Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը հիմք կունենա

Սեպտեմբեր 12,2009 00:00

Արդեն մեկ շաբաթ է, ինչ սկսվել է Վանաձոր -Ալավերդի գլխավոր մայրուղու՝ քաղաքի մուտքի մոտ, երկաթգծին հարող վթարային վիճակում հայտնված ճանապարհի հենապատի վերանորոգումը: Հենապատը վերջին անգամ վերանորոգվել է 38 տարի առաջ՝ 1972 թվականին: Սրա մասին վկայող «արձանագրություն» կա հենց հենապատի վրա:

Ինչպես տեղեկացրեց ճանապարհի շինարարական աշխատանքները կատարող բրիգադի աշխղեկ Սամվել Պապոյանը, ճանապարհի վերանորոգման աշխատանքների պատվիրատուն «Հայճանշինն» է. «Շինարարական աշխատանքների արժեքը 118 միլիոն դրամ է: Բայց այս տարի փոքր-ինչ քիչ ենք ծախսելու, ճանապարհը վերանորոգվելու է մինչեւ թունելի մոտ, 45 մետր հենապատ է վերանորոգվելու»,- տեղեկացրեց աշխղեկը: Սամվել Պապոյանն ասաց, որ վթարված ճանապարհի հենապատի վերանորոգումը մտնում է գլխավոր մայրուղու ձմռան նախապատրաստման ծրագրի մեջ. «Եթե ամեն ինչ լավ գնա, ճանապարհի վերանորոգման աշխատանքները կավարտենք մինչեւ հոկտեմբերի վերջը»:

Ճանապարհի այս հատվածում արդեն 3 անգամ հենապատ է դրվել: «Չեմ ասի, թե նախկինում հենապատի վերանորոգման աշխատանքները անորակ են կատարել, պարզապես նախկինում այսքան ծանր տրանսպորտ չկար: Ճանապարհի տակը հիմք չկա, 9 մետր իջնելու ենք ներքեւ, հիմքի լայնությունը միայն 5,5 մետր պետք է լինի: Պետք է ամբողջությամբ բետոնապատենք»,- ասաց Սամվել Պապոյանը:

Շինարարները առանձնապես զգույշ էին աշխատում շինարարության ընթացքում երկաթգիծը չվնասելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել