Չինաստանում շարունակվող շախմատի աշխարհի կանանց թիմային երկրորդ առաջնությունում մեր աղջիկները շարունակում են վերելքը:
Երեկ Չինաստան-’2’’-’Հայաստան հակամարտությունում հայ շախմատիստուհիները կրկին մրցակցի նկատմամբ առավելության հասան 2,5:1,5 հաշվով: Այս հաղթանակը ոչ միայն մարզական, այլեւ թիմային պայքարի ոգու դրսեւորման հետեւանք է: Էլինա Դանիելյանն առաջինն ավարտեց պայքարը՝ մեկ միավոր տանուլ տալով մրցակցին: Հետեւաբար, դա կարող էր բացասաբար անդրադառնալ նրա թիմակիցների վրա: Սակայն կատարվեց հակառակը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը դրա համար պատժեցին իրենց մրցակիցներին, իսկ Նելլի Աղինյանը թեեւ ոչ-ոքի խաղաց, բայց նրա վաստակած կես միավորը մեր ընտրանուն հաղթանակ ապահովեց:
Վերջին տուրից առաջ մարզիչ Արսեն Եղիազարյանի սանուհիները բարձրացան չորրորդ հորիզոնական՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Լեհաստանի հետ հավասար 10 միավորով: Այսօր վերջին տուրում մեր հավաքականն ուժերը չափում է ուկրաինուհիների հետ: