Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ՝ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Սեպտեմբեր 11,2009 00:00

\"\"«Ռուսաց լեզվի դերն ու նշանակ ությունը Հայաստանում կորել է, սերն այդ լեզվի նկատմամբ երիտասարդության եւ եկող սերնդի մեջ պետք է վերականգնել»,- ասում է արդեն 5 ռուսալեզու գրքերի հեղինակ, գրող Ռուբեն Փաշինյանը:

Գրող Դավիթ Խաչիյանն էլ նշում է՝ «Ռուսաց լեզվի իմացության մակարդակը մինուս է մեր երիտասարդների մոտ, այն դեպքում, երբ տարիներ շարունակ այդ լեզուն եղել է միջմշակութային, աշխարհի հետ շփման միջոց»:

Օրերս «P.R. Creativ Teamwork» խմբի եւ Ռուսալեզու գրողների աջակցության հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանի կամերային թատրոնում կայացավ գրողներ Ռուբեն Փաշինյանի «Եռաբաժանում կամ (P.R)2» եւ Դավիթ Խաչիյանի «Տուրիստական գործակալի խոստովանությունը» ռուսալեզու գրքերի շնորհանդեսը:

«Եռաբաժանում կամ (P.R)2» գիրքը Ռուբեն Փաշինյանի 5-րդ գիրքն է:

Նա նաեւ հեղինակ է «Համր մարգարե», «Ս.Մ.Ս.», «P.R. (&…), «կՐՏրՑՏ» եւ Հայաստանում առաջին հեղինակային աուդիոգրքի:

Փաշինյանի խոսքով, «Եռաբաժանում կամ (P.R)2» գիրքն իր փոքրիկ պատմվածքներով եւ պիեսով պատմում է մարդու, հայի կերպարի, նրա ներկայիս վիճակի մասին. «Գրքում տեղ գտած «Եռաբաժանում» պիեսն էլ պատմում է հայի կերպարի մասին, թե ինչպես տարիների ընթացքում մենք՝ հայերս, կորցրել ենք մեր իսկական դեմքը եւ ձեռք բերել երկու դիմակ՝ մաժոր եւ մինոր: Պիեսը կառուցված է երեք պերսոնաժների վրա՝ Ես, առաջին եսն ու երկրորդ եսը: Դրանով ուզում եմ ցույց տալ, թե ինչպես պետք է ճիշտ եւ ներդաշնակ ապրել: Եթե ամեն մեկը կարողանա իր կյանքն ապրել ներդաշնակ, ապա ներդաշնակությունը կպահպանվի նաեւ ընկերական շրջապատում, հարեւան պետությունների հետ»: Ըստ հեղինակի, սպասվում է նաեւ «Եռաբաժանում» պիեսի բեմադրությունը Հայաստանում եւ Ռուսաստանում:

Ինչ վերաբերում է «Տուրիստական գործակալի խոստովանություն» գրքին, այն Դավիթ Խաչիյանի երրորդ գիրքն է՝ «Զրադաշտի անտիպներից» եւ «12» գրքերից հետո: «Սա իմ առաջին ռուսալեզու գիրքն է: Երբ որոշեցի գրառել տուրիստական գործակալի այն գործունեությունը, որը մնում է կուլիսներում եւ հայտնի է միայն իրեն, հասկացա, որ սա մի պատմություն է, որը պետք է հասանելի լինի բոլորին, ովքեր հասկանում են ռուսերեն: Կարծում եմ՝ դժվար թե հայերեն տարբերակով այն ունենար ավելի մեծաթիվ ընթերցողներ»:

Մասնագիտությամբ ֆիզիկոս եւ տուրիստական գործակալ Դ. Խաչիյանի համար գրելը զուտ հոբի չէ. «Մի անգամ իմ միլիոնավոր չընթերցողներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ ես գրում, ախր դու լուրջ մարդ ես, ինչպես ես քեզ թույլ տալիս գրել այս բարդ ժամանակներում: Ես մտածեցի, մտածեցի եւ այդպես էլ չգտա հարցի պատասխանը: Հետո եկա այս մտքին՝ գուցե ինձ գրելը դո՞ւր է գալիս: Օրեր անց ծանոթ լրագրողներիցս մեկը պարզեց, որ ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ եւ սկսեց պտտել խոսակցություններ՝ թե հաջողություն չունենալով ֆիզիկայի ասպարեզում՝ որոշել եմ բախտս փորձել գրականության մեջ: Շուտով բոլորին հայտնի դարձավ, որ ես նաեւ տուրիստական գործակալ եմ՝ երրորդ մասնագիտությամբ: Վերջինի շուրջ խոսակցությունները լրիվ ինձ հունից հանեցին, բայց ես չդադարեցրի գրել: Իրականում ես ինձ համարում եմ գրող, իսկ մնացյալը՝ ինչով զբաղվում եմ՝ իմ հոբիներն են»:

Ռ. Փաշինյանը երիտասարդության՝ ռուսաց լեզվի իմացության խնդրի մասին մտահոգություն հայտնեց. «Նմանատիպ ռուսալեզու գրականության լույսընծայումը մի նպատակ ունի՝ հասնել այն գաղափարին, որ ռուսերեն լեզուն շատ կարեւոր է մեզ համար ոչ թե միայն շփվելու կամ ցույց տալու համար, թե գիտենք ռուսերեն, այլեւ նրա համար, որ պիտի վերադառնալ սովետական տարիների ռուսաց լեզվի դերին ու պարտադիր տիրապետելու պայմանին»:

Դ. Խաչիյանն էլ այս առումով նկատեց. «Իսկապես մեծագույն խնդիր է երիտասարդության շրջանում: Տարրական կոնտակտի մեջ չեն կարողանում մտել: Տարեցտարի ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը նվազում է: Այնպես որ, սա մի խնդիր է, որը գլոբալ մակարդակների է հասնում Հայաստանում եւ ժամանակն է կրկին անդրադառնալ դրան, քանի ուշ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել