Երեկ Հայաստանի գրողների միությունն իր հարկի տակ էր համախբել ռուս եւ հայ երիտասարդ գրողների. առիթը 2009 թվականին ԱՊՀ երկրների շրջանակներում հայտարարված երիտասարդության տարվան նվիրված սեպտեմբերի 9-15-ը Երեւանում մեկնարկած «Ռուսական խոսքի օրերն» են: «Արդեն 3-րդ տարին Հայաստանում կազմակերպվում են «Ռուսական գրի եւ խոսքի օրերը»: Դրանք լավ առիթ են նոր շնչառություն տալու հայ-ռուսական դարավոր գրական կապին: Այս հանդիպումները ոչ թե ձեւական բնույթ ունեն, ոչ թե բարեկամությունը վիրտուալ դաշտում է, այլ ամեն ինչ արվում է, որ մտավորական գրական շրջանակներում մեր երկու ժողովուրդների բարեկամությունը ստանա որոշակի կոնկրետ դրսեւորում»,- ասաց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Ի դեպ՝ Ռուսաստանի պատվիրակությունը մեծ կազմով է ներկայացել Հայաստանում «Ռուսական խոսքի օրերին»՝ գրողներ, քաղաքագետներ, ժամանակակից երգիչներ, թատերական խումբ:
Ռուսաստանում Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ, Ռուսաստանի ժուռնալիստների եւ գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովի խոսքով, «Հայաստանում ռուսական խոսքի օրեր» միջոցառումը համարվում է տարածաշրջանի ամենամեծ եւ ամենամասշտաբային միջոցառումը: Այս իրադարձությունը սիրված եւ սպասելի է եւ հայ, եւ ռուս ստեղծագործողների կողմից: Ուրախալի է, որ երիտասարդ ստեղծագործողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նմանատիպ միջոցառումներում եւ ցանկություն ունեն հարեւան երկրների իրենց կոլեգաների հետ շփվելու»: