Լրահոս
Օրվա լրահոսը

«4000 տարի ի վեր Անատոլու կբնակիմ»

Սեպտեմբեր 11,2009 00:00

\"\"Կես կատակ-կես լուրջ ասում է պոլսահայ լրագրող, բանաստեղծուհի Վերջիհան Զիֆլիօղլուն

«Առավոտը» սեպտեմբերի 9-ի «Հայ-թուրքական պոետիկ շփումներ» լուրում տեղեկացրել էր, որ շուրջ մեկ ամիս է, ինչ Հայաստանում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի թղթակից՝ հայազգի Վերջիհան Զիֆլիօղլուն: Նա պատմել էր, որ ինքը եւ հրապարակագիր, թարգմանիչ, բանաստեղծ Արթուր Անդրանիկյանը հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել: Անցյալ շաբաթվանից մեկնարկել է մի ծրագիր, ըստ որի՝ դասական թուրքական բանաստեղծությունը առաջին անգամ հայերեն է թարգմանվելու, հայ պոեզիան էլ՝ թուրքերեն: Լրագրողն անձամբ գնացել է Թուրքիայի մշակույթի նախարարի մոտ եւ ներկայացնելով ծրագիրը՝ ստացել հավանություն: Այժմ հայաստանցի թուրքագետներն արդեն գործի են անցել՝ Թուրքիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Վերջիհանն ասաց, որ վերջապես 20 հեղինակների որակյալ ու բնագրին հարազատ թարգմանություն կմատուցվի հայ ընթերցողին, որովհետեւ նախկինում հիմնականում ռուսերենից էին թարգմանություններն արվում: Նա նաեւ տեղեկացրեց, որ նախագծի հաջորդ քայլն էլ հայ գրականությունը թուրքերենի փոխանցելն է՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Հետաքրքրվեցինք, թե հատկապես ո՞ր թուրք բանաստեղծներն են հայերեն թարգմանվելու: Վերջիհանն ասաց, որ դրանք իրենց հայրենիքում մեծ անուններ են ու 20-րդ դարի լավագույն թուրք բանաստեղծները: Լրագրողը նաեւ կարծիք հայտնեց, թե թուրքական ու պոլսահայ պոեզիան մի շարք առնչություններ ունեն. «Տակավին պոլսահայությունը եւ թուրք համայնքը իրար հետ շփվել են պատմականորեն եւ ազդվել միմյանցից»: Իբրեւ հետաքրքիր հեղինակների էլ, մեր զրուցակիցն առանձնացրեց Օրհան Մելիեին, Նազըմ Հիքմեթին, Օրհան Վելի Քանըկին: Վերջինս, ըստ մեր զրուցակցի, մոդեռն բանաստեղծ է եւ հատուկ նրա մասին 300 էջանոց գիրք է պատրաստվելու:

Վերջիհանն ասաց, որ սիրով է արձակուրդն անցկացնում Հայաստանում եւ սա իր 7-րդ այցելությունն է: Նա ոգեւորված է հայ-թուրքական սահմանի բացման մասին քննարկումներով ու հույս ունի դրական զարգացումների:

Նշենք, որ աղջիկը աշակերտել է պոլսահայ բանաստեղծ եւ խմբագիր Զահրատին, ում եւ պարտական է իր գեղեցիկ հայերենի համար: Վերջիհանը ինքն էլ ստեղծագործում է, բանաստեղծությունների 3 ժողովածու ունի տպագրած, որոնք թարգմանվել են անգլերեն, վրացերեն եւ արաբերեն, բանաստեղծություններն էլ տեղ են գտել միջազգային մի քանի անթոլոգիաներում: Նա ցավով փաստեց, որ ինքը վերջին անունն է պոլսահայության մեջ, որը հայերեն է ստեղծագործում:

Իբրեւ լրագրող էլ Վերջիհանը հաջողությունների է հասել, չնայած երիտասարդ տարիքին: 2008-ին Շվեդիայում միջազգային լրագրողական մրցույթում, որին 86 երկիր էր մասնակցում, նա արժանացել է Շվեդիայի ակադեմիայի գլխավոր մրցանակին, իսկ 2009-ին մշակութային երկխոսության թեմայով նրա ռեպորտաժը՝ Հայաստանի եւ Թուրքիայի մասին Շվեդիայում էլի լավագույնն է ճանաչվել:

Վերջիհանն ասում է, որ ինքը որպես լրագրող միշտ փորձել է հասկանալ, թե ինչ է եղել անցյալում: Նա ցանկանում է, որ հայ-թուրքական երկխոսությունը կայանա, որովհետեւ, լրագրողի խոսքով՝ ի վերջո քաղաքակիրթ շարժումները զորավոր են: Վերջերս մեկը Վերջիհանին Թուրքիայում հարցրել է՝ ի՞նչ ազգից ես, կես կատակ-կես լուրջ պատասխանել է. «4000 տարի ի վեր Անատոլու կբնակիմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել