Իտալիայի Ֆերմո քաղաքում ավարտվեց Եվրոպայի պատանեկան 19-րդ անհատական առաջնությունը, որին տղաների եւ աղջիկների հնգական տարիքային խմբերում (10, 12, 14, 16, 18) պայքարի մեջ ներգրավվել էին հարյուրավոր շախմատիստներ:
Հայաստանից գերազանց հանդես եկավ տղաների ավագ՝ 18 տարեկանների խմբում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը: Նա իսպանացի Դավիթ Ռեկուերո Գուերայի հետ միասին ինը հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Իտալիայում մեր մյուս տղաները նույնպես աչքի ընկան բավականին հասուն խաղով՝ ցույց տալով, որ Հայաստանում տաղանդավոր եւ հուսալի հերթափոխ է աճում: Ճիշտ է, նրանք մեդալների չարժանացան, սակայն իրենց տարիքային խմբերի մրցաշարային աղյուսակներում տեղեր զբաղեցրին լավագույն տասնյակներում՝ հաղթողներին եւ մրցանակակիրներին զիջելով միավորների չնչին տարբերությամբ: Օրինակ, 10 տարեկաններ Միքայել Մկրտչյանը եւ Արման Պետրոսյանը 6,5-ական միավորով պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 5-րդ եւ 7-րդ հորիզոնականներում՝ հաղթողից ետ մնալով ընդամենը կես քայլ: Տասնյակում են նաեւ 16 տարեկաններ Վահե Բաղդասարյանը՝ 4-րդ տեղ, եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը: