Եվ այս տարի նա վերջապես մասնակցեց առաջնությանը՝ շահելով ոսկե մեդալ, շնորհիվ այն բանի, որ ընտանիքը շահել էր «գրին քարդ»:
«Առավոտը» կապվեց արդեն լոսանջելեսաբնակ Արտավազդ Թադեւոսյանի հետ: Հարցին, թե հայաստանյան մի քանի մրցույթների դափնեկիրը նպատակ չունի՞ վերադառնալ հայրենիք, մեր զրուցակիցն ասաց. «Դժվար է պատկերացնել, թե դուդուկը ինչ մեծ լսարան ունի Ամերիկայում: Իհարկե, ուսանելով ճանաչված վարպետների մոտ, այստեղ եւս կարիք ունեմ դուդուկի եւ ընդհանրապես երաժշտական գիտելիքներիս առումով վերապատրաստման»:
Հեռախոսային կարճ զրույցի ընթացքում Արտավազդ Թադեւոսյանը հայտնեց նաեւ, որ ինքը աշխատում է դուդուկը «ներմուծել» ջազային արվեստ, համարելով, որ դա նորարարություն է: