Նախօրեին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Վեհափառ հայրապետի օրհնությամբ եւ կառուցման նախաձեռնող՝ արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի մանկապարտեզի բացումը:
Բացման արարողությանը ներկա էին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ու գործարարներ: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Արեւադաշտի գյուղապետ Վաչիկ Ասատրյանի խոսքով, իրենց երեխաներին մանկապարտեզ տանելու համար արդեն դիմել են ոչ միայն իրենց, այլեւ հարակից գյուղի բնակիչներ: «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով գյուղի խնդիրներին, գյուղապետը ասաց, որ գյուղն ամբողջությամբ խնդիրներով է ծանրաբեռնված. «Մանկապարտեզից հետո գյուղապետարանի վերանորոգման հարցն է նախատեսված: Բացի այդ, գյուղը չունի հիվանդանոց, կան միայն տարրական բուժսպասարկման համար նախատեսված պայմաններ»:
Գյուղապետը չկարողացավ մտաբերել, թե վերջին անգամ երբ են գյուղի բժիշկները վերապատրաստման դասընթացներ անցել, միայն նշեց, որ այն առաջիկայում նախատեսվում է: Արգենտինահայ բարերարը մարզի բժշկական կենտրոնին նվիրեց նաեւ նոր շտապօգնության մեքենա, որն ամբողջությամբ սարքավորվել է ԱՄՆ-ում: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կարեւորելով մարզերում նման նախաձեռնությունները, բարձր գնահատեց բարերարի գործունեությունը իրենց մարզում. «Արդեն կազմել ենք առաջնահերթ խնդիրներով հարուստ գյուղերի ցանկը եւ մոտ ժամանակներում քննարկումներ կլինեն 2010 եւ հաջորդ տարիներին ծրագրեր իրագործելու համար»: Մարզպետը նշեց նաեւ, որ վերջին 3 տարիներին մարզի շուրջ 34 դպրոց է վերանորոգվել, 32 դպրոցում էլ լուծված են ջեռուցման խնդիրները, բացվել են 7-ից ավելի համակարգչային դասասենյակներ եւ ապահովվել են լաբորատոր սարքավորումներով: Իրենց առաջիկա ծրագրերի մեջ է մտնում նաեւ Արեւադաշտի դպրոցի վերանորոգման հարցը եւ որոշ գյուղերում ավագ դպրոցներ հիմնելու գործը: