Հովհաննես Իգիթյանը Ռաֆիկ Պետրոսյանին եւ նրա բազմաթիվ կուսակից ընկերներին մեղադրեց այն բանում, որ հանուն իշխանության մեջ մնալու կուսակցություն են փոխում, Ռաֆիկ Պետրոսյանն էլ ՀՀՇ-ին մեղադրեց բոլոր հին ու նոր մեղքերի մեջ:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ռաֆիկ Պետրոսյանը «Ժառանգության» մասին ասաց, որ տվյալ կուսակցության հզորությունից, կազմակերպվածությունից է կախված՝ տվյալ կուսակցության մեջ կառաջանա՞ն երկպառակություններ, թե՞ ոչ: Ասաց նաեւ, որ «Ժառանգության» պառակտվելու մեղավորը Րաֆֆի Հովհաննիսյանն է, ով, ըստ պարոն Պետրոսյանի, հաճախ է բացակայում երկրից եւ կուսակցությունից: Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ այս օրերին ԶԼՄ-ները փոխանակ ավելի լուրջ՝ հայ-թուրքական արձանագրությունների հարցերով զբաղվեն, ընկել են «Ժառանգության» հետեւից. «Երբ Հանրապետական կուսակցության մեջ հեղաշրջում տեղի ունեցավ, որեւէ թերթ, որեւէ «Հայլուր», որեւէ պետական մարմին դրա մասին չխոսեց, տեսեք՝ ՀՀԿ կուսակցության հիմնադիրները մեկ-մեկ դուրս մղվեցին, եւ փողոցից, բառի բուն իմաստով, մարդիկ մի օրվա մեջ դարձել են կուսակցական եւ դարձել են խորհրդի անդամ: Եվ լուրջ հիմնադիրներից, որոնց հետ ես 20 տարի առաջ աշխատել եմ, հինգ հոգի էին, որոնց մի մասը սպանվել է, մի մասը գնացել է: Եվ այսօր ցանկացած կրիմինալ մարդու, որին մենք ճանաչում էինք որպես կոմունիստ, որպես դաշնակ կամ որպես ռամկավար, որպես ՀՀՇ, հանկարծ դարձան Հանրապետական: Պատահական չէ, որ այդ նշանը կպցնում են (մատնացույց արեց պարոն Պետրոսյանի կրծքի ՀՀԿ-ի նշանը- Մ. Ե.), ես ի՞նչ պետք է իմանամ, որ էս մարդը 4 կուսակցությունից հետո հիմա հանրապետական է: Այ, սրա մասին պետք է խոսեք, եւ վերջին մարդը, անկախ ձեր վերաբերմունքից, Տիգրան Թորոսյանն էր, բայց 20 տարի առաջ եւ 95 թվականին, երբ մենք բանակցություններ էինք վարում, նստած էր լուսահոգի Աշոտ Նավասարդյանը, եւ նստած էր Տիգրան Թորոսյանը»:
Հովհաննես Իգիթյանը «Ժառանգության» մասին էլ ասաց հետեւյալը. «Ժառանգությունը» ընդամենը մի քանի հոգի է, որոնք փորձում են այս երկրում անօրինականությունները կանխել»: Պարոն Իգիթյանը պատախանելով «Առավոտի» հարցին՝ ճի՞շտ է, որ «Ժառանգության» պառակտման գործում դերակատարություն ունի ՀԱԿ-ը, հիշեցնելով, որ ՀԱԿ-ը արդեն մոտ 20 կուսակցությունների միավորում է, ՀՀՇ-ի մասով ասաց. «ՀՀՇ-ի տեսակետից ասեմ, որ մենք որեւէ գործողություն «Ժառանգության» դեմ չենք արել, հետեւեք մեր հայտարարություններին, հակառակը՝ երբ իշխանության կողմից հալածվում էին «Ժառանգությունը» կամ նրա առանձին անդամներ, հիշեք մեր կուսակցության մեկնաբանությունները եւ անձամբ իմ մեկնաբանությունները»:
Քանի որ ասուլիսի բուն թեման հայ-թուրքական արձանագրություններն էին, հյուրերը նաեւ դրանից խոսեցին: Հովհաննես Իգիթյանը փորձում էր ապացուցել, որ հայտնի արձանագրությունների կազմման գործում խառն է այլ երկրների մատը: Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարեց. «Ոչ ոք չի ժխտում, որ ԱՄՆ-ի «մատը խառն» է այս արձանագրությունների ստեղծման եւ հայերի ու թուրքերի կողմից ընդունվելու հարցում, որովհետեւ ԱՄՆ-ը, ինչպես իրենք են հայտարարում բացահայտ, միշտ էլ շահագրգռված է այս տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հարցում: Ինքնին էլ իր շահերն ունի այստեղ: Եվ ոչ ոք դա չի ժխտել՝ ոչ Հանրապետական կուսակցությունը, ոչ էլ Սերժ Սարգսյանը: Որեւէ մեկը չի ժխտում»: Հովհաննես Իգիթյանն ապացուցում էր. անգլերեն տարբերակի ձեւակերպումներն ավելի կոշտ են եւ վտանգավոր, քան հայերեն տարբերակը, որը մատուցվում է հանրությանը: Ռաֆիկ Պետրոսյանը խորհուրդ տվեց հայ-թուրքական բանակցությունները չվերածել «Կիկոսի մահի»: