ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը երեկ հայտարարեց, որ ի տարբերություն Թուրքիայի, Հայաստանում չկան արձանագրությունների լուրջ քաղաքական քննարկումներ:
«Դաշնակցությունը դեմ չի եղել եւ դեմ չի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը, բայց, իրոք, առանց նախապայմանների: Մենք, իբրեւ կուսակցություն, վստահ ենք, համոզված ենք, որ հարեւանի հետ բարիդրացիական հարաբերություններ կարող են լինել միայն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման, հետեւանքների վերացմանն ուղղված քայլեր ձեռնարկելու դեպքում, բայց այսօր, իբրեւ պետություն, մենք դեմ չենք, որ հարաբերությունները հաստատվեն առանց նախապայմանների: Սա ես ասում եմ նրանց համար, ովքեր ամեն կերպ փորձում են խեղաթյուրել Դաշնակցության մոտեցումները»,- որպես նախաբան արձանագրեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:
Աղվան Վարդանյանի կարծիքով, մենք արձանագրությունները ուշադիր չենք կարդում: Հիշեցրեց, որ երկու արձանագրություններից բացի, կա նաեւ Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որում հստակ ասվում է, որ Հայաստանն ու Թուրքիան համաձայն են սկսել քաղաքական խորհրդակցություններ: Իսկ «այն, ինչ անում ենք այս 10 օրվա ընթացքում՝ մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, փորձագետների կարծիքներ, շատ հեռավոր կապ ունի ներքին քաղաքական խորհրդակցությունների հետ: Քաղաքական խորհրդակցություն նշանակում է այլ հարթության քննարկում՝ ԱԱԽ-ում, ԱԺ-ի ղեկավարության հետ, ԱԺ խմբակցությունների հետ, կառավարության հետ, ԱԺ-ում լսումներ»: Բյուրոյի անդամը տարօրինակ համարեց ՀՀ ԱԳ նախարարի խոսնակի խոսքը, որը սեպտեմբերի 10-ին տպագրվել էր մեր թերթում, եւ որում ասվում է. «Արդեն ընթացող քննարկումները ցույց են տալիս, որ զգալի մասը կողմ է»: Նաեւ ասվել էր, որ այս թեմայով «հավելյալ շփումները պետք է հարմարեցվեն նախարարի օրակարգի հետ»: Ըստ Բյուրոյի անդամի՝ այս իրավիճակում ԱԳՆ-ն պիտի ամբողջ ընթացքում զբաղվեր հենց սրանով: Աղվան Վարդանյանին մտահոգում է նաեւ «շատ – շատերի՝ ոչ մի վտանգ չտեսնելու հիվանդությունը: Դրանք մի քանի կայքէջեր են, մի քանի թերթեր են (եթե հետեւեք, կտեսնեք այդ թերթերը, այդ կայքէջերը որտեղից են ղեկավարվում) եւ ինչ-որ ցուցակով փորձագետներ, որոնց եթե ասում են՝ այս մասին սա կասեք, հերթով հավաքվում եւ ասում են տարբեր տեղերում, նաեւ՝ որոշ հանրապետականներ այս հիվանդությամբ են տառապում»: Համեմատություն անցկացնելով Թուրքիայի ԱԳ նախարարի հետ՝ ասաց. «Օր չկա, որ այս թեմայով որեւէ տեղ հանդիպում, ելույթ չունենա»:
Անդրադարձավ նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակի այն մեղադրանքին, թե երբ ընդունվեց մեր երկրի ազգային անվտանգության հայեցակարգը, որի մեջ կա դրույթ, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններին առանց նախապայմանների, Դաշնակցությունը կոալիցիայի անդամ էր, եւ ինչո՞ւ է հիմա բողոքում: Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ նույն այդ հայեցակարգում գրված է. «Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչմանն ու դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնմամբ, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության ձեւավորմամբ եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում»: Պարոն Վարդանյանը ասաց, որ եթե այս դրույթը գործում է, ուրեմն թող մեր ԱԳ նախարարը դիմի աշխարհի իր գործընկերներին, նամակ գրի ԱՄՆ-ի Կոնգրեսին, իր ամերիկյան գործընկերոջը, ելույթ ունենա ՄԱԿ-ի համաժողովում եւ հայտարարի, որ մենք կողմ ենք հարաբերությունների բնականոն զարգացմանը, ճիշտ զարգացման համար պահանջում ենք, որ Թուրքիան եւ աշխարհը ճանաչեն ցեղասպանությունը: Աղվան Վարդանյանը հարց տվեց. «Կանի՞ այդպիսի բան այսօր ԱԳ նախարարը: Կասկածում եմ: Եթե չի անելու, ուրեմն մենք ունենք լուրջ մտահոգություն, որ այստեղ վատ քողարկված նախապայման իրոք կա: Այս հարաբերությունների սկսման վերջին մեկ տարին արդեն ապացուցել է, որ ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցված է, եւ ցանկացած երկիր պատճառաբանում է այս հարաբերություններով»: «Եվ Թուրքիայում, եւ Ադրբեջանում մեկ հարց է քննարկվում՝ ինչպես ենք գնում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, երբ որ Ղարաբաղի հարցը հանգուցալուծված չէ: Մենք կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե Թուրքիան այլ հարց չի քննարկում, ուրեմն իր մյուս նախապայմանները, այսպես կամ այնպես, քողարկված կամ անուղղակի, համարում է իրացված: Իսկ այն, որ Թուրքիան ուներ նախապայմաններ եւ 91 թվականից սկսած այդ մասին ասել է, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Խոսքը վերաբերում է ցեղասպանությանը, խոսքը վերաբերում է սահմանների ճանաչմանը»:
Հ. Գ. Առաջիկայում ՀՅԴ-ն հրապարակելու է մի փաստաթուղթ, որով փոփոխություններ է առաջարկելու օգոստոսի 31-ին նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում: ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանի ներկայացմամբ. «Այդ առաջարկները պետք է հստակ լինեն, որպեսզի որեւէ քողարկված այլ պարտավորություններ չստանձնենք: Խոսքը վերաբերում է հատկապես Ցեղասպանության հարցին, որպեսզի այն քննարկման նյութ չդառնա: Կբացառենք սահմանների երկկողմ կամ բազմակողմ ճանաչման լրացուցիչ պարտավորություններ ստանձնելը, որովհետեւ մենք միջազգային կազմակերպությունների անդամ ենք եւ այդ ամենն արդեն արել ենք: Նաեւ պետք է ձեւակերպումներ լինեն, որպեսզի խուսափենք ԼՂ հիմնախնդիրը տարածքային ամբողջականության անխախտելիության համատեքստում դիտարկելուց եւ խոսենք ազգերի ինքնորոշման մասին»: