«Ucom»-ի տնօրեն Հայկ Եսայանի հետ զրույցում ներկայացվում են ինչպես ընկերության ծրագրերը, այնպես էլ «Digitec»-ի նպատակները։
Այս տարվա hոկտեմբերի 2-4-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ կանցկացվի «Digitec-2009» ամենամյա ցուցահանդեսը։ Արդեն ավանդական դարձած այս միջոցառումը, որ անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո, տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է։ Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է «Ucom» ընկերությունը, որը «Digitec»-ում ցուցադրելու է իր նոր ծառայությունները։
– «Ucom»-ը «Digitec-2009»-ի գլխավոր հովանավորն է։ Ի՞նչ նպատակ է հետապնդում ցուցահանդեսին մասնակցությունը։
– «Digitec»-ը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների շրջանում մեծ հետաքրքրություն ներկայացնող ցուցահանդես է, որտեղ մշտապես ներկայացվում են ոլորտի նորարարությունները, այլեւ այն ակնառու միջոցառումներից մեկն է, որը խթանում է Հայաստանյան ՏՏ շուկայի զարգացումը եւ հասարակության ներգրավումը ոլորտի գործընթացներում: Մեր ընկերությունը նույնպես նպատակ ունի իր գործունեությամբ նպաստել հանրապետությունում ՏՏ առաջընթացին: Գիտակցելով նման միջոցառումների կարեւորությունը, ընկերությունը հնարավորինս մեծ մասշտաբով աջակցում է «Digitec»-ին:
Ցուցահանդեսը գերազանց հնարավորություն է մեր նոր ծառայությունները ցուցադրելու եւ հանրությանը ծանոթացնելու մեր ընկերության կողմից ներկայացվող նորամուծությունները։ Մասնավորապես ցանկանում եմ նշել GPON (Gigabit Passive Optical Network) եւ IPTV լուծումներով նոր ծառայության մասին, որը ներդրվելու է Հայաստանում առաջին անգամ եւ որը շուկայի ոչ մի մասնակից մինչ այժմ չի մատուցել։ Մեր բաժանորդները միանալու են անմիջապես օպտիկամանրաթելային կապուղիներով, մեթոդ, որը Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ։ Օպտիկամանրաթելի կիրառմամբ լուծումը հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել երեք ծառայությունից՝ IPTV-ից, ֆիքսված հեռախոսակապից, եւ ինտերնետից։ Դրանց կիրառությունը հնարավոր է դառնում ամենաարդիական տեխնոլոգիական լուծումներով։
– Ենթադրվում է, որ Ձեր նշած ծառայությունները պետք է լայն սպառում ունենան։ Սակայն դրանք նորություն են մեզ համար, եւ մարդիկ ընկալման, ծանոթանալու խնդիր ունեն։ Ի՞նչ քայլեր եք անում IPTV-ն հանրայնացնելու ուղղությամբ։
– «Digitec»-ին մեր մասնակցությունը եւ ընկերության հանդես գալը որպես գլխավոր հովանավոր, գլխավորապես նպատակ են հետապնդում հանրությանը լուսաբանել այդ ծառայությունների մասին: Պարզաբանել թե՛ դրանց նկարագրական եւ թե՛ կիրառական յուրահատկությունները: Ցուցահանդեսում մի շարք նորամուծություններ են ցուցադրվում, եւ բավականին շատ այցելուներ կան։ «Digitec»-ում ցուցադրվող մեր նոր ծառայության շնորհիվ ցանկանում ենք նոր հետաքրքրություն առաջացնել, ինչը նաեւ կնպաստի այցելուների թվի աճին։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր միջոցներով անընդհատ հասանելի է լինելու մատչելի տեղեկատվություն IPTV-ի վերաբերյալ:
– Փոքր-ինչ մանրամասնեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում IPTV-ն։
– Նախատեսվում է, որ Հայաստանում 2015-ից հեռուստատեսությունները պետք է լինեն թվային։ Սա առաջին թվային հեռուստատեսության մուտքն է Հայաստան, որը բազմաթիվ ֆունկցիոնալ հնարավորություններ է տալիս եւ ճկուն է կիրառման տեսանկյունից։ Ցանկացած բաժանորդ կարող է ունենալ իր անհատական մենյուն եւ իր համար որոշակի նշումներ կատարել։ IPTV-ն իր մեջ ներառում է բազմաթիվ ծառայություններ: Օրինակ, եթե որոշակի ժամի հեռուստատեսությամբ հաղորդում է հեռարձակվում, որը բաժանորդը ցանկանում է դիտել, սակայն տանը չէ, նա կարող է մենյուով նախապես հրահանգ տալ, որպեսզի այն ձայնագրվի եւ ցանկացած պահի դիտել այն։ Կամ բաժանորդը կարող է ցանկացած պահի դադարեցնել դիտումը՝ անցնելով, այսպես կոչվող, «Pausa» ռեժիմին, այնուհետեւ իրեն հարմար պահին շարունակել դիտել հաղորդումը: IPTV-ն ամբողջությամբ ինտերակտիվ է, ունի հեռախոսի հետ համակցվելու հնարավորություն։ Այս հեռուստատեսության միջոցով հնարավոր է նաեւ ինֆորմացիա փոխանակել։ Ասվածը IPTV-ի հնարավորությունների միայն մի չնչին մասն է:
– Գնային քաղաքականությունն ինչպիսի՞ն է լինելու։ Մատուցվող ծառայությունները մատչելի՞ են լինելու հայաստանցի սպառողին։
– Դրանք այսօր Հայաստանում մատուցվող համանման ծառայություններից թանկ չեն լինելու։ Օրինակ՝ IPTV ծառայության մասով սահմանվելու են այնպիսի սակագներ, որոնք կմրցակցեն հեռուստատեսային այլ ծառայություններ մատուցող ընկերությունների առաջարկներին։ Մենք ծրագրել ենք IPTV-ն առավելագույն չափով մատչելի դարձնել հասարակության միջին եւ ցածր եկամուտ ունեցող անդամներին։ Ինչ վերաբերում է ֆիքսված հեռախոսակապին, ապա նշեմ, որ այն միանշանակ ավելի մատչելի կլինի ներկայումս գործող սակագներից։ Իսկ ինտերնետային ծառայության մասին, նշեմ, որ հիմնական շեշտադրումն անելու ենք որակական չափանիշների բարձրացման վրա։ Այսինքն՝ գուցե սակագինը լինի նույնը, ինչ մյուսներն են առաջարկում, սակայն որակի մեծ տարբերությամբ։
– Մեր տարածաշրջանում կամ ԱՊՀ-ում IPTV ծառայություններ մատուցվո՞ւմ են։
– Մեր տեղեկություններով, տարածաշրջանում չեն մատուցվում IPTV ծառայություններ, սակայն ԱՊՀ-ում նմանատիպ ցանցեր գործում են։
– Ե՞րբ եք սկսելու մատուցել IPTV ծառայությունը։
– Հոկտեմբերին ծառայությունները կներկայացվեն հանրությանը։ Դրանց առաջին հանրային ցուցադրությունը տեղի կունենա «Digitec»-ում։ Սակայն սպառողի համար նշված ծառայությունները լիովին հասանելի կլինեն մինչեւ տարվա վերջ։
– Ի՞նչ խոչընդոտներ ունեք ՏՏ ոլորտում աշխատելիս։
– Ակնհայտ խնդիր ունենք՝ կապված բաժանորդների տեղեկացվածության հետ։ Մարդկանց պետք է տեղեկացնել՝ ինչ նոր տեխնոլոգիական լուծումներ կան աշխարհում, որոնք արդեն հասանելի են դարձել նաեւ Հայաստանում եւ որոնց միջոցով կարելի է ե՛ւ գումար խնայել, ե՛ւ ստանալ որակյալ ծառայություն։