Քաղաքացիական ակտիվության եւս մի դրսեւորում
Գարիկ Կուրղինյանը հայտնի էր նրանով, որ բաց թանգարան էր ստեղծել մայրաքաղաքի Բուսաբանական այգու մուտքի մոտ: Այդ տարածքում նա աճեցրել էր ծառեր, տեղադրել իր քանդակները: Գարիկի տարածքում գտնվելու համար գումար ու տոմս պետք չէր. այն բաց էր ցանկացած բնապաշտի առաջ: Սակայն նրան վտարեցին այդ տարածքից, ու Գարիկը դիմումներ էր հղում տարբեր ատյաններ: Նախ՝ իր քանդակների տեղահանման, ոչնչացման, դրանք չվերադարձնելու, իրեն հասցված նյութական եւ բարոյական վնասի համար:
Դիմումներին ընթացք չտրվեցին:
Նա դիմեց ՀՀ վարչական դատարան՝ Հայաստանի նախագահի դեմ հայցադիմումով, պահանջելով՝ «Վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանում, որտեղ բոլորը պետք է պատասխանատվություն ունենան գործող Սահմանադրության առջեւ՝ անկախ իրենց ֆինանսական կարողություններից եւ զբաղեցրած պաշտոններից»:
Սակայն վարչական դատարանի դատավոր Տիգրան Մուկուչյանը հայցադիմումի ընդունումը մերժել էր, պատճառաբանելով՝ «Ներկայացված հայցադիմումը եւ դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի պահանջներին»:
Երեկ «Առավոտին» քանդակագործ Գարիկ Կուրղինյանն ասաց, որ հայցադիմումում մեջբերել էր «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է ՀՀ-ում վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, այդ ակտերը, ինչպես եւ վարչական մարմինների գործողություններն ու անգործությունը բողոքարկելու ձեւերը, վարչական ակտի կատարման, ծախսերի, ինչպես նաեւ վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված՝ վարչական մարմինների եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջեւ ծագած հարաբերությունները: Նա հայտնեց, որ մանրամասն վերլուծել էր օրենքի հիմնական նպատակները եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքը պարունակում է Հայաստանում քիչ ուսումնասիրված եւ դատական պրակտիկայում գրեթե չկիրառված դրույթներ, փորձել էր՝ օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իր ՀՀ քաղաքացու իրավունքներից: Նա պահանջել էր, որպեսզի վարչական մարմինների եւ քաղաքացիների միջեւ հարաբերություններում իրագործվեն վարչական մարմինների գործելակերպի վերաբերյալ իրավական պետության հիմնարար սկզբունքները:
Գ. Կուրղինյանը լավատեսորեն համոզված էր, որ իր կողմից բերված փաստերը, հիշատակված սահմանադրական սկզբունքներն ավելի քան բավարար էին: Նա հայցադիմումում, «բյուրոկրատական անհիմն քաշքշուկներից խուսափելու համար», կետ առ կետ նշել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված 72 հոդվածի կատարումը: Հայցվորը նշել էր, որ հոդված 3-ի բոլոր կետերով խախտվել են իր իրավունքները, իսկ իր գործով «որպես պատասխանողներ հանդես էին գալիս ՀՀ կառավարության ուժային նախարարությունները, դատախազության, ոստիկանության եւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունները՝ իրենց կատարած ֆաշիստական, վանդալիստական եւ ահաբեկչական գործողությունների առումով»:
Գ. Կուրղինյանը տեղեկացրեց, որ նամակ էր ուղարկել նաեւ Ազգային ժողով, սակայն, ինչպես ինքն է ասում՝ «փոխանակ ընթացք տալու իմ ներկայացրած մեղադրանքներին, կատարվեց ԱԺ նախագահի հանկարծակի փոփոխում եւ իմ կողմից ներկայացրած մեղադրանքների հիմք հանդիսացող ապացույցների վերացում, այսինքն՝ նախագահի անօրինական գործողությունները վերադասության կարգով չստացվեց բողոքարկել մեր իրավական կոչվող պետությունում»:
Հետաքրքիր է, որ վարչական դատարանը հայցը վերադարձնելը հիմնավորել էր նաեւ նույն հոդված 3-ի պահանջներով, որով Գ. Կուրղինյանը հիմնավորում էր իր արդար պահանջը: