Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵ՞Ն ՀԱՄԱՐՁԱԿՎՈՒՄ ՏՈՒԳԱՆԵԼ

Սեպտեմբեր 12,2009 00:00

Եթե ՏԻՄ-ի ղեկավարներն ուզենային, օրինախախտ քաղաքական գործիչներից ու բիզնեսմեններից մեծ գումարներ կգանձեին

Մայրաքաղաքում արտաքին գովազդի վերահսկողը տեղական ինքնակառավարման մարմիններն են: Ըստ «Գովազդի մասին» օրենքի, համայնքներում որեւէ ցուցապաստառի, պլակատի կամ ազդագրի տեղաբաշխման կարգը, գովազդի քանակը, ծավալը որոշում, թույլատրում կամ արգելում են հենց թաղապետարանները: Սակայն այսօր ակնհայտ է, որ որեւէ համայնքապետարան չի վերահսկում, թե իր տարածքում որ ընկերությունն ինչ գովազդ է տեղադրում, ինչ բովանդակությամբ եւ ինչքան խախտումներով: Հակառակ դեպքում, հենց միայն այդ խախտումների համար վարչական տույժեր կիրառելու դեպքում մեր պետբյուջեն բավականին կհարստանար:

\"\"«Արմավիայի» այս գովազդը տեղադրված է Իսակովի պողոտայում: Ընկերությունը գտնում է, որ «Արմավիան» ազգային արժեք է: Հաշվի առնելով, որ, ըստ օրենքի, գովազդը պետք է լինի հավաստի եւ պատշաճ, տեղական ինքնակառավարման մարմինները, թերեւս, պետք է ընկերությանը տրամադրեին իրական ազգային արժեքների ցանկը, թե չէ՝ շատ շուտով նույն տարածքում կտեղադրվի նոր գովազդ՝ «Բաղդասարովն ազգային արժեք է» կարգախոսով: Այս գովազդում նաեւ խախտված է օրենքի 5-րդ հոդվածը, ըստ որի՝ մեր երկրում գովազդի լեզուն հայերենն է եւ այլ լեզուներով շարադրանքը պետք է լինի համեմատաբար փոքր տառերով: Մինչդեռ այս վահանակի վրա ռուսերեն եւ անգլերեն տեքստն ավելի մեծ է, քան հայերեն տարբերակը:

Մայրաքաղաքի բոլոր համայնքներում տեղադրված են մի քանի տասնյակ այսպիսի գովազդային պաստառներ ու վահանակներ, որոնք այլալեզու են եւ խախտում են օրենքը:

\"\"
\"\"
\"\"

Եթե որեւէ թաղապետարան հստակ կատարեր իր լիազորությունները, նման վահանակներից յուրաքանչյուրի համար պետք է գովազդատուից եւ գովազդ արտադրողից գանձվեր նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով տուգանք:

Այս պատկերը Հանրապետության հրապարակում տեղակայված Պատմության թանգարանի շենքից է: Պատմական եւ ճարտարապետական հուշարձանների ներսում եւ նրանց տարածքում արգելվում է գովազդ տեղադրել, մինչդեռ «Հպարտ եղիր, որ հայ ես» կարգախոսով գովազդներն այնքան փնթի ու անօրինական տարածքներում են տեղադրված, որ ակամա ստացվում է հակառակը՝ «Ամաչիր, որ հայ ես»:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվել են 2007-ի մայիսի 12-ին: Ընտրական օրենսգրքի համաձայն, քվեարկությունից 1 օր առաջ արդեն թեկնածուները պետք է հոգ տանեն, որ իրենց քարոզչական պաստառներն ապամոնտաժվեն: Մինչ օրս «ՏԷՑ-ի կրուգի» տարածքում՝ Արցախի փողոցի հանրակացարանի շենքի վրա փակցված են թիվ 11 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Գրիգորի Մարգարյանի գովազդները՝ «գործը շարունակելու հաստատակամությամբ» կարգախոսով: Եթե համայնքապետարանն էլ հաստատակամություն ունենա ու վարչական տույժեր կիրառի, տուգանքը՝ երկու տարվա համար, բավականին կլոր գումար կկազմի:

 

\"\"Թաղապետարաններին վերահսկող մարմինը՝ քաղաքապետարանը, ինքն էլ խախտում է օրենքը: Նույն հանրակացարանի շենքի վրա դեռ մնացել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզչապաստառը, մինչդեռ քաղաքապետի ընտրություններն անցկացվել են այս տարվա մայիսի 31-ին: Այս գովազդներն ապացուցում են, որ, իսկապես, այս հանրակացարանը հիշում են միայն ընտրությունից ընտրություն. բերում, գովազդները տեղադրում են ու անհետ կորչում:

\"\"

Մայրաքաղաքի ամեն երկրորդ պատի վրա կարելի է տեսնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական գովազդները՝ տարբեր ընտրություններից մնացած: «Մեր խոսքը գործ է» կուսակցության կարգախոսը կարդալով՝ կարելի է կարծել, որ կուսակցությունը խոսք է տվել այդ գովազդները հավերժ թողնել շենքերի պատերին:

Իսկ այս հրաշք երեխայի լուսանկարը փակցված է մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցներում: Նորածնի լուսանկարի վրա նշված է՝ «Նա ՄԻԱՎ-ը ձեռք է բերել իր մայրիկից. պայքարենք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ»: Քանի որ այս գովազդի պատվիրատուները «ՎիվաՍել» եւ «Կարմիր խաչ» կազմակերպություններն է, մենք հետաքրքրվեցինք, թե իսկապե՞ս այդ երեխան վարակակիր է եւ ինչպե՞ս են նրա ծնողները թույլ տվել լուսանկարները տարածել ողջ քաղաքում: «ՎիվաՍելից» պատասխանեցին, որ այդ երեխան իրականում ՄԻԱՎ չունի. «Նրա նկարը վերցրել ենք ինտերնետից՝ կոմերցիոն նպատակների համար նախատեսված լուսանկարների բազայից՝ որոշակի գումարի դիմաց»: «Կարմիր խաչից» էլ հայտնեցին, որ գովազդում օգտագործված լուսանկարը ենթարկվել է համակարգչային մշակման եւ կոնկրետ երեխայի լուսանկար չէ, հետեւաբար էթիկայի խնդիր չի կարող առաջանալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել