Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՐԱՖԻՔԻՆԳ՝ «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ»

Սեպտեմբեր 12,2009 00:00

Բողոքում է Ֆրանսիայում ապրող ՀՀ քաղաքացին

\"\"

Հատկապես վերջին շրջանում Հայաստանում մոդայիկ է դարձել թաֆիքինգի դեմ պայքարի մասին խոսելը, թերեւս, այն պատճառով, որ միջազգային կազմակերպություններն են կարեւորում այդ խնդիրը, նաեւ ՀՀ կառավարությանն են աջակցում այդ արատավոր երեւույթի դեմ պայքարելու համար: Հայաստանի պետական պատկան մարմիններն էլ, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, պատեհ առիթները բաց չեն թողնում խոսելու այդ ոլորտում իրենց կատարած մեծագույն աշխատանքների ու նաեւ հաջողությունների մասին: Չգիտեմ, որքանով է թրաֆիքինգի դեմ պայքարը մեր կառավարության համար լուրջ զբաղմունք, բայց այն պատմությունը, որը ներկայացնում է արդեն ավելի քան մեկ տարի եվրոպաներում անտուն ու անիրավունք ապրող ՀՀ քաղաքացի Աստղիկ Դանիելյանը, պետք է որ հետաքրքրի թրաֆիքինգի դեմ պայքարող պատկան կառույցներին: Ի սկզբանե շեշտենք, որ 37-ամյա Աստղիկի պատմությունը նման չէ, օրինակ՝ Արաբական Էմիրություններում կամ Թուրքիայում սեռական շահագործման ենթարկված կանանց պատմություններին: Այս դեպքում խոսքը Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան, Իտալիայի քաղաքացի Ռաուլ դը Լյուցենբերգերի եւ նրա տիկնոջ՝ բելառուսցի Հրուշայի կողմից ՀՀ քաղաքացուն աշխատանքային շահագործման ենթարկելու փաստի ու նաեւ՝ արտերկրում ՀՀ դեսպանատների խղճահարության արժանի լինելու մասին է:

Որպեսզի այս հարցի շուրջ ավելորդ շահարկումներ չլինեն, հարկ ենք համարում ներկայացնել Աստղիկ Դանիելյանի՝ «Առավոտին» փոխանցած նամակը՝ չնչին խմբագրումներով, որը նա դեռ 2009թ. փետրվարի 2-ին ֆրանսերեն լեզվով գրված՝ հասցեագրել էր Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանին: «2008թ. մարտի սկզբին, «Աքսեպտ» աշխատանքի գործակալության միջնորդությամբ, որի հետ ունեմ կնքված պայմանագիր 2004թ.-ից ի վեր, Երեւանում աշխատանքի եմ ընդունվել ՀՀ-ում Եվրախորհրդարանի դեսպան պրն Ռաուլ դը Լյուցենբերգերի եւ նրա տիկնոջ՝ Նատալիա Հրուշայի ընտանիքում՝ որպես նրանց երկուսուկես տարեկան դստեր՝ Ջուլիա դը Լյուցենբերգերի դայակ-դաստիարակ: Աշխատանքային պայմանագիր կնքելու մասին իմ բազմաթիվ պահանջներին տիկ. Հրուշան պատասխանում էր՝ «շուտով»: Ժամանակն անցնում էր՝ առանց խոստման կատարման: 2008թ. մայիսի սկզբին տիկ. Հրուշան ինձ առաջարկեց ուղեկցել իրեն եւ Ջուլիային՝ Բրյուսել կատարելիք իրենց ուղեւորությանը, եւ շարունակել աշխատել Բրյուսելում մինչեւ օգոստոս ամսի սկիզբը: Ես համաձայնեցի՝ եւս մեկ անգամ հիշեցնելով, որ ցանկանում եմ անպայման աշխատանքային պայմանագիր կնքել մինչեւ մեկնելը: Տիկ. Հրուշան պատճառաբանելով, որ շատ զբաղված է մեկնելու հոգսերով եւ չի կարողանում ժամանակ հատկացնել դրան, խոստացավ պայմանագիրը կնքել Բրյուսելում: Ամբողջովին վստահելով հարգարժան ընտանիքին եւ նրանց խոսքին, 2008թ. մայիսի 31-ին ես մեկնեցի Բրյուսել, ուր ոչ մեկի չէի ճանաչում: Մեկնեցի՝ անտեղյակ այն փաստին, որ իմ անձնագրում կնքված «տուրիստական» վիզան, որը ստացել էի Իտալիայի դեսպանատանը, ի սկզբանե արգելում է ինձ աշխատել Եվրոպայում: Արդեն Փարիզում իմացա, որ ինքնաթիռի իմ տոմսը, որը Երեւան-Վիեննա-Բրյուսել եւ Բրյուսել-Վիեննա-Երեւան մեկնումի եւ վերադարձի տոմս էր, եւս օրինախախտում է պարունակում:

Վերսկսեցի աշխատանքս եւ շարունակեցի աշխատել՝ անհույս սպասելով աշխատանքային պայմանագրի կնքմանը, որն այդպես էլ չկնքվեց՝ չնայած մեր նախնական համաձայնությանն ու պայմանավորվածությանը:

Պարտականությունս եւ աշխատանքիս բնույթն էր՝ զբաղվել Ջուլիա դը Լյուցենբերգերի խնամքով եւ դաստիարակությամբ, սնել, խաղեր կազմակերպել, կրթել, քնեցնել, կեսօրին զբոսանքի տանել: Արդեն իսկ առաջին աշխատանքային օրից տիկ. Հրուշան փոխեց իր դեմքը. սիրալիր տիկինը վերածվեց պահանջկոտ, դժգոհ, սաստող եւ հրամայող տիրուհու: Բնակվելով նրա հետ նույն բնակարանում՝ ես, փաստորեն, վերածվեցի աղախինի եւ տիկ. Հրուշայի կամակատարի: Աշխատանքային օրս սկսվում էր ժ. 8:30-ին եւ ավարտվում ժ. 22:00-ին, երբեմն՝ կեսգիշերին կամ ավելի ուշ: Զրկված սնունդից (տիկ. Հրուշան խորհուրդ էր տալիս սնվել դստեր մնացորդներով), բուժօգնությունից (որի կարիքը բազմիցս զգացել եմ), տնից դուրս գալու եւ հանգստյան օրերի իրավունքից, ես շարունակեցի աշխատել մինչեւ հուլիսի 2-ը: Տիկ. Հրուշան ինձ պարտադրում էր հանգստի ժամերին եւ աշխատանքային ժամերից հետո արդուկ, լվացք եւ տան մաքրություն կատարել:

2008թ. հուլիսի 2-ին այլեւս չհանդուրժելով նման վերաբերմունք իմ հանդեպ, ես հրաժարվեցի հերթական անգամ լվանալ Ջուլիայի հագուստը, որի մեջ փոքրիկը հոգացել էր իր բնական կարիքները: Այդ աշխատանքի համար նախնական ոչ մի պայմանավորվածություն չկար, եւ ինձ դրա համար չէին վճարում: Իմ ամսական աշխատավարձը մնացել էր նույնը, ինչ որ Երեւանում էր. 400 եվրո՝ երեխայի խնամքի համար նախատեսված գումար: Իմ մերժումից զայրացած եւ ինքնատիրապետումը կորցրած տիկ. Հրուշան սկսեց ինձ վիրավորել գռեհիկ արտահայտություններով եւ հայհոյանքներով: Ի պատասխան՝ ես լուռ հեռացա ինձ հատկացված սենյակը: Չսպասելով նման վերաբերմունք, տիկ. Հրուշան վազեց իմ ետեւից եւ սպառնաց, որ ինձ չի վճարի, եւ որ ամեն դեպքում ես այլընտրանք չունեմ: Ես անմիջապես հայտարարեցի, որ դադարում եմ աշխատել եւ սկսեցի հավաքել իրերս՝ պահանջելով, որ հաջորդ օրվա համար ինձ վերադարձի տոմս գնեն դեպի Հայաստան: Տիկ. Հրուշան պահանջեց իրեն հանձնել իր գնած իմ վերադարձի տոմսը, որը նախատեսված էր հուլիսի 22-ի համար, եւ բանալիով փակելով բնակարանի մուտքի դուռը՝ հայտարարեց, որ ինձ բաց կթողնի, երբ որ ինքը ցանկանա եւ նպատակահարմար գտնի՝ ամուսնու խորհուրդը ստանալուց հետո:

Սարսափած սկսեցի պահանջել, որ բացի տան դուռը եւ դադարի ինձ կալանելուց, քանի որ ինքը դրա իրավունքը չունի, եւ որ հակառակ դեպքում կզանգեմ ոստիկանություն: Դրան հետեւեց այն, որ նա եւ իր ընկերուհի Սվետան, որ հյուր էր եկել եւ բնակվում էր տիկ. Հրուշայի բնակարանում եւ ակտիվ մասնակցում էր մեր վիճաբանությանը, ինձ հորդորելով ենթարկվել, հապճեպ թաքցրեցին բոլոր հեռախոսները, այդ թվում՝ նաեւ իմ բջջայինը: Խուճապահար վազեցի դեպի պատշգամբ եւ սկսեցի գոռալով օգնություն կանչել, ոստիկանություն կանչել՝ հայտարարելով, որ ես բանտարկված եմ:

Եղավ այն, որ երկու հարգարժան տիկինները հարձակվեցին վրաս՝ հարվածելով եւ քաշքշելով նրանք ինձ ներս քարշ տվին՝ պատառոտելով հագուստս, հարվածներ հասցնելով դեմքիս եւ մարմնիս՝ ջարդելով ատամս: Սկսվեց հայհոյանքների, ծաղրանքների եւ ինքնասիրությունս, կանացի արժանապատվությունս վիրավորող գռեհիկ արտահայտությունների տարափ: Տիկ. Հրուշան պնդեց, որ ոչնչից եւ ոչ մեկից չի վախենում եւ չի պատրաստվում ինձ բաց թողնել: Ես պատասխանեցի, որ ինձ ցած կնետեմ պատուհանից, եթե շարունակեն ինձ կալանել: Անհանգստացած տիկ. Հրուշան զանգեց ամուսնուն՝ խորհուրդ հարցնելու, որից հետո որոշեց բացել կողպած դուռը՝ հայտարարելով, որ չի վճարի եւ ինքնաթիռի տոմսը կվերադարձնի միայն այնտեղ նշված վերադարձի օրը, եթե բարի լինեմ ներկայանալ եւ ներողություն խնդրել:

Արցունքոտ, պատառոտված հագուստով եւ այլայլված դուրս պրծնելով դժոխային կալանքից, գիշերվա կեսին՝ իրերովս հանդերձ, առանց դրամի հայտնվեցի փողոցում: Քիչ անց ուշքի գալով՝ զանգեցի քրոջս եւ պատմեցի եղելությունը: Նա էլ ինձ խորհուրդ տվեց անմիջապես դիմել ոստիկանություն: Հասնելով մոտակա ոստիկանության բաժանմունք, ես բողոքի հայտ ներկայացրի Լյուցենբերգեր-Հրուշա ընտանիքի դեմ: Բողոքս արձանագրվել է Բրյուսելի ZP 5339 Իքսել ոստիկանատան աշխատակից Էլիս Վանդերշրիկի կողմից, որը կցում եմ նամակիս (այս բողոքը մեր ձեռքի տակ է- Ն. Մ.): Գիշերն անցկացնելով Բրյուսելի փողոցներում, հաջորդ օրը փեսայիս հետ, ով Փարիզից եկել էր իմ ետեւից, մեկնեցինք Ֆրանսիա: Բրյուսելից մեկնեցի մեծ հույսով՝ սպասելով Արքայական դատախազի պատասխանին, ում ուղղված էր բողոքս: Արդեն Ֆրանսիայում դիմել եմ բժշկի եւ արձանագրել ինձ հասցված մարմնական վնասվածքների փաստը»,- գրում եւ պատմում է Ա. Դանիելյանը: Այստեղ ընդմիջենք պարոն դեսպանին ուղղված տիկնոջ նամակի մեջբերումն ու ներկայացնենք բժիշկ Ժան-Քրիստոֆ Գալիեյի հուլիսի 4-ին տված տեղեկանքն առ այն, որ. «Ես՝ ներքոստորագրյալս, բժիշկ Գալիեյը, հաստատում եմ, որ 4/7/2008-ի օրը ընդունել եմ տիկին Դանիելյան Աստղիկին, որը հայտարարում է, որ 2.07.2008-ին ստացել է մարմնական վնասվածքներ: Ես հաստատում եմ. ձախ թեւի վրա՝ երկու այտուցված կապտուկներ՝ 2 սմ տրամագծով եւ մաշկային սալջարդ: Աջ թեւի վրա՝ երեք այտուցված կապտուկներ՝ 2 սմ տրամագծով: Աջ ձեռքի վրա՝ մեկ այտուցված կապտուկ: Ծնոտի աջակողմյան մասում մաշկային սալջարդ: Ներքին ծնոտի վրա՝ աջակողմյան ժանիքը ցավոտ է եւ տեղահանված: Տիկինը բողոքում է թեւերի եւ մեջքի ցավից, ընդ որում՝ առկա ուժեղ սթրեսից եւ տագնապից:

Տեղեկանքը տրվում է իրավապահ մարմինների պահանջով՝ ներկայացնելու ըստ պահանջի»:

Իսկ Ա. Դանիելյանը շարունակելով նամակը, ՀՀ դեսպանին նաեւ հայտնել էր իր մտահոգությունների մասին՝ շեշտելով, որ «պրն Լյուցենբերգերի դիրքն ու ազդեցիկ պաշտոնը, նաեւ նրա տիկնոջ լուրջ սպառնալիքները» իրեն հիմնավոր մտավախություն են պատճառում՝ Հայաստանում ապրող ընտանիքի եւ հատկապես իննամյա դստեր համար, քանի որ տիկ. Հրուշան, Դանիելյանի ասելով, նաեւ սպառնացել էր, որ իր ամուսնու պես հզոր դիպլոմատի դեմ «վայրի ու հետամնաց երկրի դուրսպրծուկ աղջնակը ոչ մի շանս չունի»:

«Տասը երկար ամիսներ են անցել՝ հեռու իմ հայրենիքից, ընտանիքից եւ անչափահաս դստրիկից, բայց իմ բողոքին դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել: Արդեն վաղուց Եվրոպան հեղեղած միլիոնավոր «անթուղթ» կոչվածների շարքերն եմ համալրում՝ կրելով այդ փաստի ողջ ծանրությունը, զուրկ աշխատելու իրավունքից եւ մարդու տարրական իրավունքներից, հետեւաբար՝ վարելով թշվառ եւ դառը գոյատեւում, ծանրացել եմ բազմազավակ քրոջս ընտանիքի վրա»,- Վ. Չիթեչյանին գրել էր Աստղիկը՝ հույսով, որ Բրյուսելում ՀՀ դեսպանատունը արժանապատվություն կդրսեւորի եւ կկատարի իր պարտականությունը՝ կպաշտպանի ՀՀ քաղաքացու ոտնահարված իրավունքները: Ավաղ: Դեսպանին ուղղված նամակի արձագանքը եղել էր այն, որ մի տիկին զանգել էր Ա. Դանիելյանին եւ ներկայանալով որպես Բրյուսելում ՀՀ հյուպատոս՝ հայտարարել էր, թե Աստղիկի հետ տեղի ունեցածը թրաֆիքինգի փաստ է, որը պետք է հետաքննվի, ապա առաջարկել էր օգնել Աստղիկին հայրենիք վերադառնալ: Սակայն Դանիելյանը հրաժարվել էր: Մեր հարցին ի պատասխան՝ նա կրկնեց այն, ինչ ասել էր նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ հյուպատոսին. ինքը Եվրոպայում հաստատվելու ցանկություն չունի եւ ուզում է ժամ առաջ հայրենիք վերադառնալ, բայց նա, որ կատարելապես տիրապետում է ֆրանսերեն լեզվին, նաեւ անգլերենին, բնականաբար, չի ցանկանում այլոց մեղքով կամ պարզապես խաբված լինելու պատճառով իր անձնագրում «դեպորտի» կնիք ունենալ եւ արդյունքում՝ հետագա 10 տարիների ընթացքում զրկվել եվրոպական երկիր մուտք գործելու իրավունքից: Նա արդարացիորեն պահանջում է, ինչպես ինքն էր գրել դեսպան Չիթեչյանին՝ «Լյուցենբերգեր-Հրուշա ընտանիքը պետք է պատասխանատվություն կրի իմ հանդեպ գործած անօրինականությունների համար, վերականգնի իմ ոտնահարված իրավունքները, փոխհատուցի ինձ՝ ինքնասիրությանս հասցված բարոյական եւ ֆիզիկական վնասները, վարձահատույց լինի Եվրոպայում վարած իմ թշվառ գոյատեւման համար»: Ա. Դանիելյանի մտավախությունները դեսպան Լյուցենբերգերի ազդեցիկ լինելու հետեւանքների մասին ի հայտ էին եկել հենց այստեղ. հյուպատոս տիկինը, թերեւս, զգալով, որ դա Հայաստանի «քաշի» բանը չէ, Աստղիկին «ցանել» էր՝ առաջարկելով դեսպան Չիթեչյանին ուղղած ֆրանսերեն լեզվով գրած իր նամակը օրինական թարգմանչի մոտ թարգմանել հայերեն եւ ձեռքի տակ եղած մյուս փաստաթղթերի հետ նորից ուղարկել դեսպանատուն: Սա այն դեպքում, երբ դիվանագիտական աշխատանքի փորձ ունեցողները վստահեցրին, թե ՀՀ դեսպանատունը պարտավոր էր ՀՀ քաղաքացու դիմումն ընդունել եւ դրան ընթացք տալ՝ անկախ այն բանից, թե այդ նամակը հայերե՞ն, թե՞ ֆրանսերեն լեզվով է գրված:

«Առավոտի» հետ զրույցում Ա. Դանիելյանը կասկած հայտնեց, թե նույնիսկ հայերեն գրված նամակ ուղարկելու դեպքում ՀՀ դեսպանատունն իրեն կօգնի վերականգնել արդարությունը: Փոխարենը նա դիմել էր PAG ASA բելգիական կազմակերպությանը, որը հետաքրքրվել է Աստղիկի՝ Բրյուսելի ոստիկանությունում Արքայական դատախազին ուղղված բողոքի ճակատագրով ու պարզել էր, որ բողոքը ներկայացնելուց 2 ամիս անց գործը փակվել է՝ առանց պատճառաբանության եւ հետագա ընթացքի: ՀՀ քաղաքացուն պարզաբանել էին, որ Լյուցենբերգերը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ուստի՝ լինելով Իտալիայի քաղաքացի, Բելգիայում նրա նկատմամբ գործ չի կարող հարուցվել: Բայց կազմակերպությունը նրան առաջարկել էր տեղի ունեցածի մասին իրեն գրավոր նամակ գրել, որի հիման վրա նա կփորձի հետամուտ լինել այս խնդրին: Որպես վերջին հնարավորություն, Աստղիկը մտադիր է դիմել ՄԻ Եվրոպական դատարան:

Հրապարակումը ծավալուն էր, ուստի՝ մենք չփորձեցինք այս պատմության վերաբերյալ ստանալ նաեւ դեսպան Լյուցենբերգերի մեկնաբանությունը, թեեւ ակնկալում ենք, որ ե՛ւ նա, ե՛ւ պատկան մարմինները կարձագանքեն սրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել