Այս տարվա հունիսի 30-ին Վերահսկիչ պալատը ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007-2009թթ. ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքները:
Վերահսկիչ պալատի հաշվետվության համաձայն, հանձնաժողովի նկատմամբ արձանագրել են 444 մլն 240 հազար դրամ լրացուցիչ բյուջե մուտքագրվող գումարներ: Դրանք այն գումարներն են, որոնք չեն գանձվել ռադիոհաճախականությունների օգտագործման, ինտերնետ կապի ծառայության, ռադիոմոդեմային կապի համար եւ այլն: Թեեւ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստի ընթացքում լրագրողներին տեղեկացվել էր, որ հանձնաժողովից այս առնչությամբ ոչ մի առարկություն չեն հայտնել, սակայն հենց հաջորդ օրը հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ «խորը մտահոգություն հայտնելով հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների, հնչեցված մեկնաբանությունների եւ մեղադրանքների կապակցությամբ»: Հաղորդագրության մեջ ասված էր նաեւ. «կտրականապես մերժելով հնչեցված անհիմն գնահատականները եւ մեղադրանքները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, որ մոտ օրերս պաշտոնական հաղորդագրություն կհրապարակի՝ նպատակ ունենալով հավաստի տվյալներ ներկայացնել հանրությանը՝ Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ»:
Թերեւս հանձնաժողովը արդեն մոռացել է հանրությանը խոստացած պատասխանի մասին, քանի որ անցել է 2 ամսից ավելի, սակայն Վերահսկիչ պալատի հնչեցրած մեղադրանքների պատասխանը այդպես էլ չհրապարակվեց: Մնում է ենթադրել, որ կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը փոշմանել է իր հայտարարության համար ու համակերպվել մեղադրանքներին, կամ էլ որոշել է «կրակին յուղ չլցնել» ու հարցերը այլ կերպ կարգավորել:
Երեկ «Առավոտը» հանձնաժողովից հետաքրքրվեց, թե չե՞ն պատրաստվում պատասխանել Վերահսկիչ պալատին: Լրատվական ծառայությունից պարզաբանեցին. «Հանձնաժողովը հարցի առնչությամբ մտադիր չէ առաջիկայում ասուլիս հրավիրել: Այն լրատվամիջոցների լրագրողները, որոնք կմասնակցեն հանձնաժողովի նիստերին, կարող են թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող որոշ հարցերի շուրջ մեկնաբանություններ ակնկալել հանձնաժողովից»:
Ստացվում է, որ բոլոր նրանք, ում հետաքրքրում է, թե ինչ պատասխան ունի Ռ. Նազարյանն իր ղեկավարած հանձնաժողովին ուղղված լուրջ մեղադրանքներին, պետք է ուշադիր հետեւի, թե երբ է այս կամ այն լրագրողը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով նիստի ժամանակ հարց ուղղելու հանձնաժողովի նախագահին, ընդ որում, Ռ. Նազարյանը կխոսի ոչ թե բոլոր մեղադրանքների մասին, այլ միայն՝ «որոշ հարցերի շուրջ»: