«Արձանագրությունների կետերը ոչ մի բան չեն որոշում: Մեզ համար շատ կարեւոր է Ցեղասպանության խնդիրը Թուրքիայի կողմից ճանաչելը, եւ եթե ուրիշ մոտեցում ընդունելի չէ, ապա այս փաստաթղթերը նայելն ընդհանրապես անիմաստ է. փաստաթղթի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ հասարակությունն ասի, որ կարելի է խոսել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու մասին: Թե չէ՝ փաստաթուղթը պարզ փաստաթուղթ է եւ ոչ մի սպեցիֆիկ բան չի պարունակում հատուկ Հայաստանի կամ Թուրքիայի համար»,- երեկ Սոցիալիստական կոնֆերանսի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կազմակերպած քննարկման ժամանակ խոսելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների մասին՝ կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի խորհրդական, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Ի հեճուկս այս կարծիքի՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը գտնում է. «Անվիճելի է, որ հրապարակված արձանագրությունները Հայաստանի դիվանագիտության լիարժեք պարտությունն են»: Նա հարց է հնչեցնում՝ «Ի՞նչ է սա մեզ տալու անվտանգության տեսակետից», ու խորհուրդ տալիս՝ «պետք չի կուրանալ ոսկու փայլից, նավթի հոտից, Ամստերդամի ազատությունից»: Նա արձանագրում է, որ Հայաստանն այսպիսով դուրս է մնում ՀԱՊԿ-ից, եթե Հայաստանի սահմանից դուրս են բերվում ռուսական զորքերը, փակվում են ռուսական ռազմաբազաները: «Եթե ես լինեի Նալբանդյանի տեղը, ապա կասեի՝ եթե ես հանում եմ ռուսական զորքը, Թուրքիան պետք է հանի ՆԱՏՕ-ի զորքը իր տարածքից, եթե դուք գտնում եք, որ Ղարաբաղից պետք է հայկական զորքերը դուրս գան, ուրեմն Կիպրոսից էլ պետք է թուրքական 40 հազարանոց զորքը դուրս գա, որովհետեւ եթե երկու պետություն իրար հետ պայմանագիր են կնքում, պետք է հայելային սկզբունքով կնքվի»,- ասում է Վահան Շիրխանյանը: