Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ «ՈՒԲՅՈՒ ԹԱԳԱՎՈՐԸ»

Սեպտեմբեր 12,2009 00:00

Մի քիչ հայհոյախառն, բայց բարձրարվեստ ներկայացում

\"\"Սեպտեմբերի 10-ին Կ. Ստանիսլավսկու անվան թատրոնում ՌԴ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինի ղեկավարած «Et Cetera» թատրոնը հանդես եկավ Ալֆրեդ Ժարիի «Ուբյու թագավորը» ներկայացմամբ, որ բեմադրել է Ալեքսանդր Մորֆովը: Երկու գործողությամբ այս տրագիֆարսը հանդիսատեսը դիտեց մեկ շնչով, չնայած ոմանք «Շեյլոկից» հետո մտավախություն ունեին, թե «Ուբյու թագավորն» էլ կարող է մի քիչ դժվարամարս ու փոքր-ինչ ձգձգված լինել: Այս ներկայացման համար ժամանակին Կալյագինին քննադատել են հայրենի թատերական քննադատները, բայց դա չի \"\"խանգարել, որ արդեն 8-9 տարի այն խաղացվի եւ բարձրագույն մրցանակներ ստանա հեղինակավոր փառատոներում: Քննադատությունների հիմնական պատճառը բեմադրության հայհոյախառն բառապաշարն է, որի հետ ոչինչ չես կարող անել. կան որոշ ազգեր ու ժողովուրդներ, այդ թվում՝ ռուսներն ու ամերիկացիները, որոնց կենցաղի մի մասն է հայհոյանքը, եւ յուրաքանչյուր 3-րդ բառն այդպիսին է ու ամենեւին էլ վիրավորական չի ընկալվում:

«Ուբյու թագավորը» ներկայացման հենց սկզբում հայտնվում է հեղինակը՝ «Ալֆրեդ Ժարին» ու ներկայանալով՝ վախվորած զգուշացնում ոչ բեմական բառապաշարի մասին: Սարկազմով լեցուն այս տրագիֆարսի գլխավոր հերոսը ժպտացող դիմակով մշտապես ծամածռվող Հայրիկ Ուբյուն է: Վերջինս իրականում մի հրեշ է, որը իշխանության գալու ճանապարհին դաժանորեն ջարդուփշուր է անում ամեն ինչ ու հայհոյում բոլորին: Բեմադրության հեղինակներն ասում են, որ իրենք պարզապես հետեւել են Ա. Ժարիի գրած տեքստին՝ չվախենալով առաջինը Ռուսաստանում ներկայացնել նրա պիեսը: Նշենք, որ Հայրիկ Ուբյուի դերի համար Ա. Կալյագինը արժանացել է «Ոսկե դիմակ» մրցանակի՝ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում: «Ուբյու թագավորը» սկսվում է գլխավոր հերոսի բերանից հնչող «ՋՏտՈ», «ՊպՐՖՎՏ» բառերով. հանդիսատեսը շոկի մեջ է՝ ինչպե՞ս կարելի է… Քիչ անց Կալյագինը «ներվում» է՝ խաղը փառահեղ է. կարմիր գլխարկով, ահավոր լայն փոխանով, մտավոր ունակությունների պակասը դեմքին դրոշմված օտարերկրացի այս Քաջ Նազարը՝ իր նման բթամիտների խմբի ու մայրիկ Ուբյուի (Օլգա Բելովա) հետ իշխանափոխություն է կատարում: Սարսափելի է, որ գահին հայտնվում է ոչ համապատասխան մեկը: Բնականաբար, ինչպես պատմության մեջ հանդիպող բազմաթիվ օրինակների, նաեւ այս դեպքում, հետեւում են հակաժողովրդական ռեֆորմները, օրինակ, հանուն հայրենիքի բարգավաճման՝ ոչ տառաճանաչ Հայրիկ Ուբյու արքան կրճատում է բնակչության թիվը, կամ, ըստ հերոսի. «Когда страна в жопе – один выход: война»: Ներկայացումն ավարտվում է նման տողով. «Убили всех. И Заславского, и Смелянского, и Соколянского… Они слишком много болтали!Прекращу и я болтать… Ի դեպ, թվարկվածների թվում նաեւ այն թատերական քննադատների ազգանուններն են, որոնց ու Կալյագինի «ջուրը մի առվով չի գնացել»: Ինչպես արդեն նշեցինք, «Ուբյու թագավորը» տրագիֆարս է, իսկ ֆարսը այնքան էլ պարզունակ ժանր չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, բայց Կալյագինին ու հրաշալի թատերախմբին տրված է սկանդալային նյութին հաղթելու շնորհը: Ներկայացման գունեղությանը նպաստել էին ե՛ւ հետաքրքիր դեկորներն ու բեմական կոստյումները, ե՛ւ լուսային խաղը, ե՛ւ աշխույժ ու համապատասխան տրամադրություն ստեղծող երաժշտությունը: Չկար որեւէ ավելորդ դետալ կամ չհիմնավորված դադար… Հայ հանդիսատեսին Կալյագինն «իրենով» էր արել: Բուռն ծափահարությունների ու բրավորների ներքո դերասաններին երեք անգամ բեմ հրավիրեցին: Ինձ առանձնապես դուր եկավ այն, որ արտիստները խաղում էին՝ իրենց չխնայելով, առանց «գլուխ պահելու», իրենց համար մեկ էր՝ թե որ երկրի ու ինչ բեմում են: Երեւանում այդպես ոչ միշտ է պատահում՝ հատկապես հայտնիների դեպքում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել