Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն աշխատում են ծանրաբեռնված օրակարգով
Կոնգրեսը խստացրե՞լ է իր դիրքորոշումը
Սեպտեմբերի 18-ին Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի՝ մայրաքաղաքային իշխանության կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքը, որը Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ասելով՝ «ազդարարելու է բռնապետության դեմ մղվող համաժողովրդական պայքարի նոր ալիքի սկիզբը այնպիսի ժամանակաշրջանում, որ կարող է բախտորոշ նշանակություն ունենալ հայ ժողովրդի եւ պետության համար»: Նախատեսված հանրահավաքից մեկ շաբաթ առաջ Լ. Զուրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմը օրեցօր ցուցադրում է իր տարրական անկարողությունը եւ ոչ կոմպետենտությունը պետական կառավարման բոլոր կենսական բնագավառներում:
Սպասարկելով մի շարք օլիգարխների գերշահույթները՝ երկրի իշխանությունների վարած ֆինանսավարկային, հարկային, մաքսային, բյուջետային քաղաքականությունը ծառայեցվում է բացառապես խոշոր մենաշնորհյալ ներկրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, մինչդեռ խեղդվում է ազատ մրցակցությունը եւ արտահանումը»: Լ. Զուրաբյանի ձեւակերպմամբ, պետական մեքենան այսօր, ըստ էության, «առեւանգված է մի քանի հանցագործների կողմից եւ օգտագործվում է նրանց կողմից սեփական հարստացման նպատակով»:
Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին՝ ՀԱԿ համակարգողն ասել է, թե այդ ոլորտում եւս «անմխիթար վիճակ է տիրում»: Մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում նա շեշտել է, որ վերջերս հրապարակված հայ-թուրքական արձանագրությունները «բացահայտեցին այս բնագավառում ռեժիմի վարած քաղաքականության սնանկությունը» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման վերաբերյալ:Այդ արձանագրություններում Թուրքիայի կողմից պարտադրված անընդունելի դրույթներ կան, որոնք, Լ. Զուրաբյանի դիտարկմամբ, ապացուցում են, որ ՀՀ-ն ընդունել է Թուրքիայի նախապայմանները: Ըստ նրա, պատմական հարցերի միջկառավարական հանձնաժողով ստեղծելու հաստատումով ակնհայտորեն շահում է Թուրքիան, որովհետեւ «պատմական փաստերի շուրջ հայ-թուրքական երկխոսության հաստատման պատճառաբանությամբ այսուհետեւ կդադարեցվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, թուրք-ամերիկյան հարաբերություններում հարթվում է լարվածություն առաջացնող կնճիռը», իսկ Հայաստանը նույնիսկ «Հայոց ցեղասպանության ուրացման անընդունելի գնով ստանում է միայն թղթի վրա խոստումներ՝ սահմանը բացելու մասին»: Լ. Զուրաբյանը երեկ նաեւ հայտարարել է, որ եթե առաջ Թուրքիան կարող էր բացել սահմանը կառավարության որոշումով, ապա արձանագրությունների ընդունման հետեւանքով դա հնարավոր կլինի միայն Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման դեպքում: «Սա թույլ է տալիս Թուրքիայի կառավարությանը ձեւականորեն ցուցադրել իր կառուցողականությունը հայ-թուրքական կարգավորման գործում՝ այն Ղարաբաղի խնդրի լուծումով պայմանավորելու առաքելությունը դնելով խորհրդարանի վրա»,- ասել է Կոնգրեսի համակարգողը:
Նրա համոզմամբ, այսպիսով ռեժիմի պնդումները, թե՝ իբր նրան հաջողվել է առանց նախապայմանների համաձայնության հասնել Թուրքիայի հետ եւ մասնավորապես՝ տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ղարաբաղի խնդրի լուծումից, ակնհայտ կեղծիք են:
Հիշեցնենք, որ Լ. Զուրաբյանի տարածած հայտարարությունը նկատելիորեն ավելի խիստ երանգներ է պարունակում հայ-թուրքական հարաբերությունների եւ համատեղ հայտարարության վերաբերյալ, քան Կոնգրեսի ավելի վաղ արած եւ 4 կետից բաղկացած լակոնիկ հայտարարությունը:
Ընդդիմադիրները դիմեցին Նիկոյանին
Այն բանից հետո, երբ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեք անդամները նախկին Փորձագետների փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների 4-րդ զեկույցի հետքերով մեկնել էին ՀՀ ՊՆ թիկունքի վարչության իրային պահեստները ստուգելու եւ ետ վերադառնալիս հայտարարել էին, թե՝ ՊՆ-ն մարտիմեկյան դեպքերի հետ ոչ մի կապ չունի, Խմբի անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը գրավոր նամակով դիմեցին ԱԺ հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանին: Սեպտեմբերի 10-ին վերջինիս հասցեագրված նրանց նամակում ասված է. «Ձեզ ենք ուղարկում տեսասկավառակ մեկ լուսանկարով՝ 2008թ. մարտի 1-ին, ժամը 16.00-ից 17.00-ի սահմաններում, Մելիք-Ադամյան փողոցում գտնվող բանակային զինվորական համազգեստով հանդերձավորված եւ ինքնաձիգներով զինված անձանց պատկերներով:Մինչեւ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցի հրապարակումը, ակնկալում ենք, որ ԱԺ հանձնաժողովը կպարզի.
– Արդյոք բեռնատար մեքենայի մեջ գտնվող, ինքնաձիգներով զինված համազգեստավոր անձինք զինծառայողնե՞ր են:Եթե այո, ապա ՀՀ ԶՈՒ ո՞ր կառույցի եւ ո՞ր ստորաբաժանման մարտիկներ են:
– Արդյոք նույն լուսանկարի երկրորդ պլանում պատկերված դիմակավոր, սեւ համազգեստով զինված անձինք զինծառայող կամ ոստիկանական հատուկ նշանակության ջոկատային ստորաբաժանումների մարտիկնե՞ր են: Եթե այո, ապա ո՞ր ստորաբաժանումից են»: Նախկին Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամները եւս մեկ անգամ Նիկոյանին հիշեցրել են, որ «խնդրո առարկայի առնչությամբ Փաստահավաք խմբի՝ Ձեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերում կան արժեքավոր նյութեր»:
Հիշեցնենք, որ Խմբի ընդդիմադիր անդամների 4-րդ զեկույցը առնչվում էր «Մարտի 1»-ին թվով 9 պաշտոնատար անձանց եւ օլիգարխների կողմից ՊՆ իրային պահեստից 950 միանման հանդերձանք ստանալու եւ այդ տեղեկությունը ստուգելու հարցում ՊՆ-ում մերժում ստանալու փաստերին:
Սեպտեմբերի 21-ի հանրահավաքը չարտոնեցին
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկումներ՝ սեպտեմբերի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին: Ըստ իրազեկումների՝ նախատեսվում էր զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, որոնք մեկնարկելու էին հանրահավաքով եւ ավարտվելու՝ երթով:
Սեպտեմբերի 10-ին քաղաքապետարանը քննարկել եւ ի գիտություն էր ընդունել Զեյնալյանի՝ սեպտեմբերի 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին Մատենադարանին հարող տարածքում զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումները, բայց արգելել է սեպտեմբերի 21-ի զանգվածային միջոցառման անցկացումը՝ պատճառաբանելով, թե նույն տեղում, նույն ժամին մեկ այլ միջոցառում է լինելու: