Թայվանի նախկին նախագահ Չեն Շույբյանը եւ նրա տիկինը՝ ՈՒ Չուչժենը, Տայբեյայի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել կոռուպցիայի՝ կաշառակերության եւ «նախագահի հատուկ ֆոնդից» մի քանի միլիոնների հասնող գումարի լվացման մեջ ու դատապարտվել են ցմահ ազատազրկման: 50-ամյա Չենին վաղուց էին կասկածել իր պաշտոնավարման 8 տարիների՝ 2000-2008թթ. ընթացքում պետական միջոցների փոշիացման եւ այլ ֆինանսական մեքենայություններ անելու մեջ: Սակայն նախկին նախագահը այն ժամանակ անձեռնմխելի էր, եւ նրա նկատմամբ հնարավոր չէր եղել քրեական հետապնդում իրականացնել: Նա կալանավորվել եւ մեկուսարան էր տեղափոխվել անցած տարվա նոյեմբերին: Այս մասին փոխանցում է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը: Դատախազները գտնում են, որ Թայվանի նախկին ղեկավարի եւ նրա ընտանիքի կողմից յուրացվել է շուրջ 24 մլն դոլար: Նախաքննական մարմնի վարկածով, նախկին նախագահի կինը ժամանակին մի բիզնեսմենից մեծ հողատարածք գնելու թույլտվության դիմաց ստացել է 2,2 մլն դոլարի կաշառք: Տիկնոջ ասելով, դա եղել է ոչ թե կաշառք, այլ՝ իր ամուսնու ղեկավարած Ժողովրդավարական առաջադեմ կուսակցության հիմնադրամին տրված նվիրատվություն: Ու եթե, աղբյուրի փոխանցմամբ, նախկին նախագահը հնարավորություն է ունեցել «ջրից չոր դուրս գալ», որովհետեւ մեղադրողներին դժվար էր լինելու ապացուցել նրա կողմից կաշառակերության փաստը, ապա նրա տիկինը պատասխանատվությունից խուսափելու շանս չի ունեցել: Նրա դեմ վկայություններ է տվել մի քանի մարդ:
Այդ գործով անցնում են նաեւ Թայվանի 12 բարձրաստիճան պաշտոնյաներ: