Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՈՒԼԳԱՐ, ԿԻՍԱՀՆԴԿԱԿԱՆ ՈՒ ԳԱՎԱՌԱԿԱՆ

Սեպտեմբեր 11,2009 00:00

Քեշիշյանական «Սպանված աղավնին» ոչ բոլորին է դուր եկել

Նար-Դոսի «Սպանված աղավնին» վիպակի հիման վրա նկարահանած համանուն ֆիլմը, որի ռեժիսորն է «Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, պրեմիերայից հետո խիստ հակասական արձագանքների է արժանանում: Մեր համաքաղաքացիներից շատերն այն համոզմանն են, որ Նար-Դոսի ստեղծագործության մերօրյա էկրանավորումը անհաջող է եւ ժամանակավրեպ: Օրինակ՝ ՀՊՄՀ դասախոս Լ. Սարատիկյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ֆիլմը չի դիտել եւ չի էլ պատրաստվում, քանի որ, ըստ մեր զրուցակցի՝ «Այսօր սպանված աղավնիներ չկան, կան անմահ ագռավներ: Մարդիկ անոնսներից եզրակացրել են, որ էրոտիկա է լինելու, դրա համար էլ վազում են կինոթատրոն»: Ֆիլմը նկարահանվել է «Հ1»-ի եւ Ազգային կինոկենտրոնի համատեղ ջանքերով: Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից տեղեկացանք, որ իրենց (այսինքն՝ մշակույթի նախարարության) տրամադրած գումարը կազմել է 23 մլն դրամ: Մնում է զարմանալ, թե ինչո՞ւ պիտի մշակույթի նախարարությունը այդքան գումար տրամադրեր առանց այն էլ հարկատուներիս հաշվին ապրող «Հ1»-ին, որը Հանրայինի «կաստայի» դերասաններով դասական գործը ձեւախեղած եւ վուլգար հեռուստասերիալ է նկարել: Հերոսուհու՝ Սառայի կերպարում, բնականաբար, հանդես է գալիս «Հ1»-ի եթերում ու քեշիշյանական նախագծերում մշտապես «փայլատակող» Նազենի Հովհաննիսյանը, Գարեգին Սիսակյանի կերպարը փորձել էր մարմնավորել դերասան Տիգրան Ներսիսյանը, Ռուբեն Թուսյանի կերպարում Խորեն Լեւոնյանն էր… Խոստովանենք, որ թվարկվածների դերասանական խաղը ամենեւին էլ հաջողված չէր, նրանք չէին կարողացել «մտնել» կերպարների մեջ:

Սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանը որոշակի փոփոխություններ էր կատարել սցենարում, ինչի արդյունքում փոխվել էր գերխնդիրը: Հենց առաջին կադրից ողբ էր հորդում, նպատակն էլ՝ վրեժն ու հատուցումն էր, ինչը ռեժիսորը փորձել էր «ապահովել» բազմաթիվ ձգձգվող տեսարաններով: Շատ էր չպատճառաբանված ու անհարկի էրոտիզմը, հերոսները սեքսի մասին էին մտածում անգամ օպերայի դահլիճում, մի անգամ էլ նույնիսկ չհամբերեցին, ներկայացման կեսից դուրս եկան, որ սեքսով զբաղվեն… «Բաց» տեսարանները խանդավառությամբ «վայելում» էին հատկապես հանդիսատեսի 70-80 տոկոսը կազմող երեխաները: Մի ուրիշ տեսարանում էլ, սեքսից ու հերթական «վայելքն» ապրելուց հետո, Թուսյան-Լեւոնյանը կտրում է իր երակները, ինչը մանրամասնորեն պատկերված է ֆիլմում: Բավականին երկար էր Սառայի՝ երեխային խեղդելու զազրելի տեսարանը, ինչը խեղճ Նար-Դոսի մոտ մի քանի բառով է հիշատակվում:

«Սպանված աղավնիում» մի շարք կիքսեր կային. Նազենիի հերոսուհին նախօրոք ականջներին կրում էր այն օղերը, որոնք հետագայում պիտի նվեր ստանար ամուսնուց: Դերասանները վատ էին խոսում թիֆլիսյան բարբառով եւ այլն:

Ֆիլմից հետո փոքրիկ հարցախույզ անցկացրինք հանդիսատեսի շրջանում: Ոմանք անկեղծորեն հուզված էին ու չէին ցանկանում արտահայտվել: Շատերը դժգոհ էին Գարեգինի կերպարում Տիգրան Ներսիսյանի ընտրությունից եւ Նազենիին ամենեւին չէին տեսնում Սառայի կերպարում:

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Գոհար Ղազարյանը նեղված էր, իր խոսքով, մեր հոգեբանությանը խորթ «բաց» տեսարաններից: Անգլերենի դասախոս Ռուզաննա Սարուխանյանի կարծիքով. «Ֆիլմը վուլգար էր, կիսահնդկական, գավառական, երկարատեւ, բոլորովին պետք չէր հետույքը մի քանի անգամ մերկացնել, որ պարզ դառնար, թե ինտիմ բան է եղել: Սցենարում փոփոխություններ էին արել, իբր ուզել էին ժամանակակից դարձնել, բայց չէր ստացվել: Պատմությունը առաջին հերթին պետք է մնար այնպիսին, ինչպես Նար-Դոսն էր ներկայացրել, որը կարդալով՝ ամեն մեկս ունենում է իր անհատական վերաբերմունքը»: Հայագիտության ամբիոնի վարիչ Սերգեյ Խլղաթյանը, համաձայնելով տիկին Սարուխանյանի հետ, հավելեց. «Ռուբենը 3 ժամ անընդհատ գոռգոռում էր, ի՞նչ էր ուզում ասել՝ այդպես էլ չհասկացա: Լավ կլինի, որ Խորիկը (Լեւոնյան- Լ. Խ.) իր պապիկին քիչ կրկնօրինակի»: Իրանից ժամանած 30-ամյա Դանին ֆիլմը հավանել էր, թեեւ կարծում էր, որ դերասանական խաղի իմաստով մակարդակը թույլ էր: Ուսուցչուհի Սուսաննա Բուռնազյանը դժգոհ էր միայն Տիգրան Ներսիսյանից. «Իր դերում չէր, Գարեգինի կերպարը իրեն չէր սազում»: Մասնագիտությամբ ռեժիսոր Անի Բաղդասարյանը հիասթափված էր ֆիլմից, գոհ էր Արթուր Կարապետյանի ու Խորեն Լեւոնյանի խաղից, իսկ Տիգրան Ներսիսյանը, նրա խոսքերով՝ «խաղում էր այնպես, ինչպես Սունդուկյանի թատրոնի իր՝ Ռոսկոլնիկովի ու Թեհլերյանի դերերում: Տիգրանի ու շատերի մոտ կերպարային առանձնահատկություն չկար»: Զրուցակիցս այն կարծիքին է, որ Նազենին չէր կարող լինել Նար-Դոսի Սառայի կերպարում, որովհետեւ չէր երեւում աղջկական մաքրությունը. «Նազենին չէր կարող սխալված լինել: Ինքը 21-րդ դարի շատ երիտասարդներին նման է. ասում են սեր, հասկանում՝ այլ բան…»: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը գոհ էր ֆիլմից՝ որոշ վերապահումներով: Նա եւս կարծում է, որ Նազենիի փոխարեն պետք է 15-ամյա աղջնակ խաղար՝ այդպես ավելի բնական ու համոզիչ կլիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել