Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կտրուկ աճել են սեռական բնույթի հանցագործությունները

Սեպտեմբեր 12,2009 00:00

65 տոկոսը՝ կույս է եղել

Սեռական բնույթի հանցագործություններովի կտրուկ աճ է արձանագրվել: 2008 թ. արձանագրվել է սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններով Հայաստանի համար աննախադեպ աճ՝ 63 դեպք, 2007 թ. 33-ի դիմաց:

63 տուժածներից 2-ը կամ 3%-ը տղամարդիկ են: 61-ը կամ 97 %-ը՝ կանայք: Նրանցից 40-ը կամ 65 %-ը կույս է եղել: Տուժողներից 50-ը կամ 79 %-ը անչափահաս է:

Հայաստանի գլխավոր դատախազության կոլեգիայի վերջին նիստերից մեկը նվիրված էր 2004-2008 թթ. կտրվածքով ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներին, այդ հանցագործությունները ծնող պատճառներին եւ իրականացվելիք կանխարգելիչ քայլերին:

Քննարկումը տեղի է ունեցել սեռական բռնությունների, այդ թվում՝ թրաֆիքինգի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քանի որ ՀՀ գլխավոր դատախազությունում գտնում են, որ հանցագործությունների դեմ միայն իրավապահների պայքարը բավարար չէ, դրան պետք է միանան նաեւ հասարակության բոլոր շերտերը:

Նման հանցագործությունների միջազգային փորձի ուսումնասիրությունը, ըստ հայրենի իրավապահների, ցույց է տվել, որ Հայաստանում արձանագրվել է 100.000 բնակչին բաժին ընկնող սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների նվազագույն ցուցանիշը (միջինը՝ 1.5 դեպք): Համեմատության համար նշենք, որ 2004-2008 թթ. ընթացքում ԱՊՀ երկրների մեջ 100.000 բնակչին բաժին ընկնող սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների միջին առավելագույն ցուցանիշ է արձանագրվել ՌԴ-ում՝ 12.7 դեպք, իսկ դրանից ավելի բարձր ցուցանիշներ ունեն Գերմանիան՝ 36.9, ԱՄՆ-ն՝ 186.6:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ վիճակագրական տվյալները չեն արտահայտում ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում տիրող իրական վիճակը. այս տեսակի հանցագործություններն ունեն լատենտայնության բարձր մակարդակ, սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգությունները տեղի են ունենում ինտիմ միջավայրում, եւ տուժողները խուսափում են հրապարակայնացումից՝ չցանկանալով ենթարկվել լրացուցիչ բարոյական տրավմայի: Բացի այդ, տուժողները որոշ դեպքերում վախենում են, որ իրենց նկատմամբ բռնություն գործադրած անձինք վրեժ կլուծեն իրենցից: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավապահ մարմիններին չեն դիմում հատկապես ամուսնացած կամ ազգականների կողմից բռնությունների ենթարկված կանայք:

Ուսումնասիրությունների արդյունքներով՝ հանցագործությունների համար խոցելի խմբերը հիմնականում սոցիալապես անապահով, նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ չունեցող երեխաներն են:

Զարհուրելի է դեպքերից մեկը, երբ մայրն օժանդակել է, որպեսզի իր ընկերը սեռական հարաբերություն ունենա իր անչափահաս դստեր հետ: Այսպես՝ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ Տ. Հ.-ն, 2003 թվականից ինտիմ հարաբերությունների մեջ գտնվելով Ս. Ն.-ի հետ, 2008 թ. հուլիսին նախապես համաձայնության է եկել վերջինիս հետ, նրա դստեր՝ անչափահաս Լ. Խ.-ի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու եւ նրան բռնաբարելու մասին:

Իրականացնելով իրենց հանցավոր մտադրությունը՝ 2008 թ. հուլիսի վերջին Ս. Ն.-ն Ագարակ քաղաքում գտնվող իր տանը ծեծի ենթարկելով դստերը՝ Լ. Խ.-ին, ուժով հանել է նրա հագուստները, մերկ պառկեցրել անկողնում, իսկ Տ. Հ.-ն սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Մի քանի օր անց՝ նույն սենյակում, Ս. Ն.-ն, կրկին ծեծի ենթարկելով դստերը, հանել է նրա հագուստները, իսկ Տ. Հ.-ն, վերջինիս կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Հատկանշական է, որ 63 դեպքից 11-ը կամ 17.5 %-ը կատարվել է թմրանյութ կամ ալկոհոլ օգտագործած վիճակում: Թմրանյութը, մասնավորապես, առկա է գործերից մեկով. բռնացողը օգտագործել է կոկաին՝ իր զոհին անօգնական վիճակի հասցնելու համար:

Մեկ այլ գործով՝ Հրազդան քաղաքի ջրմուղկոյուղու աշխատակից Ռ. Խ.-ն 2007 թ. մարտի 8-ին այցելել է Հրազդան քաղաքի հանրակացարանի 954 սենյակ, որտեղ Ն.Մ.-ին հայտարարել է, որ օգտագործած ջրի դիմաց խոշոր պարտք ունեն: Միաժամանակ նա հայտնել է, որ հավանել է վերջինիս աղջկան՝ 1995 թ. ծնված Ն.-ին եւ ցանկանում է ամուսնանալ: Ն. Մ.-ն նրան ասել է, որ դուստրը դեռ 12 տարեկան չկա: Դրանից 2-3 օր անց Ռ. Խ.-ն կրկին եկել է Ն. Մ.-ի բնակարան, որտեղ վերջինիս եւ դստեր հետ օգտագործել են ալկոհոլ: Ցանկություն հայտնելով գիշերել Ն. Մ.-ի բնակարանում՝ 12 տարին չլրացած Ն. Զ.-ի հետ, վերջինիս համաձայնությամբ, սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել