Բերքի հույս չկա, սերմը քիչ է, եկամուտները լավ չեն հավաքվում, պարտքերը չեն մարվում, հանրությունը իրազեկված չէ:
Ընթացիկ տարին Սյունիքի մարզի գյուղատնտեսության համար ամենաանհաջողն էր վերջին տարիների համեմատ: Եղանակային վատ պայմանների հետեւանքով մարզի գյուղատնտեսությանը նախնական հաշվարկներով հասցվել է 3 միլիարդ դրամի վնաս. 1,241 միլիարդ՝ այգեգործությանը, 981 միլիոն՝ դաշտավարությանը, մնացածն էլ՝ այլ բնագավառներին:
Այս տարի 3500 հեկտար ցանքատարածություններից խոտանվեց մոտ 2500 հեկտարը եւ որպես խոտ հնձվեց: Քիչ է հացահատիկային ցանքատարածություններից հնձվող միջին բերքը: Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը Սյունիքի մարզխորհրդի երեկվա նիստում հայտարարեց, որ հացահատիկային մշակաբույսերի եւ բանջարանաբոստանային կուլտուրաների բերքի վրա մեծ եւ բացասական ազդեցություն թողեց նաեւ հանքային պարարտանյութերի չօգտագործման փաստը՝ ուշացումով մարզ ներկրված 241 տոննա ազոտական պարարտանյութի օգտագործումը լիարժեք արդյունք չէր կարող տալ: «Այսօր շուկայում մեկ լիտր դիզվառելիքը վաճառվում է 310-320 դրամով, այն դեպքում, երբ 1կգ հացահատիկն ալրաղացներն ընդունում են 80-95 դրամով եւ հացահատիկի մեկ հա միջին բերքը կազմում է 10-13 ցենտներ, ինչն էլ գյուղացիական եւ ֆերմերային տնտեսություններին սնանկացման կհանգեցնի»,- ընդգծեց գյուղվարչության պետը:
Մարզում ընթացիկ տարվա աշնանացան ցորենի սերմի պակասի լուրջ խնդիր կա: Քաջիկ Խաչատրյանը հավաստիացրեց, որ խնդիրն անլուծելի կլինի, եթե գյուղնախարարությունը կամ կառավարության միջամտությունը չլինի այս հարցում: Նախնական հաշվարկներով՝ աշնանացանի համար մարզում պետք է օգտագործվի 5000-6000 տոննա սերմ, այնինչ այսօր մարզում սերմի 2000-2500 տոննայի պաշար կա՝ ընդհանուր պահանջարկի ընդամենը 40 տոկոսը:
Ինչպես այլ մարզերում, Սյունիքում նույնպես կարեւորագույն խնդիրներից է սեփական եկամուտների հավաքագրումը: Մարզի համայնքների եկամուտների հավաքագրման 2009 թվականի բյուջեներով ութ ամսվա նախատեսված 832 միլիոն դրամի փոխարեն սեպտեմբերի 1-ի դրությամբ հավաքվել է 530 միլիոն՝ սպասվածի 64 տոկոսը: Նախորդ տարվա համեմատությամբ, փաստացի մուտքերն ավելացել են 148 միլիոն դրամով: Ի դեպ, ըստ համայնքների հաշվետվությունների, կան գյուղեր, որ գույքային հարկերի հավաքագրումը ապահովել են 300-400%-ով, ինչը նշանակում է, որ համայնքների բյուջեները իրատեսական չեն, կազմված են սխալ: Դրանք են Նորաշենիկ, Սյունիք, Դաստակերտ եւ Որոտան համայնքները: Ի հակադրություն սրան, Սյունիքում կան համայնքներ, ուր համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության վարձավճարների հավաքագրումը զրոյական վիճակում է. Հալիձոր, Դավիթ-Բեկ, Հարթաշեն, Դարբաս, Սալվարդ, Մուծք եւ այլն: Իսկ ահա Կապան քաղաքը սեփական եկամուտների հավաքագրման հարթությունում Հայաստանում առաջինն է:
Այս տարի Սյունիքում աշխատավարձի գծով պարտքեր գրեթե չեն առաջացել: Սակայն նախորդ տարիների պարտքերը դանդաղ են մարվում: Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի տվյալներով, 116 միլիոն դրամ աշխատավարձի եւ սոցապահովագրության վճարների պարտքից մարտի 1-ի դրությամբ մարվել էր 41 միլիոն, իսկ մարտից-սեպտեմբեր՝ ընդամենը 14 միլիոն:
Սյունիքի համայնքներում հանրային իրազեկման հարցում էլ խնդիրներ կան: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների գերակշռող մասում ոչ միայն համայնքապետարանների մատույցներում չեն փակցվում ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումները, այլեւ վատ վիճակում են տեղեկատվական ցուցատախտակները: Պատաճ չի իրականացվում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հանրային իրազեկման գործընթացը՝ քաղաքային համայնքներում: Առ այսօր լրատվամիջոցներով չեն եղել հրապարակումներ այդ մասին: Որոշումները նունիսկ չեն փակցվում քաղաքապետարաններում գտնվող տեղեկատվական անկյուններում: Բացի այդ, քաղաքային համայնքների ղեկավարները անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկեն վեբ-կայքերը ստեղծելու եւ դրանց պատշաճ սպասարկումն ապահովելու ուղղությամբ, որի համար կան անհրաժեշտ տեխնիկական եւ կադրային նախադրյալները: Ներկա դրությամբ վեբ-կայք ունի միայն Կապան քաղաքային համայնքը: